30 Հունվար, Գշ Սուքիասյանց վկաների հիշատակության օր
Սուքիասյանց վկաներ
Ինչպես նախորդ գլխում տեսանք, սրանք Հայոց Արտաշես թագավորի պալատականներից էին՝17 հոգի, որոնք, երբ Սաթենիկ թագուհին հարսնացել էր Հայոց թագավորին նրա հետ եկել էին Ալանաց երկրից: «Լիակատար» Հայսմավուրքը նրանց ներկայացնում է իբրև «փառավոր և երևելի այրեր, թագավորական ցեղից և ալանաց արքայի մոտ պալատական ու զինվորական գլխավոր դիրքեր ունեցողներ. թագավորի դստեր՝ Սաթենիկի, ազգականներ»:
Ինչպես տեսանք Ոսկյան ճգնավորները «Աստծո ազդեցությամբ» Հայոց արքունիքը այցելեցին և Ավետարանը քարոզեցին: Թեև թագավորը և թագուհին անտարբեր գտնվեցին, բայց իրենց խոսքերը Ալան պալատականների մոտ պարարտ հող գտան, որոնք հետաքրքրությամբ ուշադրություն դարձրեցին նրանց խոսքերին և սիրով ու սրտով հավատացին Ավետարանին և Ոսկյանների կողմից մկրտվեցին: Թողեցին պալատը և հետևեցին իրենց քարոզիչների մոտ և նրանց հետ միասին նվիրվեցին ճգնակեցությանը: Սրան գլխավորը նախապես կոչվում էր Բահադրաս կամ Բարաքադա, մկրտությունից հետո կոչվեց Սուքիաս, որը հունարեն Հյուսիքոս անվան աղավաղված ձևն է: Մյուս ընկերների անուններն էլ է պատմությունը պահել, որոնք գտնվում են «Լիակատար» Հայսմավուրքի և Ազգապատումի մեջ: Մի որոշ ժամանակ Սուքասյանք մնացին Ոսկյանց հետ, ավետարանական ճշմարտությունները և ճգնողական կյանքը արմատապես ուսանելու համար:
Իսկ թագավորի որդիներից երկու կրտսերները, որոնք ավելի սերտորեն էին կապված իրենց «քեռիների» հետ, երբ նկատեցին, որ նրանք այլևս չեն երևում պալատում և իմանալով պատճառը, իրենց ավագ եղբայր Արտավազդից խնդրեցին, որ միասին գնան գտնեն և տեսնեն իրենց մոր կողմից ազգականներին: Մի խումբ արքունի զինվորներով ճամփա ընկան և ի վերջո լեռներում գտան նրանց և խնդրեցին, որպեսզի իրենց հետ պալատ վերադառնան: Երբ նրանք հանձն չառան վերադառնալ պալատ, կանչեցին նրանց դարձի պատճառ դարձած Ոսկյաններին, որպեսզի ինչպես որ համոզել էին պալատից գնալ՝ այդպես էլ ետ համոզեն պալատ վերադառնալ: Ոսկյանները ասացին, որ թեև իրենք են եղել նրանց դարձի պատճառը, բայց իրենք չեն ստիպել պալատից հեռանալ և ոչ էլ հիմա կստիպեն պալատ վերադառնալ և թող իրենք որոշեն իրենց համար օգտակարը: Այս խոսքի վրա արքայի որդիները հրամայեցին իրենց հետևող զրքին սպանել բոլոր Ոսկյաններին, բայց չհամարձակվեցին չարիք հասցնել Սուքիասյաններին, որոնք իրենց մեծերը և մոր կողմից ազգականներն էին, և այդպես ապարդյուն վերադարձան: Սուքասյանք իրենց առաջնորդներին պատվով թաղելուց հետո մտածեցին, որ եթե նույն տեղը մնան՝ նորից հալածանքների և նեղությունների պիտի ենթարկվեին, ուստի հեռացան այնտեղից և եկան Բագրևանդ գավառի Ջրաբաշխ կոչված լեռները, որոնք ավելի ամայի էին և որոնք հետագայում նրանց անունով կոչվեց Սուքիասյան կամ Սուկավետ լեռներ: Այստեղ 44 տարի ապրեցին նրանք, վայրի խոտերով էին կերակրվում, և մինչև իսկ նրանց հագուստները մաշվեցին, փտեցին և նրանց վրայից թափվեցին և նրանց մաշկը, օդի խստությունից, քարի վրայի մամուռների նման դարձավ: Նրանց մարմինների վրա մազեր դուրս եկան, որոնք խառնվելով նրանց գլխի և դեմքի մազերի հետ, ամբողջությամբ ծածկեցին նրանց մարմինները: Այնպես որ վայրի քոշերի (արու այծ, նոխազ) տեսք ստացան և այդ իսկ պատճառով «Քոշ» կոչվեցին:
Եվ այդպես, Աստծո նախախնամությամբ, հեռու մնացին ամեն տեսակ հիվանդություններից և պատահարներից: Թեև մարմնավոր էին, բայց մշտամրմունջ աղոթքներով և հոգևոր ճգնություններով իրենց վարքը անմարմինների վարքին նմանվեց (Լիակատար):
Արտաշեսի, Սաթենիկի և իրենց որդիների մահվանից տարիներ հետո, Ալանների աշխարհից նոր պատգամաբերներ եկան Հայաստան աշխարհ: Սրանք իրենց առաքելությունը հաջողացնելուց հետո, իմացան նաև իրենց հայրենակիցների մասին, որոնք լեռների վրա մի արտասովոր կյանք էին վարում: Հետաքրքրությունից մղված ցանկացան տեսնել նրանց: Երբ հանդիպեցին նրանց, զարմացան և հետևյալ խոսակցությունը տեղի ունեցավ նրանց մեջ: Ալանաց պատվիրակության գլխավորը, որ զորավար էր, հարցրեց.
- Բնությամբ մարդ եք, ազգատոհմով՝ Ալանների պալատականներից: Փախչելով աշխարհի ամբարշտությունից և անաստվածությունից, այս լեռների վրա, Աստծո զորությամբ, առանձին և խաղաղ ապրում եք:
Զորավարը նկատել տվեց.
- Այստեղ ամայի և ձյունապատ է, ինպե՞ս եք ապրում:
Սուքիասը պատասխանեց.
- Լսի՛ր որդի, ով որ հավատում է երկնքի և երկրի Արարիչ Աստծուն՝ ամեն բան նրա ցանկության համաձայն փոփոխության է ենթարկվում: Արդ մենք Աստծուց ողորմություն գտանք, Նրան մեր ամբողջ սրտով սիրելով և մեր հույսը Տեր Աստծո վրա ենք դրել:
Զորավարը, առանց շատ բան հասկանալու, վրա բերեց.
- Եկե՛ք թողե՛ք այս խենթությունը, վերադարձե՛ք հայրենիք՝ ձեր նախկին պատվական դիրքին, ձեր ծերության օրերը փառքով և հանգստությամբ անցկացնելու համար:
Այս խոսքին Սուքիասը պատասխանեց.
- Մենք Տիրոջ մշակներն ենք, մեր ժամանակն էլ մոտեցել է վարձը առնելուն, ինչպե՞ս կարող ենք վերջին պահին հրաժարվենլ մեր վարձից և մեր Աստծուց:
-Այդ ձեր Աստվածը մեր իմացած Խաչյալը չէ՞… իսկ դուք, պալատական ազնվականներդ, ձեր ազնվականությունը թողած՝ մշակին վայել գործի եք անցել:
Երանելի Սուքիասը պատասխանում է.
- Այո՛, մեր Տերը և Աստվածը Քրիստոսն է: Եթե ճանաչեիք մեր Տիրոջը, դուք էլ այս մշակի գործին կանցնեիք, որպեսզի հավիտենական անմահ կյանքին տիրանայիք, որն իբրև վարձ պիտի տա Նա իր բոլոր հավատարիմ հպատակներին:
Ի վերջո Ալան զորավարի բոլոր համոզիչ թվացող խոսքերը և խրատները իզուր անցան, որոնց բոլորին դեմ խոսեցին Սուքիասյանք ասելով, որ իրենց պարգևներ տվողն Աստված է, որ ազատել է իրենց բոլոր սատանայական գործերից և արժանացրել է անմահական երջանկությանը:
Ի վերջո զորավարի համբերությունը հատեց: Նրանց, դարձի բերելու հույսով, նախ չարչարել տվեց, բայց տեսնելով նրանց համբերությունը և անդրդվելիությունը, հրամայեց բոլորին էլ գլխատել, բացի երկուսից, որոնք վախի կամ հիվանդության պատճառով չէին կարողացել ընկերակցել նրանց:
Եվ «Լիակատար»-ի մեջ ներկայացված ընդարձակ վարքագրությունը ավելացնում է (11 խոշոր սյունակ), թե ավելի քան 150 տարի հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն, իմանալով նրանց նահատակության մասին, վկայարան վանք կառուցեց նրանց նահատակության վայրի վրա, որտեղ ասվում է, թե «հրաշագործ մի աղբյուր բխեց ամեն տեսակ հիվանդությունների և մանավանդ բորոտության բժշկության համար»:
Մեր Հայսմավուրքները սրանց հիշատակությունը դնում են Օգստ. 27-ին: Իսկ ներկայումս տոնում ենք Առաջավորաց պահքին հաջորդող երեքշաբթի օրը, բացի այն դեպքերից, երբ Տեառընդառաջն այդ օրն է համընկնում, այդ պարագային տոնվում է Ս. Ատոմյանց հետ միասին: Այս պատահում է, երբ տարեգիրը «Պ»ն է:
Սրանք էլ հատուկ Մանկունք շարական ունեն, որը ստեղի է և գրված է հռետորական ոճով՝ բաղկացած հինգ տներից, որոնցից երրորդը հետևյալն է.
Որոնք իրենց խաչերը վերցրին,
Խաչյալին խաչակից եղան,
Հոժարությամբ դիմեցին դեպի սպանիչները,
Իբրև գառներ՝ գայլերի մեջ:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյան