23 Նոյեմբեր, Շբ
Երանելի Սպիրիդոնն այնչափ հեզ ու խոնարհ էր, որ հոտի հովիվ լինելով` նրան դարձրին եպիսկոպոս Տրիմիթոն կոչված քաղաքում, սակայն իր մեծագույն խոնարհության պատճառով չթողեց խաշնարածությունը: Մի գիշեր եկան գողերը ոչխար գողանալու նրա հոտից, սակայն Աստված պահեց հովվին ու նրա հոտը, քանզի երբ գողերը մտան բակ, ուր ոչխարներն էին, Աստծո աներևույթ զորությունը կապեց նրանց: Եվ երբ դա եղավ, հովիվը մտավ բակ` հաշվելու ոչխարներին, գտավ գողերին` ձեռքերը հետևում կապված, իմացավ նրանց գալու պատճառը և աղոթքի կանգնելով առ Աստված` արձակեց գողերին և խրատեց նրանց, որ աշխատանքով ապրեն և չգողանան: Մի պարարտ ու փափուկ խոյ ընտրելով հոտից` կապեց և տվեց նրանց ուրախությամբ և ասաց. «Թող ձեր չարչարանքը իզուր չլինի, վերցրե՛ք սա և գնացե՛ք խաղաղությամբ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016