Գրքեր

Անհավատությունը հիվանդություն է, իսկ հավատը՝ հոգևոր առողջություն

Մենք գիտենք ավետարանական պատմությունն այն մասին, թե ինչպես Հիսուսը բժշկեց երկու կույրերին, որոնք աղաղակում էին Նրան. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի» (Մատթ. 9:27-29): Տերը հարցրեց նրանց. «Հավատո՞ւմ եք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»: Եվ Նա ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։ Հենց այդ պահին նրանք բժշկվեցին և սկսեցին տեսնել:

Այս առակը մեզ հիշեցնում է հավատի ուժի մասին և այն մասին, թե ինչ կարող է անել հավատը մեր կյանքում: Մարդը, որը զուրկ է հավատից, հոգեպես կույր է: Այդպիսի մարդը չի տեսնում սեփական մեղքերը, չի նկատում Աստծո նախախնամությունն իր կյանքում: Եթե նույնիսկ նրա աչքի առաջ հրաշք կատարվի, նա կփորձի բացատրել դա կամ հանգամանքների բերմամբ կամ դեպքերի բնական ընթացքով: Այդ մարդուն չի դիպչում Աստծո շնորհը, քանի որ նրա սիրտը կարծրացած է, իսկ աչքերը չեն տեսնում Աստծո լույսը: Հավատը հնարավորություն է տալիս տեսնել իրերի իմաստը: Այն հնարավորություն է տալիս մարդուն տեսնել Աստծո նախախնամությունը սեփական կյանքում: Այն բացում է մարդու աչքերը տեսնելու սեփական մեղքերը և անկատարությունները՝ թույլ տալով գիտակցել դրանք, ապաշխարել և բժշկվել դրանցից, ինչպես մարդիկ բուժվում են ֆիզիկական հիվանդություններից:

Ըստ էության՝ անհավատությունը հիվանդություն է, իսկ հավատը՝ հոգևոր առողջություն: Այդ իսկ պատճառով, երբ մենք մեր կյանքում հանդիպում ենք անհավատ մարդու, իսկ այդպիսիք բավականին շատ են մեր շրջապատում, ապա մենք պետք է հասկանանք, որ չարժի նրա անհավատության մեղքն ամբողջովին բարդել հենց այդ մարդու վրա: Ինչպես հիվանդությունները՝ մեկի մոտ այն կարող է լինել ի ծնե, մեկ ուրիշի մոտ՝ ձեռքբերովի: Բայց չէ՞ որ մենք չենք մեղադրում հիվանդներին իրենց հիվանդության համար, այլ նրանց ապաքինում ենք մաղթում և ինքներս էլ, որքանով կարողանում ենք, փորձում ենք օգնել նրանց առողջանալ: Այդպես և անհավատ մարդկանց հետ մեր փոխհարաբերություններում մենք պետք է հասկանանք, որ անհավատությունը հոգևոր կուրություն է: Բայց դա այնպիսի կուրություն է, որից հնարավոր է ապաքինվել, նույնիսկ եթե մարդն ի ծնե է կույր: Բժշկողը Աստվածն է, բայց մենք էլ այդ հարցում հանդիսանում ենք օգնականներ անհավատ մարդկանց համար: Մարդիկ կհավատան Աստծուն, եթե մեզնից ոչ միայն գեղեցիկ խոսքեր լսեն, այլև տեսնեն, թե ինչպես ենք մենք քրիստոնեավայել ապրում, կատարում Աստծո պատվիրանները և, ամենակարևորը, թե ինչպես է Հիսուսի հանդեպ հավատը վերափոխում մեր կյանքը:

Հնարավոր չէ հավատալ միայն ձեզ ներշնչելու շնորհիվ, որ Աստված կա: Հնարավոր չէ հավատալ Աստծուն միայն գրքերի կամ որևէ մեկի համոզիչ խոսքերի շնորհիվ: Գրքերի շնորհիվ լավագույն դեպքում կարելի է որոշակի պատկերացում կազմել Աստծո գոյության մասին, բայց այն մասին, որ Աստված գործում է մեր կյանքում, ազդում է յուրաքանչյուր մարդու վրա, բացում է կույրերի աչքերը, կարելի է իմանալ միայն անձնական հոգևոր փորձառությամբ: Դա մեծագույն գաղտնիք է, որի իմաստը, երևի, ոչ ոք այդպես էլ չի բացահայտի: Ինչո՞ւ են որոշ մարդիկ գնում Աստծու մոտ, իսկ ոմանք՝ խուսափում: Ինչո՞ւ, ապրելով միևնույն աշխարհում, միևնույն քաղաքում, գտնվելով միևնույն պայմաններում, աշխատելով նույն աշխատավայրում, մեկը հավատացյալ է, իսկ մյուսը՝ անհավատ, և նրանցից յուրաքանչյուրն յուրովի է ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա կյանքում:

Եկե՛ք աղոթենք, որպեսզի Աստված, Ով կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճանաչեն ճշմարտությունը, դեպի ճշմարիտ հավատն ուղղորդի բոլոր նրանց, ում մենք ճանաչում ենք և ում չենք ճանաչում, բոլոր նրանց, ովքեր դեռևս գտնվում են հոգևոր կուրության մեջ և ում ներքին աչքերը դեռ չեն բացվել տեսնելու Աստվածային անմեկնելի լույսը: Եկե՛ք ինքներս մեզ և մեկմեկու հանձնենք Աստծո ձեռքը, մեր կյանքը հանձնենք Աստծո կամքին և փորձենք մեր կյանքի իրադարձություններում տեսնել Աստծո նախախնամությունը: Եկե՛ք հետևենք մեր արաքներին, ապաշխարենք մեր մեղքերի համար և խնդրենք Աստծուն, որ Նա բժշկի մեզ ոչ միայն մեր ֆիզիկական, այլև հոգևոր հիվանդություններից: Եկե՛ք ամրանանք հավատի մեջ, ինչը օգտակար կլինի ոչ միայն մեր, այլև շրջապատող մարդկանց համար:

 

Միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեև

Ռուսերենից թարգմանեց Անի Բրուտյանը

07.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․