Տոներ

Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից: 

 Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:

Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:

Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:

Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:

Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:

Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:

Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:

Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:

Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:

Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:

Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:

Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:

Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,

2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,

3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,

4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),

5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:

Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:

Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:

Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:

Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:

Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:

Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:

Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:

«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:

«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:

Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:

Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:

Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:

Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:

Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:

1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:

Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:

Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Չորս ավետարանիչներ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին, հիշատակում է Խաչի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Ավետարաններում ավետվում է Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը: Սուրբ Մատթեոս ավետարանիչը ծնվել է Կափառնայում քաղաքում, որը գտնվում է Տիբերիա լճի հյուսիսային կողմում: Նրա անունը նշանակում է Աստծո .....
Խաչվերաց. Աստվածային նշանը կանչում է փրկության
Խաչվերացի տոնը Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Քրիստոնյա բոլոր եկեղեցիները այն նշում են սեպտեմբերի 14-ին, իսկ Հայ եկեղեցին՝ սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը: Խաչվերաց նշանակում է խաչի վեր բարձրացումը, կանգնեցումը: Ըստ եկեղեցական ավանդության, ի ցույց մարդկանց Քրիստոսի խաչը երեք անգամ է հանդիսավորապես կանգնեցվել: Նախ, ինչպես տեղեկանում ենք Թորգոմ Գուշակյանից, Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս .....
Խաղողօրհնեք
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը՝ Սբ. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին: Այս սովորույթը ոչ մի առնչություն չունի բուն տոնի հետ, այլ գալիս է շատ հին ժամանակներից: Հնուց ի վեր եկած սովորության համաձայն՝ տարվա առաջին բերքը ընծայվում էր Աստծուն: Ըստ օրենքի՝ այդ բերքերն էին ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը և այլն: Այդ նվիրատվության արարողությամբ .....
Աստվածամոր տոնի ժողովրդական սովորությունները
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Հայաստանի առանձին բնակավայրերում տոնն ուներ անվանման այլ տարբերակներ. Աստվածածնի Զատիկ, Խաղողի Զատիկ (Խաղողը Զադագ) (Մուսալեռ), Աստվարածին (Հարք-Բուլանըխ), Աստաձաձին (Վանք-Մեղրի) և այլն: Շատ բնակավայրերում Սբ. Աստվածածնի վերափոխումը հայտնի էր նաև Պտուղի օրհնանքի տոն հոմանիշ անվանմամբ: Այս տոնին առանձնանում էին ուխտագնացությունները, .....
Վարդավառի ժողովրդական սովորությունները
Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Այս տոնը Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Զնաբերդ), Վըրթէվօր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ) և այլն: Բազում այս անվանաձևերով հանդերձ, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր .....
Մեռելոց. աղոթք ննջեցյալների համար
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները .....
«Բարով եկար ա՜յ Զատիկ, դու մի հատ ես ա՜յ Զատիկ»
Սբ. Զատկի տոնին նվիրված բազում ժողովրդական սովորություններ կան: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում էին շաբաթ և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթ երեկոյան՝ ճրագալույցին, եկեղեցում կատարվում էր Պատարագ՝ նվիրված Քրիստոսի Հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Յուրաքանչյուրը մոմ էր վառում և ճաշակում իր հետ վերցրած ձուն, դրանով իսկ, հրաժեշտ տալով պահքին: Պասը լուծելու արարողությունը կոչվում .....
Ավագ Շաբաթ. Ճրագալույց Սուրբ Զատկի
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը: Ավագ Շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը՝ սրբերի հանգիստը: Անցած .....
Ավագ Ուրբաթ. հաստատվեց Կյանքի հաղթանակը
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը (Մատթեոս 27:32-44, Մարկոս 15:21-32, Ղուկաս 23:26-43, Հովհաննես 18:17:27): Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան .....
Ավագ Հինգշաբթի. Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը
Ավագ շաբաթվա օրերից իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ է գրավում Ավագ Հինգշաբթին: Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝ .....
Ավագ Չորեքշաբթի. օծում և մատնություն
Ավագ Չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ Չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդոց 18), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12-14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19): Ավագ Չորեքշաբթի .....
Ավագ Երեքշաբթի. քանի դեռ ժամանակը մեր ձեռքերում է
«Շնորհիր մեզ Տեր արթնություն իմաստուն կույսերի հետ և մեր հոգիների լապտերները պայծառացրու» Չարչարանաց շաբաթի երկրորդ օրը՝ Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այս օրը նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդոց 7:11): Ավագ Երեքշաբթի օրը մարդկության .....
Ավագ Երկուշաբթի. յուրաքանչյուր հասակից պտուղ է պահանջվելու
Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն: Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» .....
Ավագ շաբաթ. Երկնքի և երկրի հաշտեցումը
Ծաղկազարդի կիրակիին հաջորդում է Ավագ շաբաթը, որը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա ընթացքում Հիսուս Քրիստոս առաքյալների հետ մինչև Իր Հարությունը վերջին անգամ սեղան նստեց, ապա մատնվեց, ձերբակալվեց, դատվեց, անարգվեց և չարչարանքներով խաչ հանվեց, որի համար էլ այս շաբաթը կոչվում է նաև Չարչարանաց շաբաթ: Ծաղկազարդից .....
Մուտն ի Վիրապ. Լույսը Խոր Վիրապի մեջ
Սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ ու նահատակությամբ արգասավորվեց հայրենի հողը: Առաքյալները ժողովրդի բոլոր խավերին անխտիր քարոզեցին՝ պալատականներից մինչև ամենախոնարհ դասակարգերը: Ուստի նրանք, ովքեր իրենց հոգում ընդունեցին երկնավոր լույսը, չէին վախենում և սոսկում թագավորի խիստ ու սպառնալից հրովարտակներից: Քրիստոնեությունը, որ եկել էր հիմնվելու բարոյականության և պատվի վրա, քրիստոնյա նորադարձ հավատացյալների .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․