Գրքեր

Գործք 19:21-40

21Եւ երբ այս բաները կատարուեցին, Պօղոսը մտադրուեց շրջել Մակեդոնիայում եւ Աքայիայում ու ապա գալ Երուսաղէմ։ Ասում էր. «Իմ այնտեղ գնալուց յետոյ պէտք է, որ ես Հռոմն էլ տեսնեմ»։ 22Իր պաշտօնեաներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։ 23Այդ ժամանակ Տիրոջ ճանապարհի մասին բաւական մեծ խռովութիւն առաջ եկաւ։ 24Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհեանի արծաթէ մանրաքանդակներն էր պատրաստում եւ վարպետներին ոչ քիչ շահ էր բերում։ 25Ժողովելով նրանց եւ նոյն արուեստի մասնագէտներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ մեր շահը այս գործից է, 26եւ տեսնում էք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլեւ գրեթէ ամբողջ Ասիայի նահանգից այս Պօղոսը բազում ժողովուրդ համոզելով, դարձի է բերել՝ ասելով, թէ դրանք, որ ձեռքով են շինուած, աստուածներ չեն։ 27Եւ սրա վտանգն է ոչ միայն այն, որ մեր կողմը պիտի արհամարհուի, այլ նաեւ այն, որ Արտեմիս մեծ դիցուհու մեհեանը ոչինչ պիտի համարուի, այն աստիճան, որ պիտի քանդուի նաեւ մեծութիւնը նրա, որին ամբողջ Ասիան եւ աշխարհն է պաշտում»։ 28Երբ այս լսեցին, լցուեցին բարկութեամբ. աղաղակում էին ու ասում. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ 29Քաղաքը լցուեց խռովութեամբ. բոլորը միասին դիմեցին դէպի թատրոն, քարշ տալով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պօղոսի ուղեկիցներին։ 30Բայց երբ Պօղոսն ուզեց մտնել ամբոխի մէջ, աշակերտները նրան չթողեցին։ 31Ասիացի պետերից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մօտ մարդ ուղարկեցին եւ աղաչեցին, որ թատրոնում չերեւայ։ 32Իսկ ուրիշներ էլ այլ բան էին աղաղակում, քանի որ նրանց ժողովը խառնաշփոթութեան մէջ էր. եւ նրանցից շատերը չէին իմանում, թէ ինչի համար են հաւաքուել։ 33Ապա ամբոխից ոմանք բազմութեան միջից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին. եւ երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը եւ ուզում էր պատասխանել ամբոխին։ 34Երբ իմացան, որ մարդը հրեայ է, բոլորը միաձայն մօտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»։35Քաղաքի գլխաւոր քարտուղարը լռեցրեց ամբոխին ու ասաց. «Ո՛վ եփեսացիներ, իսկ ո՞վ է մարդկանցից նա, որ չգիտէ մեծ Արտեմիս դիցուհու եւ Դիոպետէոսի՝ եփեսացիների մեհենազարդ այս քաղաքը։ 36Եւ որովհետեւ այդ անշուշտ այդպէս է, դուք պէտք է հանդարտուէք եւ յանդգնութեամբ ոչինչ չանէք։ 37Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհեան կողոպտողներ են եւ ո՛չ էլ՝ մեր դիցուհուն հայհոյողներ։ 38Իսկ եթէ Դեմետրիոսը եւ նրա հետ եղող վարպետները մէկի դէմ որեւէ բան ունեն, ատեան թող գնան. դատաւորներ կան, թող նրանց առաջ ամբաստանութիւն անեն։39Բայց եթէ մի այլ բանի մասին խնդիր կայ, թող օրինաւոր ժողովում դա վճռուի. 40որովհետեւ մեզ համար էլ վտանգ կայ, որ մեղադրուենք այսօրուայ այս կռուի պատճառով, որ տեղի ունեցաւ առանց որեւէ յանցանքի առկայութեան, եւ դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս հաւաքոյթի համար»։ Եւ այս ասելով՝ ժողովն արձակեց։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․