Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 20:27-21:4

27Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին. 28«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»։ 29Արդ, եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ։ 30Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ։ 31Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ... Եւ ժառանգներ չթողեցին։ 32Մեռաւ եւ կինը։ 33Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կը լինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»։ 34Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում. 35իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում,36քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ, քանի որ յարութեան որդիներ են։ 37Իսկ թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»։ 38Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»։ 39Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»։ 40Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել։ 41Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի որդին է. 42քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում,43մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ»։ 44Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 45Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46«Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները։ Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»։ 
21 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում։ 2Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ։ 3Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը։ 4Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․