3 Ապրիլ, Բշ, Պահք Ավագ երկուշաբթի

Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն:

Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:

Մատթեոս ավետարանիչը գրում է, որ Հիսուս Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ եկավ նրա մոտ և ոչինչ չգտավ, այլ միայն տերև: Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթեոս 21:18-22):

Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21:20-22):

Եկեղեցու հայրերը գրում են, որ ապաշխարության պտուղը աղքատների և կարոտյալների համար կատարվող ողորմածությունն է: Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքին բարեպաշտությունը պահելով, չեն պտղաբերում բարի գործերով, համաձայն Հակոբոս առաքյալի խոսքերի, թե՝ հավատքը մեռած է առանց գործերի (Հակոբոս 2:26):

«Թզենին» հրեաներն են, ովքեր բարի գործերի պտուղ չունեն, այլ միայն Մովսիսական օրենքի և հրեական անունների տերև, որ իրենց հրեա են անվանում, բայց չեն, այլ չարի գործակիցներ են: Եվ Հիսուսը, նրանց բարի գործերի պտուղների քաղցն ունենալով, երբ դրանք նրանց վրա չգտավ, արգելեց շնորհի հեղումը: Ոչ հեթանոսները կարող են պատճառաբանել, թե՝ քրիստոնյաներ չենք, ուստի պտղի ժամանակը չէ, ոչ էլ հրեաները, որովհետև յուրաքանչյուր հասակից պտուղ է պահանջվում:

Բարոյականապես՝ անպտուղ և տերևազարդ թզենին այն քրիստոնյաներն են, ովքեր միայն հավատք ունեն, բայց ոչ բարի գործ: Ինչպես որ տերևն է ծառի նշանը, այնպես էլ հավատքը՝ քրիստոնյայի. Քրիստոսը մեծ քաղցով դեպի մեր հոգիներն է գալիս՝ առաքինի պտուղ գտնելու՝ թե՛ մեր պատանեկության, թե՛ երիտասարդության և թե՛ ծերության ժամանակ: Հետևաբար հո՛գ տանենք, որ անպտուղ չլինենք, որպեսզի Տերը մեզ էլ թզենու նման չչորացնի:

Մեկնիչները գրում են, որ աստվածային զորությունը առավել շեշտելու համար Քրիստոս հատկապես թզենին ընտրեց, քանի որ այն մյուս ծառերից ավելի ուշ է չորանում, որովհետև ավելի մածուցիկ է և կաթի նման հոսող նյութ ունի: Հակառակ նրա, որ ծառն արմատահան անելուց և կտրելուց հետո մի որոշ ժամանակ հարկավոր է, որպեսզի ամբողջապես չորանա, թզենին չորացավ Քրիստոսի խոսքերից անմիջապես հետո: Սա վկայում է Քրիստոսի աստվածային զորության ու խոսքի ուժը: Ծառերն ավելի արագ չորանում են ամռանը, երբ չոր և տապ է լինում, Քրիստոս թզենին անիծեց սկսվող գարնանը, երբ դեռ խոնավ և ցուրտ է, նաև դրանով ցույց տվեց Իր զորությունը: Հիսուս խաչելությունից առաջ չորացնելով թզենին, ցույց տվեց Իր աստվածային զորությունը՝ վկայելով, որ նույն ձևով կարող էր ոչնչացնել նաև Իր թշնամիներին, սակայն բոլոր չարչարանքները կամավորաբար հանձն առավ հանուն մարդկության փրկության և մեզ ավանդեց, որ արտաքին բարեպաշտությունից բացի հարկավոր է ունենալ նաև բարի գործերով և ողորմածությամբ աճեցրած փրկության պտուղը:

Ավագ Երկուշաբթիի շարականի խոսքերի համաձայն խնդրենք Տիրոջից. «Մարդկային մեր բնությունը նորոգող Հիսուս, որ ի խորհուրդ հնացյալ մարդու, այսօր չորացրեցիր անպտուղ թզենին, և մեզ՝ մեղքից հնացյալներիս, նորոգիր անմահ կյանքի համար»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․