Գրքեր
21 Մարտ, Շբ, Մեծ պահքի ԼԴ օր Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր

Հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում, դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի ընդհանրական եկեղեցու Հովհան Ոսկեբերան հայրապետը Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող եւ ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն»: Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում, դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․