Գրքեր
25 Նոյեմբեր, Գշ Ս. Ղուկիանոս քահանայի, Ս. Տարագրոս, Ս. Պրոբոս և Ս. Անդրոնիկոս վկաների, Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ս. Ոնեսիմոսի հիշատակության օր

Անտիոքի Ս. Ղունկիանոս քահանան ապրել և գործել է 3-րդ դարի վերջերին և 4-րդ դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Սուրբ Գրքի ուսումնասիրությանը: Կարծիք կա, որ Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թվականին գլխատվում է:

Ս. Տարագրոսը, Ս. Պրոբոսը և Ս. Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակվում են` գլխատվելով Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թվականին: Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, ում Հռոմում բռնում և բանտ են նետում: Այնտեղ նա ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրա ձեռամբ մկրտվում: Ս. Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ս. Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Ս. Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում:

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․