Գրքեր

Ավետ. ըստ Ղուկասի 11:14-32

14Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից։ 15Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում։ 16Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»։ 17Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները։ 18Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։19Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է։ 20Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի։ 21Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»։ 22«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»։ 23Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած։ 24Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»։ 25Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»։ 26Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»։ 27Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 28որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար։ 29Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ։ 30Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»։ 31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ 32Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․