Գրքեր

Գործք 25:23-26:32

23Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կը կամենայի այդ մարդուն լսել»։ Փեստոսն ասաց. «Վաղը կը լսես»։ 24Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեան մտան, Փեստոսը հրամայեց, որ Պօղոսին բերեն։ 25Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքայ եւ բոլոր մարդիկդ, որ մեզ հետ էք, սրան տեսնում էք. հրեաների ամբողջ ժողովուրդը թէ՛ Երուսաղէմում եւ թէ՛ այստեղ սրա մասին ամբաստանութիւն էին անում ինձ մօտ եւ աղաղակում, թէ՝ չպէտք է կենդանի մնայ։ 26Բայց ես վերահասու եղայ, թէ դա մահուան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ բողոքած լինելով մարդկանցից Գերազանցին՝ խորհեցի, որ ուղարկեմ նրան։ 27Դրա մասին իմ տիրոջը՝ կայսրին ստոյգ բան չունեմ գրելու. այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի եւ, մանաւանդ, քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքայ, որպէսզի վերստին քննութիւն կատարելով՝ կարողանամ մի բան գրել, 28քանի որ ինձ անպատեհ բան է թւում ուղարկել մի բանտարկեալի եւ նրա մասին որեւէ յանցանք չնշել»։ 
26 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քեզ թոյլատրուած է, որ քո մասին խօսես»։ Այն ժամանակ Պօղոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց. 2«Հրեաների՝ իմ մասին արած բոլոր ամբաստանութիւնների համար, Ագրիպպա՛ս արքայ, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու,3մանաւանդ նրա համար, որ գիտակ էլ ես հրեաների բոլոր կրօնական սովորութիւններին եւ խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերութեամբ ինձ լսես։ 4Բոլոր հրեաները տեղեակ են իմ կեանքին իմ մանկութիւնից ի վեր, որը հէնց սկզբից անցել է Երուսաղէմում իմ ազգի մէջ։ 5Նրանք վաղուց գիտեն, եթէ կամենան վկայել, որ ես որպէս փարիսեցի ապրել եմ մեր կրօնական խստագոյն օրէնքների համաձայն։ 6Եւ այժմ դատւում եմ, կանգնած ատեանի առաջ, Աստծուց մեր հայրերին տրուած խոստումի յոյսի համար։ 7Ջերմեռանդութեամբ գիշեր ու ցերեկ պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը յուսացել են դրան հասնել։ Այդ յոյսի՛ համար, ո՛վ արքայ, ես էլ ամբաստանւում եմ հրեաների կողմից։ 8Ձեզ ինչո՞ւ է անհաւատալի թւում, որ Աստուած մեռելներին յարութիւն կը տայ։ 9Ես ինքս էլ պատշաճ էի համարում շատ բան Նազովրեցի Յիսուսի անուանը հակառակ գործել, 10ինչ որ արեցի իսկ Երուսաղէմում. քահանայապետներից իշխանութիւն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի եւ նրանցից սպանուելու ենթակայ եղողների համար հաւանութիւն էի տալիս։11Եւ բոլոր ժողովարաններում շատ անգամ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեն։ Առաւել եւս մոլեգնելով նրանց դէմ՝ հալածում էի նրանց մինչեւ օտար քաղաքներ»։ 12«Ըստ այսմ, երբ քահանայապետների իշխանութեամբ եւ հրամանով Դամասկոս էի գնում, 13կէսօրին, ճանապարհին, ո՛վ արքայ, տեսայ, որ երկնքից արեգակի լուսաւորութիւնից առաւել ուժեղ մի լոյս փայլատակեց իմ շուրջը եւ նրանց շուրջը, որ ինձ հետ էին գնում։ 14Եւ երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայերէն լեզուով. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար խիստ դժուար է խթանի դէմ աքացել»։ 15Եւ ես ասացի. «Ո՞վ ես, Տէ՛ր»։ Տէրն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. 16վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրայ. ես քեզ երեւացի նրա համար, որ քեզ նշանակեմ պաշտօնեայ եւ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար եւ այն բաների համար, որոնցով պիտի երեւամ քեզ. 17ես քեզ կը փրկեմ ժողովրդիցդ եւ հեթանոսներից, որոնց մէջ քեզ կ՚ուղարկեմ, 18որպէսզի բանաս նրանց աչքերը, նրանց դարձնես խաւարից դէպի լոյս եւ սատանայի իշխանութիւնից՝ դէպի Աստուած, որպէսզի նրանք մեղքերի թողութիւն ստանան եւ սրբերի հետ ժառանգութեան բաժին՝ իմ հանդէպ ունեցած հաւատով»։19Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքայ, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնուեցի, 20այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղէմում եւ Հրէաստանի բոլոր գաւառներում, ապա նաեւ հեթանոսներին քարոզեցի, որ զղջան եւ դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարութեան արժանի գործեր անեն։ 21Դրա համար հրեաները, տաճարում ինձ բռնելով, փորձեցին սպանել։22Սակայն Աստծուց օգնութիւն հասաւ, եւ ես մինչեւ այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին եւ մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարէներն ու Մովսէսն են խօսել լինելիք դէպքերի մասին. 23թէ՝ Քրիստոս չարչարուելու է. թէ՝ մեռելներից առաջին յարութիւն առնողը լոյս է աւետարանելու ժողովրդին եւ հեթանոսներին»։ 24Երբ նա այս պատասխանը տուեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորւում ես, Պօղո՛ս, քո մեծ հմտութիւնը քեզ խելացնորութեան է տանում»։ 25Իսկ Պօղոսն ասաց. «Չեմ ցնորւում, ո՛վ Գերազանցդ Փեստոս, այլ զգաստութեան եւ ճշմարտութեան խօսքեր եմ արտասանում. 26արքան այս բաներին գիտակ իսկ է, դրա համար համարձակ եմ խօսում, քանի որ յանձն չեմ առնում այս բոլորից որեւէ բան քեզնից ծածկել, որովհետեւ մի որեւէ խուլ անկիւնում չէ, որ այս բանը գործուած է։ 27Ագրիպպա՛ս արքայ, մարգարէներին հաւատո՞ւմ ես. գիտեմ, որ հաւատում ես»։ 28Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ»։ 29Եւ Պօղոսն ասաց. «Կը խնդրէի Աստծուն, որ, վաղ թէ ուշ, ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։ 30Արքան ոտքի ելաւ, ինչպէս եւ կուսակալը, Բերենիկէն եւ բոլոր նրանք, որ նրանց հետ նստել էին։ 31Եւ մինչ գնում էին, իրար հետ խօսում էին ու ասում. «Մահուան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։ 32Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթէ կայսրին բողոքած չլինէր»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․