Գրքեր

Ավ. ըստ Հովհաննեսի 8:31-59

31Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ 32Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»։ 33Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»։ 34Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է։ 35Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է։ 36Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք։ 37Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ։ 38Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»։ 39Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»։ Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կը գործէիք։ 40Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց. 41դուք ձեր հօր գործերն էք անում»։ Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»։ 42Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ։ 43Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել։ 44Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար։ Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր։ 45Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում։ 46Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում։ 47Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»։ 48Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»։ 49Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ։ 50Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է եւ դատում։51Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»։ 52Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ։ Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի։ 53Միթէ դու աւելի մե՞ծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»։ 54Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին դուք ասում էք, թէ՝ մեր Աստուածն է.55ու չէք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ։ 56Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»։ 57Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»։ 58Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»։ 59Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․