Գրքեր

Աղոթքի ցանկություն

- Ինչպե՞ս է պետք աղոթել, հա՛յր:

- Քեզ փոքր երեխայի պես զգա, իսկ Աստծուն՝ որպես քեզ հայր, և խնդրիր Նրան այն ամենն, ինչի կարիքն ունես: Աստծու հետ այս կերպ զրուցելով՝ այլևս չես ցանկանա Նրանից հեռանալ, որովհետև մարդը միայն Աստծու մեջ է անվտանգություն, մխիթարություն, աստվածային քնքշությանը միավորված անկկարագրելի սեր գտնում: Աղոթքը նշանակում է Քրիստոսին սրտում ընդունել և սիրել ողջ էությամբ: «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով»,- ասում է Սուրբ Գիրքը (Ղուկ. 10:27): Երբ մարդն Աստծուն սիրում է և շփում ունի Նրա հետ, երկրային ոչինչ նրան չի գայթակղում: Նա ասես խենթանում է: Ամենալավ երաժշտությունը միացրու խենթի համար՝ այն նրան չի հուզում: Ամենասքանչելի նկարները ցույց տուր՝ նա անգամ ուշադրություն չի դարձնի: Ամենահամեղ ուտելիքը, ամենալավ հագուստը, ամենահրաշալի բույրերը տուր՝ նրա համար միևնույն է, նա իր աշխարհում է ապրում: Այդպես էլ երկնային աշխարհի հետ շփում ունեցող մարդն է՝ ամբողջությամբ այնտեղ է և ոչ մի գնով չի ցանկանում բաժանվել դրանից: Ինչպես չես կարող երեխային պոկել մոր գրկից, այնպես էլ չես կարող աղոթքից կտրել այն մարդուն, որը հասկացել է դրա իմաստը: Երեխան ի՞նչ է զգում մոր գրկում: Միայն նա կարող է դա հասկանալ, ով կզգա Աստծու ներկայությունը, իսկ իրեն՝ որպես փոքր երեխա:

Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք իրենց փոքր երեխա են զգում աղոթելիս: Եվ եթե որևէ մեկը լսի, թե նրանք ինչ են ասում աղոթելիս, ապա կասի, որ նրանք փոքր երեխաներ են: Իսկ եթե տեսնի, թե ինչպիսի շարժումներ են անում այդ ընթացքում, կասի, որ այդ մարդիկ խելագարվել են: Ինչպես երեխան է վազում հոր մոտ, բռնում թևքից և ասում. «Չգիտեմ ինչպես, բայց պիտի անես այն, ինչ խնդրում եմ»: Նույնպիսի պարզությամբ ու համարձակությամբ այդ մարդիկ խնդրում են Աստծուն:

- Հա՛յր, իսկ աղոթքի ցանկությունը կարո՞ղ է ծնվել շփման, մխիթարության էմոցիոնալ կարիքից:

- Եթե նույնիսկ այն ծնվի Աստծու նկատմամբ էմոցիոնալ բարի կարիքից, մի՞թե վատ է: Սակայն, երևում է, որ դու շարունակ մոռացկոտության մեջ ես գտնվում և միայն կարիքի դեպքում ես աղոթքի դիմում: Պարզ է, որ Աստված այն պատճառով է թույլ տալիս, որ զանազան կարիքների և դժվարությունների հանդիպենք, որպեսզի Նրան դիմենք, սակայն ավելի լավ է, երբ երեխան սիրուց մղված է վազում հոր կամ մոր մոտ: Հնարավո՞ր է մի երեխայի պատկերացնել, որը գիտի, թե ծնողներն ինչպես են իրեն սիրում և որին ստիպված լինես ուժով ստիպել մոր կամ հոր գիրկը գնալ:

Աստված գորովալից Հայր է և սիրում է մեզ: Ուստի պետք է անհամբերությամբ սպասել աղոթքի ժամին և երբեք չհագենալ Նրա հետ շփումից:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

09.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․