20 Հունվար, Շբ Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանուկների հիշատակության օր
Սուրբ Թեոդոս թագավոր
Ըստ մեր շարականների բացատրության, որ երգվում են ի պատիվ թագավորների, Թեոդոս կայսրը մեկ այլ «մեծ թագավոր» է. ինքը նույնպես արդարացիորեն և իրավացիորեն արդարացնում է իրեն տրված «Մեծ» տիտղոսը: Կոստանդիանոսից հետո երկրորդ ամենակարող կայսրն էր, որին նույնպես շատ բան է պարտական ուղղափառ քրիստոնեությունը: Մեկը, որ կայսրության տարածքում գրեթե ջնջեց հեթանոսության հետքերը և վերջ տվեց արիոսականությանը ու քրիստոնեությունը պետական կայսրության պաշտոնական կրոն հռչակեց: Իսկ աշխարհիկ պատմության մեջ նա մի հզոր զորավար էր, որը գոթերի, վանդալների, հոների և այլ բարբարոս ցեղերի արշավանքներին վերջ դրեց: Հռոմեական կայսրությունը, վերջին անգամ, նրա իշխանության վերջին տարիներին, մեկ գավազանի տակ միավորվեց:
Ծնվել է Իսպանիայում, 346 թ.-ին: Իր հայրը հռոմեական բանակի մի զորավար էր, որին ինքն էլ հետևեց և բարբարոսների դեմ իր վարած կռիվներով մեծապես հայտնի դարձավ: Հոր դավադրական մահից հետո, Թեոդոսն Իսպանիայի իրենց ընտանեկան կալվածքներում առանձնանում է: Երբ Արևելքի կայսրը՝ Վաղեսը, մահացավ, Արևմուտքի կայսր Կրատիանոսը, 379 թ.-ին, Թեոդոսին նշանակում է նրա փոխարեն: Թեև Թեոդոսի հայրը և մայրը ուղղափառ քրիստոնյաներ էին և ինքն էլ քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, բայց տակավին չէր կնքվել: Նույն թվականին, Սալոնիկում, ծանր հիվանդության ժամանակ մկրտվեց: Որին հաջորդող գրեթե 15 տարիներին իր գործունեությանը մեծամասամբ կենտրոնացրել էր Ուղղափառության ամրապնդելուն և արիոսականության իսպառ վերացնելու աշխատանքներին: 381 թ.-ին գումարեց Կ. Պոլսի տիեզերական ժողովը, որով արիոսականության վերջակետը և Ուղղափառության վերջնական հաղթանակը եղավ: 390-ական թվականներին Սալոնիկում ծագած մի ըմբոստություն ճնշելու ժամանակ, Թեոդոսը մի պահ մոռացավ իր Մեծությունը և 7000 քաղաքացիների սպանել տվեց: Երբ եկավ Միլան և փորձեց եկեղեցի մտնել, այնտեղի եպիսկոպոսը և իր ընկեր Ամբրոսիոսը այս ոճիրի պատճառով արգելեցին նրան մուտք գործել եկեղեցի: Թեոդոսը խոնարհվեց և ընդունեց Ամբրոսիոսի կողմից նշանակված ութամսյա ապաշխարության շրջանը: Մահացավ 395 թ.ին, իր հետևից արդար և հզոր կառավարիչի անուն թողնելով:
Հայերս հիշատակում ենք Ութօրեքից հետո, բայց երբ տարեգիրը Ա-Ը է լինում նրա հիշատակությունը փոխադրվում է Վարդավառից հետո:
Ծանոթ. Հույները նաև տոնում են Թեոդոս Բ, կամ «Փոքր» կոչված կայսրի (408-450) հիշատակը: Մենք չենք տոնում նրան, բայց Պատարագի ժամանակ «սուրբ թագավորների» բաժնի մեջ հիշատակվող «Թեոդոսները» սրա ակնարկությունն է:
Եփեսոսի մանուկներ
Սուրբերի վկայաբանության մեջ այս երիտասարդների վարքը բացառիկ տեղ ունի, քանի որ տարբերվում է մյուսներից:
Այս յոթ երիտասարդ զինվորները Եփեսոսում Դեկոս (249-251) հալածիչ կայսեր օրերին ապրող յոթ բարձրաստիճան ընտանիքների զավակներ էին: Սրանք գաղտնի կերպով քրիստոնյա էին դարձել, սակայն երբ դա հայտնի դարձավ՝ կայսերական ատյան տարվեցին, որպեսզի կուռքերին զոհ մատուցեն: Երիտասարդները մերժեցին, որի պատճառով իրենց զինվորական պատիվներից զրկվեցին, ապտակվեցին, անարգվեցին և գանակոծվեցին: Կայսրը, ստիպված լինելով քաղաքից հեռանալ, հրամայում է նրանց իրենց տներն ուղարկել, հուսալով, որ կզղջան և իրենց ծնողների ազդեցությամբ դարձի կգան: Ատյանից դուրս գալով երիտասարդները որոշում են իրենց տները չվերադառնալ, այլ քաղաքի մոտակայքում գտնվող քարայրում ապաստանել և ճգնողական կյանք վարել:
Կայսրը, վերադառնալով, հետաքրքրվում է նրանցով և երբ տեղեկանում է, որ անհետացել են՝ հրամայում է, որ ամեն տեղ փնտրեն նրանց: Վերջ ի վերջո նրանց գտնում են իրենց ապաստանած քարայրում, նրանք, նախընտրելով մահանալ, չեն ցանկանում այնտեղից դուրս գալ; Այդ ժամանակ կայսրը, խնայելով նրանց բարձրաստիճան ծնողներին, չարաչար և անարգալից մահվան չի դատապարտում նրանց, այլ հրամայում է, որ հյուսեն այրի մուտքը և թողնեն որպեսզի սովից և օդի պակասութունից մահանան: Երիտասարդները խորը քուն են մտնում: Անցնում են տարիներ, ժամանակները փոխվում են: Քրիստոնեությունը հաղթանակում է և պետական կրոն դառնում; Թեոդոս Մեծ կայսեր օրերին՝ 389 թ.-ին, այս քարայրի մոտակայքում գտնվող կալվածատերերից մեկը հրամայում է, որ քանդեն քարայրի մուտքը, որպեսզի այն իր ոչխարների համար որպես փարախ ծառայի: Հաջորդ առավոտյան արթնանում են քուն մտած երիտասարդները այնպես, կարծես թե երեկ էին քուն մտել, այնինչ 140 տարի էր անցել նրանց քնելուց ի վեր: Իրենցից մեկին քաղաք են ուղարկում՝ հաց առնելու: Դուրս եկողը, տեսնելով, որ ամեն ինչ իր շուրջը փոխված է, առաջին իսկ պատահած մարդուն հարցնում է, թե արդո՞ք այդ քաղաքը Եփեսոս քաղաքն է, թե ինչ որ տեսիլք է: Թեև դրական պատասխան է ստանում, սակայն ինքն իրեն ավելի տեսիլքի, կամ հրաշքի հանդիպած է համարում, վերջ ի վերջո, երբ հացթուխին դրամ է տալիս, վերջինս, զարմանալով, չի ցանկանում վերցնել այն, քանի որ գործածությունից դուրս էր: Այստեղից սկիզբ է առնում կծիկի քանդվելը՝ տարվում է կուսակալի և քաղաքի եպիսկոպոսի մոտ, որոնց պատմում է, որ ինքն իր ընկերների հետ, Դեկոսի հալածանքներից խուսափելու համար, լեռներում են պատսպարվել, և որպես իր ասածի ապացույց նրանց առաջարկում է գնալ և մյուս ընկերներին էլ տեսնել:
Այս արտասովոր դեպքի լուրը ոչ միայն տարածվում է ամբողջ քաղաքով մեկ, այլև այդ օրերի քրիստոնյա կայսեր ականջն է ընկնում, որը եղելությունը ստուգելու համար անձամբ Եփեսոս է գալիս, և ամեն մեկը կատարված հրաշքի համար փառավորում էր Աստծուն՝ այս դեպքը համարելով ընդհանրական փրկության մի մանրակերտը և իրականությունը հաստատող անժխտելի փաստը: Յոթ երիտասարդները նույնպես փառաբանում էին Աստծուն, որ նա իրենց արժանացրեց մարմնական աչքերով հալածված քրիստոնեության հաղթանակը տեսնելուն: Այնուհետև քաղաքի եպիսկոպոսի օրհնությունն են խնդրում և քարայրում իրենց առանձնական կյանքը շարունակելու արտոնություն են խնդրում և աղաչում, քանի որ, թեև բոլորի կողմից հարգված և սիրված էին, բայց իրենք իրենց բոլորովին օտար էին զգում այս նոր իրականության մեջ: Եվ հազիվ էին հասել իրենց քարայրը, երբ կրկին քուն են մտնում և ավանդում իրենց հոգիները: Այնտեղ էլ թաղվում են և մի փառավոր եկեղեցի է կառուցվում այդ այրի վրա: Երիտասարդների անուններն են՝ Մաքսիմիանոս, Մարտիանոս, Ամղիքոս, Դիոնեսիոս, Կոստանդիանոս, Անտոնիոս և Հովհաննես:
Տոնում ենք Թեոդոս Կայսեր հետ:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը