Գրքեր
23 Հունիս, Գշ Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օր

Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ VII-VI դարերի: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, որ դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարեւոր պաշտոն ստացել:  Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն  ամբաստանությունից փրկելով և հետո էլ Նաբուքոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածներ պաշտելու մեջ և պահանջում  թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ, սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետեւ ինքն ուղիղ է սրտով եւ որեւէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Նաբուքոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից եւ փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ: Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում եւ Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուքոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը եւ Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցի մեջ: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուքոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց,  օրհնում եւ երկրպագում Աստծուն: Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որով Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր հայցվածներին` իր զորավոր Աջով օգնական եւ պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»:

http://www.qahana.am
 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․