30 Նոյեմբեր, Շբ
14 Հունվար, Շբ Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոն
Ավետարաններում, Հիսուս Քրիստոսից հետո հաջորդ մեծագույն անձը և Նոր Կտակարանների առաջին գլուխների գլխավոր կերպարը: Հովհաննեսը «Աստծո թագավորության», այսինքն՝ Քրիստոնեական դարաշրջանի պաշտոնապես բացողը եղավ:
Ինչպես հայտնի է, խոստումի զավակ էր և նրա ծնունդը հրաշալի պայմաններում եղավ: Իր ապագա դերը հանգամանորեն ներկայացվում է հրեշտակի կողմից իր հորը տված ավետիսում:
«Որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի և մոր որովայնից սկսած սուրբ հոգով կլցվի և Իսրայելի որդիներից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը: Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Նրա առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»: (Ղուկ. 1:15-17): Հովհաննեսի մանկությունը և պատանեկությունն անցավ մարդկանցից հեռու՝ մենակության մեջ, Աստծո ներկայության և շնորհների հովանու ներքո:
Նա որպես քարոզիչ հանդես եկավ երեսուն տարեկան հասակում՝ Հռոմի «Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում» (Ղուկ. 3:1): Քարոզչության վայրը Հորդանանի հովիտն էր: Ավետարաններում Հովհաննեսը նույնացվում է Եսայի մարգարեի կողմից մարգարեացված «Անապատի մեջ կանչողի ձայն»-ի հետ, որը ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցեք Նրա շավիղները: Բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները թող խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ» (Ղուկ 3:5):
Հովհաննեսի քարոզչությունը իր զգեստի և կերակուրի, իր հոգու և կյանքի պես պարզ ու ժուժկալ էր: Կարելի է խտացնել երկու բառերի մեջ՝ ապաշխարանք և արդարություն:
«Ապաշխարեցե՛ք որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Այսուհետև ապաշխարության արժանի պտուղներ տվեք… Բայց ահավասիկ կացինը ծառի արմատի վրա է. Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում» (Ղուկ. 3:8-9, Մտթ. 3:2):
և ավելացնում է.
«Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի նույն ձևով թող վարվի» (Ղուկ. 3:11-14)
Տեսնելով Հովհաննեսի ուժեղ ու անվախ քարոզչությունը և մեծ հեղինակությունը, ոմանք հարցնում էին՝ Արդյո՞ք սա է Մեսիան: Հովհաննեսը ասում էր՝ ոչ. « Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մտթ. 3:11)
Հովհաննեսի գործունեության կիզակետը Հիսուսին մկրտելը և Նրան իբրև խոստացված Մեսիա հայտարարելն էր: Երբ տեսավ, որ Հիսուսը, նույնպես, բոլորի նման բազմությանը խառնված մկրտության էր գալիս, իր մարգարեական հոգով ճանաչեց Նրան և ցանկացավ արգելել ասելով. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ինձ մոտ ես գալի՞ս» (Մտթ. 3:14): Հիսուսի պնդելուց հետո զիջեց և մկրտեց հայտարարելով. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքերը» (Հովհ. 1:36). և ավելացրեց, որ մարդկանց փոխարեն զոհվելով քավություն պիտի տա նրանց մեղքերին ու շարունակեց. «Սա է Նա, Որի մասին ես ասում էի՝ իմ հետևից գալիս է Մեկը… Տեսա Հոգին, որ իջնում էր երկնքից որպես աղավնի և հանգչում Նրա վրա: Եվ ես չէի ճանաչում Նրան. սակայն Նա Ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. «Ում վրա, որ տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» և ես տեսա և վկայեցի, թե Սա՛ է Աստծո Որդին» (Հովհ. 1:30-34):
Հիսուսին մկրտելուց և Նրան իբրև խոստացված Մեսիա հայտարարելուց հետո Հովհաննեսի առաքելությունը վերջացած էր այլևս: Արդարև, այս իրադարձություններից հետո Հերովդես թագավորը, իր եղբոր կնոջը հափշտակելու պատճառով իրեն հանդիմանելու համար, նախ բանտարկում է Հովհաննեսին և մի քիչ անց, ծանոթ եղերական պայմաններում, գլխատել տալիս նրան:
Քրիստոսը Հովհաննեսի մասին մեծ կարծիք ուներ. մի առիթով նրան բնութագրեց. «Առավել քան մի մարգարե». և նրան նմանեցրեց Մաղաքիա մարգարեի գրքի վերջին համարներում նախանշված Աստծո պագամավորի հետ և ավելացրեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել. Բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է… Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննես: Եվ եթե ուզում եք ընդունել Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու էր» (Մտթ. 11:11-14):
Հովհաննեսը ուներ աշակերտներ, ինչպես այն ժամանակվա բոլոր մեծ ռաբբիները և քարոզիչները:
Հովհաննեսի մասին հիշատակում է նրա ժամանակակից Հովսեփոս հրեա պատմիչը, որը վկայում է նրա Հերովդեսի կողմից է սպանված լինելը:
Մեր եկեղեցում Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբն է Հովհաննեսը: Նա սերտորեն կապված է մեր եկեղեցու և պատմության հետ: Հայաստանի ամբողջական դարձի օրերին, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից ձեռնադրված վերադառնում է, ապա իր հետ բերում է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որոնք զետեղում է Մուշ քաղաքի մոտակայքում՝ հայոց հողի վրա հաստատված առաջին հայտնի աղոթատեղիներից մեկում, որտեղ հետագայում կառուցվում է «Ս. Կարապետ» վանքը, որը մեր եկեղեցու ամենահռչակավոր ուխտավայրերից մեկն է:
Հայ եկեղեցին տարեկան չորս տոն է սահմանել նրա համար: Առաջինը նրա ծննդյան հիշատակությունն է, Սուրբ Ծննդյան ութ օրերից հետո, երկրորդը՝ գլխատումը, Ս. Զատկին հաջորդող շաբաթ օրը, երրորդը՝ Ս. Կաթողիկե եկեղեցու տոնի հինգշաբթի օրը Աթանագինե եպիսկոպոսի հետ, որի նշխարները Ս. Գր. Լուսավորիչը Մկրտչի նշխարների հետ բերեց Սեբաստիայից, իսկ վերջինը՝ Վերափոխման տոնից հետո, երրորդ շաբաթի հինգշաբթի օրը, Հոբի հետ միասին: Շատ շարականներ և տաղեր են հորինվել ի պատիվ նրան, որոնցից գլխավոր տեղ են գրավում ջրօրհնեքի շարականները, որոնցում Հովհաննես Մկրտիչը կենտրոնական անձն է:
Հույները ի պատիվ մեծ Կարապետի, վեց տոն են սահմանել, իսկ լատինները երեք:
Հույները
ա) Բուն և մեծագույնը՝ հունվարի 8-ին,
բ) Եղիսաբեթի Հովհաննեսով հղությունը՝ սեպտեմբեր 23,
գ) ծնունդը՝ հունվար 24,
դ)գլխատումը՝ օգոստոս 29,
ե) նշխարհների (գլխի), առաջին գյուտը, փետրվար 24,
զ) նշխարների (գլխի) երկրորդ գյուտը մայիս 25:
Լատինները՝
ա) գլխատումը՝ օգոստոս 29,
բ) նշխարհների (գլխի), առաջին գյուտը, փետրվար 24,
գ) նշխարների (գլխի) երկրորդ գյուտը մայիս 25:
«Աստուածաշնչական սուրբեր», Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը