Գրքեր
9 Հունիս, Գշ Հիշատակ Ս. Նունե և Մանե կույսերի

Ս. Նունեն և Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսն «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում  են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծու զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով սուրբ Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․