3 Դեկտեմբեր, Գշ
Կիլիկյան ամենաանվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի վրձնած «Անցումը Կարմիր ծովով» նկարը ներկայացնում է տարբեր ժամանակներում կատարված դեպքերի համաժամանակյա պատկերում. փարավոնի հեծյալների կողմից իսրայելացիների հետապնդումը մինչև Կարմիր ծովն անցնելը, խավարը եգիպտացիների վրա, հետ նայող սարսափահար իսրայելացիները ծովի մյուս կողմում (կանայք թմբուկ են զարկում)՝ երկնքից սուրացող պահապան հրեշտակի հետ: Այս թեման այլ ձևով կրկնվում է Հեթում Բ-ի նշանավոր «Ճաշոցում», որտեղ ընդգրկված են հատվածներ ինչպես Հին, այնպես էլ Նոր կտակարանների տարբեր գրքերից:
Մովսեսի՝ հրեաներին Եգիպոսից դեպի Ավետյաց երկիր ուղղորդելու ժամանակ Աստված ճանապարհը նրանց ցույց է տալիս «Ամպի սյան» տեսքով, որը «ամպ և խավար էր որոշների համար և ուրիշների գիշերն էր լուսավորում»։ Իմանալով հրեաների փախուստի մասին՝ փարավոնը նրանց հետևից հեծյալներ և ձիակառքեր է ուղարկում։ Հասնելով Կարմիր ծովին՝ «Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և հարավային հողմի ուժով ողջ գիշեր ծովը հետ մղվեց. բացվեց ծովի հատակը, ջուրը երկուսի բաժանվեց: Իսրայելացիները մտան հատակը բացված ծովի մեջ ու առաջ շարժվեցին ինչպես ցամաքով» (Ելք 14:21-22)։ Իսկ երբ եգիպտացիները հետևում են նրանց, Մովսեսը ջուրը նույն վիճակին է վերադարձնում և փարավոնի զորքը խեղդվում է։ Հակադիր ափին փրկված իսրայելցիները Աստծուն փրկության համար շնորհակալական երախտագիտության երգ են երգում, և Մովսեսի քույր Մարիամը և ուրիշ կանայք ուրախանում են, ծնծղա նվագում և պարում։ Փարավոնը և նրա զորքը պատկերվում են իրարանցման մեջ խորտակվելիս, ձիավորները և ձիերը ջրում թպրտում են։ Սյունը կարող է անտիկ սյան տեսքով պատկերվել և այն կարող է ուղեկցվել հրեշտակի կողմից։ Իսրայելցիները անցումից հետո դեռևս իրենց ունեցվածքը տանում են գլխի վրա, ինչպես դա սովորաբար քրիստոնյաներն են անում, կամ ուրախությունից գրկախառնվում են, կամ էլ ծնկաչոք երախտագիտության աղոթքներ են ասում։ Վաղ եկեղեցին այս դրվագը ներկայացնում է որպես քրիստոնեական Մկրտության խորհրդանիշ։
Հռոմի Ս. Պետրոսի տաճարում պատկերված են Մովսեսն ու Ահարոնը փարավոնի առջև, օձի հրաշքը, եգիպտական աղետները և Կարմիր ծովի անցումը։ Ս. Պողոսի տաճարում վերը հիշատակված տեսարաններից բացի ներկայացված են Մովսեսի առաքելությունը և երկու նկարներով եգիպտացի առաջնեկների մահը։
«Կարմիր ծովի անցումը» տեսարանը Մովսեսի կյանքին վերաբերող մի շարք այլ տեսարանների հետ պատկերված է Հռոմի Ս. Մարիամ Մագդաղենացու վանքի աջ պատին: Կարմիր ծովի անցումը ներկայացված է նաև 880 թ. թվագրվող Փարիզի Gr.510 ձեռագրում (Գրիգոր Նազիացու ձեռագիր) և Gr.20 ձեռագրում:
Կազմեց Գայանե Սուգիկյանը