Հոկտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում և դրամաբաշխություն արցախյան վերջին քառօրյա պատերազում զոհված զինվորների ընտանիքների անդամներին:
Հանդիպումն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Հայոց բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ սկսվեց Տերունական աղոթքով:
Հանդիպման առիթը Կանադայի հայոց թեմի փոխառաջնորդ, Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Զարեհ ավագ քահանա Զարգարյանի նախաձեռնությունն էր, ով Հայաստան էր եկել հայրենանվեր մի առաքելությամբ: Տեր հայրը որոշել է իր ծննդյան 50-ամյակի առթիվ նվեր ստացած ամբողջ գումարը նվիրաբերել հանուն Հայրենիքի զոհված զինվորների ընտանիքներին:
Նավասարդ Սրբազանն իր երախտիքն ու խոնարհումը բերեց որդեկորույս ծնողներին: Մխիթարության ու երախտիքի խոսքեր ասաց նաև Վրթանես Սրբազանը:
Հայաստան կատարած այցելության ընթացքում Տ. Զարեհ ավագ քահանա Զարգարյանն արդեն այցելել է Արցախ, հանդիպել ու իր աջակցությունն է ցուցաբերել նաև արցախցի զինվորների ընտանիքներին:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈՒ N զորամասի գնդերեց արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին