28 Նոյեմբեր, Եշ
25 Հունիս, Գշ Սուրբ Զաքարիա մարգարեի հիշատակության օր
Զաքարիա մարգարե
Զաքարիան ժամանակակից է Անգե մարգարեին, այս հաստատում են թե՛ երկուսի հիշատակած թվականները և թե՛ Եզրասի գիրքը:
«Անգե և Ադդովի որդի Զաքարիա մարգարեները, Իսրայելի Տեր Աստծու անունով, մարգարեություն արեցին Հրեաստանի ու Երուսաղեմի մասին։ Այդ ժամանակ վեր կացան Սաղաթիելի որդի Զորոբաբելը, Հոսեդեկի որդի Հեսուն և սկսեցին կառուցել Իսրայելի Տեր Աստծու տունը. մարգարեները միաբանեցին նրանց հետ և օգնում էին նրանց» (Բ Եզր. 1:2)։
Անգեի նման ինքն էլ տեսավ իր ժողովրդի կրոնական անտարբերությունը և այն արթնացնելու համար խրախուսական հորդորներ տվեց, որոնք մեծապես նպաստեցին տաճարի վերաշինությանը:
Այս երկուսից երեցը Անգեն էր, իսկ Զաքարիան ավելի երիտասարդ էր (Զաք. 2:4): Հավանաբար Զաքարիան էլ էր բաբելոնում ծնվել և Երուսաղեմ վերադարձող քարավաններից մեկի հետ վերադարձել էր: Նրա մարգարեությունը երկու տարի է տևել՝ 519-517թթ. ն.Ք.:
Զաքարիայի գիրքը բաղկացած է 14 գլուխներից և փոքր մարգարեների գրքերից մեծն է: Հորդորականով սկսվող նախերգանքից հետո (1:1-6), առաջին վեց գլուխներում, ներկայացնում է ութ խորհրդավոր տեսիլքներ, որոնց բացատրությունն էլ տալիս է:
Հաջորդ 7-8 գլուխները բացատրություններ են, որոնք մարգարեն տալիս է Բեթելից եկած պատգամավորներին, որոնք պահեցողության մասին հարցեր էին տվել մարգարեին, որը հետևյալ կերպ է պատասխանում. «Երբ պահք եք պահում ինձ համար եք պահո՞ւմ. չէ որ ձեր համար եք պահում: Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Արդար դատո՛վ դատեցեք, ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք յուրաքանչյուրն իր եղբորը։ Մի՛ կեղեքեք այրուն, որբին, պանդխտին և տնանկին։ Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դեմ» (7:9-10)։
Սակայն Զաքարիայի մարգարեության շրջանակը ավելի ընդարձակ է: Նա թափանցեց գալիքի մեգի մեջ և դրա միջից տեսավ Մեսիայի գալուստը և ավելի լուսավոր ապագայի հեռանկարը: Սրա համաձայն, 9-14 գլուխները պարունակում են զանազան պատգամներ, որոնք մի քիչ խրթին է հասկանալը, բայց որոնց հիմնական նպատակը հաստատելն է, որ Աստծո թագավորությունն ի վերջո հաստատվելու է: Այս բաժնում կան բազմաթիվ կանխագուշակություններ Քրիստոսի զանազան տնօրինությունների վերաբերյալ, օրինակ՝ Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ:
«Ուրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա… պատերազմողի աղեղը պիտի խորտակվի, և նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրա՝ ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը» (9:9-10)։
Կանխատեսում է Հիսուսի խաչվելը և գեղարդով խոցվելը (12:10) և երեսուն արծաթով ծախվելը (11:12) և իր աշակերտների կողմից լքվելը (13:7):
Մարգարեն նաև բացահայտում է հոգևոր նախաձեռնությունների հաջողության գաղտնիքը. «Ոչ թե մեծ զորությամբ և ուժգնությամբ, այլ իմ հոգո՛վ, - ասում է Ամենակալ Տերը» (4:6):
Ըստ Ավետարանի տվյալների Զաքարիան սպանվել է տաճարի մեջ (Մատթ. 23:35):
«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը