Գրքեր

Հուդիթ 15:8-16:4

8Իսրայէլացիները կոտորածից վերադարձան եւ սկսեցին հաւաքել սպանուածների կողոպուտը։ Լեռնակողմի ու դաշտակողմի գիւղերի ու ագարակների բնակիչներն էլ եկան հաւաքեցին աւարի մնացորդները։ 9Յովակիմ մեծ քահանան ու իսրայէլացիների ծերակոյտը, որ բնակւում էին Երուսաղէմում, եկան տեսնելու այն բարիքը, որ Տէր Աստուած արեց Իսրայէլին, տեսնելու նաեւ Յուդիթին եւ ողջունելու նրան։ 10Եւ երբ ներս մտնելով տեսան նրան՝ բոլորը միաբերան օրհնեցին նրան ու ասացին. «Դու Երուսաղէմի հպարտութիւնն ես, դու Իսրայէլի ցնծութիւնն ես, դու մեր ազգի պարծանքն ես, 11որովհետեւ քո ձեռքով արեցիր այս ամբողջ բարիքն Իսրայէլին, եւ Աստուած հաւանեց դրանք. յաւիտենապէս օրհնեալ լինես դու Ամենակալ Աստծուց»։ 12Եւ ամբողջ ժողովուրդն ասաց. «Թող այդպէս լինի»։ 13Երեսուն օր ժողովուրդը կրում էր բանակի աւարը։ Յուդիթին տուեցին Հողոփեռնէսի վրանը եւ վրանի ամբողջ արծաթն ու կահոյքը, նրա ամբողջ ոսկէ ու արծաթէ սպասքը։ Նա վերցնելով այդ՝ բարձեց իր սայլի, իր գրաստների վրայ եւ քաղաք բերեց։ 14Նրա մօտ եկան իսրայէլացիների բոլոր կանայք՝ նրան տեսնելու. նրանք օրհնեցին նրան եւ նրա համար նուագում էին ու պարելով երգում։ Յուդիթը վերցնելով արմաւենու ոստեր ձիթենու ծաղիկների հետ՝ տալիս էր նրանց։ 15Ուրիշ կանայք եւս յայտնի վայրերից խմբերով գալիս էին գովելու նրան։ Բոլոր իսրայէլացիները զարդարուած գնում էին նրանց յետեւից՝ իրենց գլուխներին դրած տեսակ-տեսակ պսակներ. նրանց բոլորի բերանում օրհնութիւն կար՝ Աստծուն փառաբանելու համար։ 
16 Յուդիթն սկսեց երգել այս երգը, եւ ամբողջ Իսրայէլը ձայնակցում էր նրան։ Յուդիթն այսպէս էր ասում. 2«Երգեցէ՛ք Տիրոջ համար թմբուկներով, օրհնեցէ՛ք նրան ծնծղաներով, երգեր եւ օրհնութիւններ ուղղեցէ՛ք նրան։ Փառաբանեցէ՛ք նրան եւ կանչեցէ՛ք նրա անունը,3որովհետեւ Աստուած Տէր է եւ խորտակում է պատերազմները, 4նա իր բանակներն է դնում ժողովուրդների մէջ.նա՛ ինձ փրկեց իմ հալածիչների ձեռքից։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․