30 Նոյեմբեր, Շբ
26 Փետրվար, Քառասնորդական պահքի Բ կիրակի Արտաքսման կիրակի
Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են: Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2):
Երբ Աստված երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց մարդուն, բացի դրախտային սքանչելիքներից, նրան պարգևեց ազատ կամք՝ կա՛մ աստվածահաճո ճանապարհով ընթանալ, կա՛մ շեղվել: Աստված երբեք Իր կամքը չի պարտադրում մարդուն, ում ազատ կամքով է ստեղծել. սա է մարդու և կենդանիների միջև հիմնական տարբերությունը: Աստծո կամքը տիեզերքի այլ մարզերում տիրական և վերջնական է, ներառյալ կենդանիները, իսկ երբ հերթը մարդուն է հասնում, Աստված պարզապես ասում է` «արա՛» կամ «մի՛ արա»: Նախաձեռնությունը մարդուն է թողնում:
Աստված Ադամին ու Եվային տվեց կյանքի պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16-17):
Առաջին մարդիկ ապրելով դրախտում՝ վայելում էին Արարչի անսպառ պարգևները: Նրանք չէին կրում ոչ հոգսի, ոչ տառապանքի և ոչ էլ մահվան երկյուղը:
Սակայն Ադամն ու Եվան դրախտի այդ երանական կյանքի մեջ երկար չմնացին. նրանք ընտրեցին այլ ճանապարհ: Մարդը կենդանի հաղորդակցություն ուներ Աստծո հետ, որով ազատապես կարող էր երանություն վայելել կամ այլ կերպ ասած՝ դրախտում երջանիկ լինել: Աստված նրան ամեն հնարավորություն տվել էր դրախտի բնակիչ լինելու և կատարելագործվելու: Բանսարկուն ցանկացավ զրկել մարդուն այդ երանությունից: Ուստի որոշեց դրդել նրան խախտելու աստվածային պատվիրանը և այդ նպատակով, օձի կերպարանքով, հայտնվեց Եվայի առաջ ու համոզեց նրան չլսել Աստծուն ու ճաշակել պտուղը: Բարին ու չարը դրված էր նրա առաջ, նա կարող էր ընտրել իր կամեցածը՝ կա՛մ Աստծո կամքը, կա՛մ արտաքին հրապույրը: Եթե մնար բարու մեջ, կհարատևեր իր երանության մեջ, իսկ եթե կամենար չարը իմանալ, չարի համն էլ ճաշակել, արտաքին հրապույրն էլ փորձել, կճաշակեր և մահը: Ուտելով բարու և չարի գիտության ծառի պտղից՝ մարդը ընտրեց աշխարհի գրավիչ հրապույրը, հրապուրվեց պտղից ու սատանայից: Այդ ժամանակ բաժանվեց Աստծո հաղորդակցությունից, կորցրեց մտքի տեսության պայծառությունն ու իր մանկական անմեղությունը և օտարացավ Աստծուց: Մարդը գլորվեց կատարյալ աշխարհասիրության մեջ: Հետզհետե հակվելով դեպի չարը՝ ընկավ նեղության մեջ և կորցրեց իր անշփոթ երջանկությունը: Երկպառակություն առաջացավ նրա մտքի, կամքի ու խղճի մեջ: Մարդը փոխանակ Աստծո որդի, աշխարհի որդի դարձավ:
Եվ Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները` սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև և ապա` բնության ու մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը` գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան: Բնության ամենից հրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի:
Այսպես արտաքսվեցին դրախտավայրից առաջին մարդիկ՝ անսալով չարի խորհուրդներին: Գործած մեղքերի պատճառով դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին դժվարին երկրային կյանքի՝ քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու: Ողջ աշխարհը փոփոխության ենթարկվեց: Մեղքը մտավ աշխարհ: Դրախտը միայն հիշատակ մնաց մարդու հիշողության մեջ:
Նախամարդու մեղանչումը ապականիչ կերպով ներգործեց նրա ամբողջ գոյության վրա: Գործած մեղքը կոչվեց «Ադամական մեղք»: Այն ավերիչ սկիզբ եղավ ժառանգների համար.
ժառանգաբար փոխանցվեց սերնդե սերունդ ամբողջ մարդկությանը և միայն մկրտությամբ է, որ մաքրվում է:
Ադամի ու Եվայի պատմությունը այսօր էլ կրկնվում է յուրաքանչյուր մարդու կյանքում: Փորձություններով լի աշխարհում, այսօր էլ մարդ հրապուրվում է «արգելված պտղով»՝ այն հրամցնելով նաև ուրիշներին: Մեղանչելուց հետո, երբ մարդը սթափվում է, տեսնում է իրեն «մերկացած» և «դրախտից արտաքսված»: Կյանքի դժվարությունների, տառապանքների և խավարի մեջ դեպի դրախտ գնացող ճանապարհը ուղենշում և լուսավորում է Հիսուս Քրիստոսը:
Երկրորդ Ադամի՝ Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանի դառնալու դրախտի փափկությանը:
Եկեղեցին կոչ է անում մերժել այն ամենը, ինչը ծառայում է որպես գայթակղություն և աղոթքով, ապաշխարությամբ պահք պահել, քանի որ ինչպես Սբ. Հովհան Մանդակունին է ասում. «Արդեն իսկ մարդուն ստեղծելիս Աստված պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը և առաջին մարդուն որպես առաջին պատվիրան տվեց պահքի պնդությունը՝ չճաշակել չարի և բարու գիտության ծառից: Քանզի եթե պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ և անմեղ կյանքը և երկնքում՝ երկնային բարիքները, քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պնդությունը, փրկվեցին բազում վշտերից» («Թուղթ պահքի պնդության մասին»):
Արտաքսման կիրակիի շարականը նկարագրում ու հիշեցնում է Ադամի դրախտից արտաքսվելը և մեղավորների Քրիստոսի միջոցով դարձյալ դրախտին արժանի դառնալը: Շարականը նկարագրում է, թե ինչպես Տերը նախ դրախտում հաստատեց պահքի սուրբ օրենքը, սակայն մեր նախածնողները չպահեցին: Արգելված պտուղն ուտելով՝ նրանք ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը: Այնուհետև խնդրվում է, որ Տերը շնորհի պատվիրանների քաղցրության ճաշակումը, որ մարդասեր Աստված մեզ մեր բազում հիվանդություններից բժշկի և ցավերը վերցնի:
Կազմեց Կարինե Սուգիկյանը