5 Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսեցիների հետ՝ օգտագործելով ժամանակը: 6 Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէ՛ս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին:
7 Իսկ ինչ վերաբերում է ինձ, այդ բոլորի մասին ձեզ կը պատմի Տիւքիկոսը՝ սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ իմ ծառայակիցը ի Տէր. 8 նրան ձեզ մօտ ուղարկեցի այդ բանի համար, որպէսզի իմանաք մեր մասին, եւ նա մխիթարի ձեր սրտերը. 9 նրան ուղարկեցի հաւատարիմ եւ սիրելի եղբօր՝ Օնեսիմոսի հետ միասին, որ ձեզնից է: Նրանք ձեզ կը պատմեն ամէն բան, որ կատարւում է այստեղ:
10 Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպէս նաեւ Բառնաբասի եղբօրորդի Մարկոսը (որի մասին հրահանգ ունէք, որ, եթէ ձեզ մօտ գայ, ընդունէք նրան). 11 ողջունում է նաեւ Յիսուսը՝ Յուստոս կոչուածը. սրանք թլփատուածներից են. սրա՛նք միայն գործակից եղան ինձ Աստծու արքայութեան համար եւ նոյնիսկ մխիթարութիւն եղան ինձ համար: 12 Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեզնից մէկը. Քրիստոս Յիսուսի այս ծառան միշտ տքնաջան աղօթում է ձեզ համար, որպէսզի մնաք կատարեալ եւ գործադրէք Աստծու կամքը ամէն բանի մէջ: 13 Վկայում եմ նրա մասին, որ շատ հոգածութիւն ունի ձեր եւ լաւոդիկեցիների համար եւ բոլոր նրանց համար, որ Երապոսլում են: 14 Ողջունում է ձեզ Ղուկասը՝ բժիշկը եւ սիրելին, ինչպէս նաեւ Դեմասը: 15 Ողջունեցէ՛ք այն եղբայրներին, որ գտնւում են Լաւոդիկիայում. եւ Նիմփային ու նրա տնական եկեղեցուն: 16 Եւ երբ այս թուղթն ընթերցուի ձեզ մօտ, այնպէս արէք, որ լաւոդիկեցիների եկեղեցում էլ ընթերցուի. եւ լաւոդիկեցիներին ուղարկուած թուղթն էլ դո՛ւք ընթերցեցէք: 17 Եւ ասացէ՛ք Արքիպպոսին. «Զգո՛յշ եղիր այն սպասաւորութեան համար, որ ընդունեցիր Տիրոջով, որպէսզի այն կատարես»: 18 Այս ողջոյնը իմ՝ Պօղոսիս ձեռքով է: Իմ կապանքները պահեցէ՛ք ձեր մտքում: Շնո՜րհ՝ ձեզ հետ: