Տոներ

Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից: 

 Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:

Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:

Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:

Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:

Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:

Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:

Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:

Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:

Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:

Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:

Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:

Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:

Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,

2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,

3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,

4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),

5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:

Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:

Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:

Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:

Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:

Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:

Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:

Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:

«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:

«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:

Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:

Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:

Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:

Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:

Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:

1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:

Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:

Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Նոր կիրակի կամ Կրկնազատիկ
Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին: Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը: Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»: «Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ .....
Խավարման կարգ
Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո: Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: .....
Ոտնլվա. երկինք բարձրացնողը խոնարհությունն է
Երուսաղեմում՝ Վերնատանը, Վերջին ընթրիքի ընթացքում Քրիստոս վեր կացավ սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Այնուհետև, վերցնելով ջրով լի կոնքը, սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով (Հովհաննես 13:4-6): Ապա հորդորեց նրանց նույն կերպ վարվել. «Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ .....
Դռնբացեքի խորհրդավոր արարողությունը
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ դռնբացեքը: Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ: Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը, որը Քրիստոսի Գալստյան օրինակն է ցույց տալիս: Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք .....
Գալստյան կիրակի. դուռը կբախվի հանկարծակի
Քառասնորդական պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի գալստյանը: Այս կիրակիի ընթացքում եկեղեցին վերհիշում է նախ Փրկչի առաջին գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Այսօր հիշատակությունն է մեծագույն գալուստը Ամենամեծի, քանի որ այդ գալստյամբ Նա «փրկեաց զմեզ ի մահուանէ, փրկեաց զհոգիս ի տանջանաց դժոխոց» (Գրիգոր Տաթևացի): Քրիստոս Իր երկրորդ գալուստը անվանել է «վերջին օրը» (Հովհաննես 6:39), «դատաստանի .....
Դատավորի կիրակի
Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի՝ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի հիման վրա (Ղուկաս 18:1-8): Ղուկաս ավետարանիչը առակի սկզբում իսկ հայտարարում է, թե ինչ նպատակով է ասված այն, այսինքն՝ հայտնելու համար. «…թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու» (Ղուկաս 18:1): Ըստ առակի՝ քաղաքներից մեկում ապրում էր մի անիրավ դատավոր, ով ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ էր անում .....
Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկների հիշատակությունը
Ամեն տարի Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկների հիշատակությունը: 313թ-ը քրիստոնեական պատմության մեջ հայտնի է նրանով, որ Հռոմեական աշխարհի երկու մասերում՝ Արևմուտքում և Արևելքում իշխող Կոստանդիանոս և Լիկիանոս կայսրերը հռչակել էին Միլանի նշանավոր հրովարտակը, որով բացարձակ ազատություն էր շնորհվել քրիստոնյաներին՝ հավատալու այնպես, ինչպես .....
Միջինք
Ինքնամաքրման ճանապարհի կեսին Միջինքը հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Այդ օրը անդրադառնում ենք, որ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր, և որ դեռևս խոկումի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության օրեր են: Մինչ Հարության տոնի ուրախությունը, պահեցողության օրերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին անդրադառնալու .....
Տնտեսի կիրակի. չհետաձգել բարի գործերը
Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի մասին ավետարանական առակը (Ղուկաս 16:1-8): Առակի խորհրդով էլ Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է «Տնտեսի կիրակի»: Անիրավ տնտեսի առակում պատմվում է, թե մի մեծահարուստ տանուտեր կար, ով իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Վերջինիս մասին մի օր ամբաստանություն է լսում, թե հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ: Տանուտերն այս որ լսում է, կանչում է տնտեսին .....
Անառակի կիրակի
Մեծ պահքի երրորդ՝ «Անառակի կիրակին», մատնանշում է Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակը» (Ղուկաս 15:11-32): Այս առակում նկարագրվում է մեղսալից կյանքով ապրած անառակ որդու զղջումը և ապաշխարությամբ վերստին դեպի Հայրը դառնալը: Անառակ որդու առակը զետեղված է միայն Ղուկասի Ավետարանում: Հիսուս Քրիստոս, յուրաքանչյուրին հորդորելով ապաշխարել, պատմում է, թե մի մեծահարուստ մարդ երկու որդի ուներ, որոնցից կրտսերը, հորից պահանջելով հայրական .....
Արտաքսման կիրակի. աշխարհի գրավիչ հրապույրը
Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են: Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2): Երբ Աստված երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց մարդուն, բացի դրախտային սքանչելիքներից, նրան պարգևեց ազատ կամք՝ կա՛մ աստվածահաճո ճանապարհով ընթանալ, կա՛մ շեղվել: Աստված երբեք Իր կամքը չի պարտադրում .....
Շնորհավոր բարեկենդան, բարով հասնենք Սուրբ Հարության
Բուն բարեկենդանը հայոց հնագույն և տարածված տոներից է: Այս տոնը բացի «Բարեկենդան» անունից, ուներ նաև անվանման այլ ձևեր, օրինակ. «Բարիկենանք»՝ Նոր Նախիջևանում, «Փորեկենդան»՝ Ջավախքում, «Պարեկենդանք»՝ Արճակում, «Բըրգինդան»՝ Մեղրիում, «Պարգընդընք»՝ Մուսա Լեռում և այլն: Բարեկենդանի օրը կազմակերպվում էր զանգվածային խնջույքներ: Այդ օրը վայելում էին առատ ուտելիք, պատրաստում էին ճոխ սեղան, կատարում էին դիմակավոր .....
Կ. Պոլսի երկրորդ տիեզերական ժողովը
Տիեզերական ժողովը քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների հատուկ հավաք է, որը տեղի է ունենում մեկ ընդհանուր հավատքի վկայության, հավատքի ուսմունքի ճշմարտությունների հաստատման համար, որոնք եկեղեցուն են տրվել հայտնությամբ, ուստի և, անկասկած, հավաստի են: Նվիրված են եղել հիմնականում դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին: Նաև հաստատելու համար կանոններ, որոնք պարտադիր .....
Մեծ պահքի ժողովրդական սովորությունները
«Ակլատի՜զ, բռնեբիբի՜զ, եկար մեզ հյուր, կախվար երդիս» Այսպես էին երգում երեխաները՝ ակլատիզը տան երդիկից կախելով: Հնուց ի վեր գոյություն ուներ յուրահատուկ օրացույց-շաբաթացույց՝ ակլատիզը, հաշվելու համար Մեծ պասի յոթ շաբաթները: Բուն բարեկենդանից անմիջապես հետո՝ Մեծ պասի առաջին օրը, հավի պոչի յոթ փետուրները, գլուխ սոխի (խմորե գնդի, կարտոֆիլի) մեջ ամրացնելով, պատրաստում էին ակլատիզ ու գույնզգույն յոթ թելերի հյուսքով կախում երդիկի .....
Սուրբ Ղևոնդյանք՝ հայրենիքի և հավատքի նվիրյալները
Ղևոնդյանց սուրբ քահանաները Սուրբ Վարդանանց հետ Ավարայրի ճակատամարտի զինվորներ ու նահատակներ են: Թեև տոնացույցում որպես քահանաներ են հիշատակվում ինը հոգուց բաղկացած նահատակների այս խումբը, սակայն նրանք պատկանում են եկեղեցական կարգի բոլոր աստիճաններին՝ կաթողիկոս, եպիսկոպոս, քահանա և սարկավագ: Նահատակների այս խումբը կոչվեց Ղևոնդյանք՝ ի պատիվ իրենց հոգևոր զորավարության և նահատակության պարագլուխ երիցս երանելի Ղևոնդ Երեցի: Նա լի Սուրբ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․