Առակներ 22.1-12

1 Բարի անունը լաւ է մեծ հարստութիւնից, ընտիր շնորհը՝ արծաթից ու ոսկուց: 2 Հարուստն ու աղքատը հանդիպում են իրար. երկուսին էլ այցելում է Տէրը: 3 Չարագործին պատժուած տեսնելով՝ խորագէտն աւելի հաստատութեամբ է խրատում իրեն, բայց անմիտները, զանց առնելով այն, աւելի են վնասւում: 4 Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը: 5 Թիւրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կայ եւ որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանցից: 6 Երիտասարդը դաստիարակւում է ըստ իր ընտրած ճանապարհի եւ ծերութեան ժամանակ էլ չի հեռանում դրանից: 7 Աղքատները պիտի տիրեն հարուստներին, եւ ծառաները պիտի փոխ տան իրենց տէրերին: 8 Ով անզգամութիւն է ցանում, չարիքներ է հնձելու եւ պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան: 9 Աստուած սիրում է ուրախ եւ առատաձեռն մարդուն. աղքատին ողորմութիւն անողն ինքն էլ պիտի կերակրուի, որովհետեւ տնանկին իր հացից է բաժին հանել: Կաշառք տուողը յաղթութիւն եւ պատիւ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին: 10 Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատեանից, եւ հակառակութիւնը կվերանայ նրա հետ, որովհետեւ երբ նա նստած է լինում ատեանում, անարգում է բոլորին: 11 Տէրը սիրում է մաքուր սիրտը, եւ բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան: 12 Թագաւորը հովւում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտութիւնը, բայց Տէրն արհամարհում է անօրէն խօսքերը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․