Աղանդավոր դառնալու պատճառները

Ըստ ՀՀ Կառավարության կայքում զետեղված տեղեկատվության՝ մեր սիրելի և թանկագին հայրենիքում՝ Հայաստանում, գրանցված է շուրջ 65 կրոնական կազմակերպություն: Երբ կարդում ենք այդ կազմակերպությունների անվանացանկը, մեր մտքում առաջանում են հարցեր, օրինակ՝ ո՞րն է ճիշտը այդ կրոնական կազմակերպություններից, ինչո՞ւ դրանց թիվը հասել է 65-ի, որո՞նք են դրանց հիմնադրման գլխավոր պատճառները, որո՞նք են գործնական քայլերը, որոնց միջոցով կարելի է հայ ազգի զավակներին համախմբել մեկ եկեղեցու շուրջը:  

Սխալ արտահայտություն է, երբ ասում ենք, որ այդ բոլոր  կրոնական կազմակերպությունները հիմնված են մաքուր մտքի և հանգիստ խղճի վրա, որովհետև «Ո՞վ է ղեկավարում մարդուն» խորագրով հոդվածում, որը լույս տեսավ 20.05.2022-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու կայքէջում (https://surbzoravor.am/post/view/ov-e-ghekavarum-mardun), տեսանք, որ «Մարդը ենթարկվում է բազմաթիվ ազդեցությունների, որոնք երբեմն առաջնորդում են նրան բանականությամբ չվարվել այնպես, ինչպես պետք է», իսկ «Խիղճը կարող է սխալվել, քանի որ ազդվում է ավանդույթներից, ցանկություններից, գիտելիքներից, միջավայրից և այլն»: Քանի որ մարդու միտքը կարող է սխալվել՝ մաքուր չլինել, և խիղճը սխալվել՝ հանգիստ չլինել, ուրեմն հնարավոր է, որ կրոնական կազմակերպությունը հիմնվի անմաքուր մտքի և անհանգիստ խղճի մղումով: 

Երբ նայում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց դուրս գոյություն ունեցող տասնյակ կրոնական կազմակերպություններին, տեսնում ենք, որ դրանց միջև գոյություն ունեն ոչ միայն պատմական, դավանաբանական և ծիսական տարբերություններ, այլ նաև դաստիարակչական, ուսուցողական և բարոյական հակասական ուսուցումներ: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Եհովայի վկաների կազմակերպության հիմնադրումը, որպես հանգիստ խղճի արդյունք, երբ յուրաքանչյուր հայ Եհովայի վկայի խիղճը իրեն չի մղում զենք վերցնել պաշտպանելու համար իր հայրենիքի՝ Հայաստանի սուրբ հողը: Ինչպե՞ս կարելի է բացատրել Հիսունականների «հանգիստ խիղճը», երբ նրանց համար Հիսուս Քրիստոսի սովորեցրած աղոթքը՝ Հայր մերը, հին, հետամնաց աղոթք է, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ հայրերի գրվածքները` Հաճախապատումը, Մատյան ողբերգությանը, Հավատով խոստովանիմը և այլն որևէ արժեք չունեն:  

Այս հոդվածի նպատակն է նախ՝ բացատրել կրոնական կազմակերպություն և աղանդ հասկացությունները, ապա՝ ներկայացնել աղանդավոր լինելու գլխավոր պատճառները:

Կրոնական կազմակերպություն հասկացությունը:  Հայաստանի Ազգային ժողովի կայքում գրված է․ «Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ ղեկավարության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է»:

Աղանդ բառի հասկացությունը: Աղանդ բառը, ըստ Մալխասեանցի Հայերէն բացատրական բառարանի, նշանակում է․ «1. կրոնական ուսում կամ վարդապետություն, որ խոտորվում է եկեղեցու մեջ ընդունված վարդապետությունից կամ դավանությունից, 2. կրոն, որ օտար է մի երկրում ընդունված կրոնին և մոլորական է համարվում այնտեղ»:

Ուրեմն այստեղ կարելի է ասել, որ Հայաստանում գտնվող բոլոր կրոնական կազմակերպությունները աղանդ են հայ ժողովրդի ազգային եկեղեցու՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, քանի որ՝ 1. խոտորվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ընդունած վարդապետությունից կամ դավանությունից, 2. օտար են Հայաստանում ընդունված կրոնին՝ Քրիստոնեությանը՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների միջոցով հիմնված առաքելական դավանանքին:  

Աղանդավոր դառնալու պատճառները շատ են, սակայն այստեղ սիրելի ընթերցողներին ներկայացնում եմ մի քանիսը:

Աղանդավոր ընտանիքում ծնվելը: Աղանդավոր ընտանիքի մեջ ծնվելը աղանդավոր լինելու պատճառներից մեկն է, որովհետև այդ տան մեջ հնչված սխալ ուսուցումները ճիշտ պիտի թվան ծնված մանուկի մտքում: Օրինակ՝ Եհովայի վկանների ծնողներից ծնված մանուկը ինչպես պիտի իմանա, որ իրենց տան մեջ գործածված Աստվածաշնչի Նոր Աշխարհ թարգմանությունը լեցուն է թարգմանական միտումնավոր սխալներով: Իմաստուն և լեզվագետ հոգելույս Զարեհ Արք. Ազնավուրյանն իր «Եհովայի վկաների այլափոխված Աստվածաշունչը» գրքում ասել է. «Նոր աշխարհի թարգմանության մեջ Եհովայի վկաներն իրենք իրենց թույլ են տվել Նոր կտակարանի հունարեն բնագրում 241 անգամ փոխել «Տեր» բառը և նրա տեղը դնել «Եհովա»:

Ինչքա՛ն ցավալի է այն մանուկների հոգևոր կյանքի վիճակը, որոնք իրենց կամքից անկախ ծնվել են աղանդավոր ընտանիքներում՝ լինեն դրանք Եհովայի վկաներ, Կյանքի խոսք, Հիսունականներ, Մորմոններ, Շաբաթապահներ և այլն:

Աղանդավորի հետ շփվումը և մտերմությունը: Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդիկ առկա և առցանց տարբերակներով արագորեն իրարից ազդվում են գաղափարներով, մտածելակերպով, ապրելակերպով, գործելակերպով և այլն: Աղանդավորի հետ երկխոսության մեջ մտնելը, լինի դա դպրոցում, գործատեղիում, տրասպորտում կամ հանրային վայրում, աղանդավոր դառնալու պատճառներից մեկն է, որովհետև աղանդավորն իր չարակամ երկխոսության մեջ ցանելու է աղանդավորական որոմներ իր որսի՝ զրուցակցի մտքում, և հավանականություն կա, որ այդ որոմները ծլեն և խեղդեն ու սպանեն որսի մտքում առաջվա ուղղափառ հավատքի դավանանքը:    

Աստվածաշնչի անճանաչողությունը: Կան մարդիկ, որոնք Աստվածաշնչի անճանաչողության պատճառով հեշտ որս դարձան աղանդավորների կողմից և հեռացան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց: Աղանդավորները ունեն սխալ  սովորություն, որ Աստվածաշնչից մեջբերում են մի համար կամ մի քանի համարներ, և դրանց միջոցով փորձում են իրենց սխալ վարդապետությունը ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն: Եվ քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պարզ հավատացյալը լավ չի ճանաչում Աստվածաշունչ մատյանը, ուստի հեշտությամբ կհոշոտվի և կեր կդառնա ոչխարի հագուստով աղանդավոր գայլին: Օրինակ՝ Հիսունականները ասում են հավատա և կփրկվես, քանի գրված է. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, ու կփրկվեք դու և քո տունը» (Գործք. 16:31), մինչ դեռ փրկությունը ունի պայմաններ և ոչ թե մի պայման՝ միայն հավատքը, այլ 1. Հավատքը  «Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16), 2. մկրտությունը «Ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մրկ. 16:16), 3. մեղքերի խոստովանությունը քահանաին «Երբ այս ասաց, նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20:22-23), 4. ապաշխարությունը «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:3), 5. հաղորդությունը «Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի ...»։ (Հովհ. 6։53-58), 6. բարի գործեր կատարելը «Հաւատքն առանց գործերի մեռած է» (Հակ. 2:20) (Արարատ թարգմանություն), «Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. «Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք» (Մտթ. 25:34-36):

Գործի հաջողություն ունենալը: Դրամասիրությունը տեսնում ենք Հուդա Իսկարիովտացու կյանքում, երբ նա համաձայնվեց քահանայապետների հետ մատնել  Քրոստոսին երեսուն արծաթի փոխարեն (Մատթ. 26, Մարկ. 14, Ղուկ. 22)։ Ներկայումս կան մարդիկ, որոնք իրենց անձնական գործի մեջ հաջողություն ձեռքբերելու համար, պատրաստ են հեշտությամբ անդամակցել որևէ կրոնական կազմակերպության, որպեսզի այդ կազմակերպության անդամները իր խանութից գնեն և իր գործը բարելավվի, օրինակ՝ մի ակնոցավաճառ դառնում է Եհովայի վկա, որպեսզի Եհովայի վկանները իրենից գնեն ակնոցներ: Աստվածաշունչը մեզ հիշեցնում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային» (Մատթ. 6:24), «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց» (Մատթ. 16:26):

Աղանդավորին սիրահարվելը: Եթե Սողոմոն իմաստունը մի ժամանակ սիրեց կռապաշտ աղջիկներին և՝ 1. մոլորվեց Տիրոջ ճանապարհից, 2. նրա սիրտը խոտորվեց օտար աստվածների կողմը, 3. կուռքեր կառուցեց, 4. կուռքեր պաշտեց և այլն (Գ Թագ. 11:4-8), ապա կարելի է ասել, որ մի պարզ հավատացյալ տղա, եթե սիրի մի աղանդավոր աղջկա, կամ հակառակը՝ մի պարզ հավատացյալ աղջիկ սիրի մի աղանդավոր տղայի, կհեռանա իր Սուրբ Եկեղեցու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծոցից, կընդունի աղանդավոր կազմակերպության դավանանքը, որպեսզի պարզապես ամուսնանա իր սիրելիի հետ:    

Աղանդավորական գրությունների  ընթերցանությունը: Նախապես ասում էին. «Գիրքը լավ բարեկամ է», բայց որովհետև ամեն գիրք լավ չէ իր բովանդակությամբ, ուստի պետք է ասենք․ «Լավ գիրքը լավ բարեկամ է»: Հավանականություն կա, որ սխալ գիրքն իր անհիմն տեղեկություններով, ոչ ճիշտ վերլուծումներով, կասկածի որոմներով պատճառ դառնա, որ մարդը շեղվի ճշմարիտ ճանապարհից, մոլորվի և աղանդավոր դառնա: Սովետական միության ժամանակ կային «Գիտական աթեիզմի հիմունքներ» անվամբ դասագրքեր, որոնք լավ բարեկամներ չեն եղել ընթերցողներին: 

Տակավին կան աղանդավոր դառնալու այլ պատճառներ՝ հոգեկան տագնապները, միայնակ լինելը, աղքատությունը, հետաքրքրությունը, պարզ տեսությունը՝ բոլոր կրոնների անդամները գնում են Երկինք և այլն:   

Երանելի է այն անձը, որ ջրով և հոգով ծնվում է Հայաստանի Ազգային Եկեղեցու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մյուռոնված Մկրտարանում, որովհետև ծնվում և քայլում է լուսավոր ուղիղ ճանապարհի և ճշմարիտ դավանանքի մեջ, և ոչ աղանդավորների նման է, որոնք մոլորված քայլում են խավար ճանապարհի մեջ և որոնց դավանանքը կեղծիքների բույն է Աստվածաշնչի վկայությամբ:     

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

04.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․