Առաքյալների նախօրինակներ Հին Կտակարանում
Քրիստոսի առաքյալների հատկանշական համեմատություններ կան հինկտակարանյան իրողությունների հետ: Հրեական տասներկու նահապետները` Հակոբի որդիները, որոնցից սերվեց հրեա աստվածընտիր ազգը, նախօրինակներն էին Քրիստոսի տասներկու առաքյալների, որոնց քարոզչությամբ քրիստոնյա դարձան բազմաբյուր մարդիկ` որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ: Հրեաները դուրս եկան Եգիպտոսից և անցնելով Կարմիր ծովով` եկան անապատ, այնուհետև հասան Եղիմ, ուր կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի (Ելք 15.27), և կարողացան այնտեղ հանգստանալ: Աղբյուրներն ու արմավենիները խորհրդանշում են Քրիստոսի տասներկու և յոթանասուներկու առաքյալներին, որոնց ավանդած քաղցրագույն վարդապետությունը զովացնում է մկրտության ջրի միջով անցած հավատացյալներին: Մովսեսի կողմից քանանացիների երկիրը ուղարկված տասներկու հետախույզները, ովքեր երկրի պտղաբերությունը իսրայելցիներին ցույց տալու համար խաղողի մի մեծ ողկույզ ձողերի վրա դրած տարան (Թվեր 13.2-16, 24, Բ Օր. 1.23-25), նախօրինակն էին տասներկու առաքյալների, ովքեր խաչի լծակներով մեզ բերեցին Քրիստոսի կենաց ողկույզը և հոգևոր կյանքի ապաշխարության բժշկական քաղցր վարդապետությունը: Երբ Հեսուն ժողովրդին անցկացրեց Հորդանան գետով, տասներկու քարեր կանգնեցնել տվեց` ի հիշատակ հրաշքով Հորդանանի միջով անցնելու: Այդ տասներկու քարերը խորհրդանիշն էին տասներկու առաքյալների, ովքեր աշխարհական գետերի փորձանքների միջով ցամաք ելան և հաստատեցին Սուրբ Եկեղեցին:
Առաքյալների խորհրդանիշներ Հայտնության գրքում
Քրիստոսի առաքյալների խորհրդանիշներ կան Հայտնության գրքում: Հովհաննես առաքյալի տեսիլքում երևում է մի կին` արեգակն իր վրա առած, լուսինն իր ոտքերի տակ և գլխի վրա տասներկու աստղերից պսակ (12.1): Ըստ մեկնության` կինը Սուրբ Եկեղեցին է, որը Քրիստոսի հարսն է, որ իմանալի արեգակի լույսով է զգեստավորված և վեր է բարձրացել լուսնի` ստվերական և փոփոխական օրենքի վրա: Իսկ տասներկու աստղերից բաղկացած պսակը տասներկու առաքյալների քարոզությունն է, որով զարդարված է Եկեղեցին: Հայտնության մեջ խոսվում է նաև Աստծո քաղաքի մասին, որի պարիսպներն ունեին տասներկու դռներ (21.10-12): Աստծո քաղաքը Սուրբ Եկեղեցին է, իսկ տասներկու դռները` առաքյալները, ովքեր Երկնքի ճանապարհներն ու դռները բացեցին մեզ համար: Քաղաքի պարիսպն ուներ տասներկու հիմքեր, որոնց վրա գրված էին Գառան` Քրիստոսի տասներկու առաքյալների անունները (21.14): Սա ցույց է տալիս, որ Եկեղեցին հիմնված է տասներկու առաքյալների վրա: Հիմք կոչվում է նախ Քրիստոս ըստ առաքյալի. «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3.11), նաև առաքյալներն են հիմք` իբրև Քրիստոսի մերձավորներ, որոնց գործերն ու խոսքերը Եկեղեցու հիմքը կառուցեցին, ինչպես Քրիստոս ասաց Պետրոսին` դու ես վեմը (Մատթ. 16.18), այսինքն` այն դավանությունը, որով Պետրոսը Քրիստոսին Աստծո Որդի խոստովանեց, քրիստոնեական Սուրբ Եկեղեցու սկիզբը և հիմքն է: Հովհաննես առաքյալն իր տեսիլքում տեսնում է նաև կենաց ծառը, որ տասներկու անգամ պտուղ էր տալիս` ամեն ամիս իր պտուղը, և ծառի տերևը ազգերի բուժման համար էր (22.2): Կենաց ծառը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ կյանք է տալիս բոլորին, ովքեր մոտենում են Նրան: Ծառի տասներկու պտուղները առաքյալներն են, որ Կենաց ծառից` Քրիստոսից պտղաբերեցին: Իսկ ազգերի բուժման համար ծառի տերևը Քրիստոսի և առաքյալների վարդապետությունն է, որով բոլոր ազգերը զովացան մեղքերի տապից և հոգու վերքերից բժշկվելով` առողջացան:
Հովհաննես առաքյալ
Շատ հետաքրքիր տեղեկություններ կան Հովհաննես Ավետարանչի վերաբերյալ: Գիտենք, որ նա Քրիստոսի ամենասիրելի աշակերտն է եղել (Հովհ. 13.23, 19.26, 21.20): Հովհաննեսը Քրիստոսի հետ նաև բարեկամական կապ է ունեցել: Մարիամ Աստվածածնի պապը Մատթան քահանան էր, որն ունեցավ երեք դուստր` Աննա, Սովվե և Մարիամ: Աննայի զավակը Մարիամ Աստվածամայր էր, Սովվեինը` Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթը, իսկ Մարիամինը` Զեբեդյանների մայր Սաղոմեն: Այսինքն` Մարիամը, Սաղոմեն ու Եղիսաբեթը մորաքրոջ դուստրեր էին: Հետևաբար, այս առաքյալները բարեկամական կապեր են ունեցել Քրիստոսի հետ, և դա համապատասխանում է այն փաստին, որ հենց այս առաքյալները խնդրեցին Քրիստոսին հանդերձյալ կյանքում նստել Նրա աջ և ձախ կողմերում (Մատթ. 20.21, Մարկ. 10.37), իսկ Քրիստոս խաչված ժամանակ Մարիամին հանձնեց Հովհաննես առաքյալին (Հովհ. 19.26-27): Քրիստոսի հետ բարեկամական կապը նշանակում է, որ Հակոբոս և Հովհաննես առաքյալները բարեկամական կապ են ունեցել նաև Հովհանես Մկրտչի հետ: Եվ իրոք, այդ երեք ընտանիքները բարեպաշտ ընտանիքներ են եղել, հավատարիմ հրեական ավանդույթներին ու տրամադրություններին: Դա է վկայում նաև այն փաստը, որ այս ընտանիքի անդամները կրել են տիպիկ հրեական անուններ:
Ավետարաններում Հակոբոս առաքյալը միշտ նշվում է Հովհաննեսից առաջ: Սրանից կարելի է եզրակացնել, որ Հովհաննեսը Հակոբոսից երիտասարդ է եղել, և նույնիսկ ավանդությունը նրան համարում է բոլոր աշակերտներից ամենակրտսերը: Հակոբոսը նահատակվել է Հերովդես թագավորի կողմից (Գործք 12.1-2): Իսկ Հովհաննես առաքյալը մեծ հեղինակություն է ունեցել, և երկար տարիներ ղեկավարել է Ասիայի եկեղեցիները: Նա Քրիստոսի հանդեպ իր սերն ապացուցել է նաև հանուն Քրիստոսի կրած իր չարչաչանքներով, երբ բանտարկվել և տանջանքների է մատնվել Ներոն և Դոմիտիանոս կայսրերի հալածանքների ժամանակ:
Շատերս այսօր, որևէ դժվարության կամ դժբախտության մեջ ընկնելով, սկսում ենք դժգոհել Աստծուց, շատերն էլ անգամ հայհոյում են, իսկ մարդիկ էլ կան, որոնք նույնիսկ ընկնում են հիասթափության կամ անհավատության մեջ: Մինչդեռ
Հովհաննեսի չարչարանքները և մյուս առաքյալների նահատակությունը հանուն Քրիստոսի մեզ սովորեցնում են, որ կյանքում սերը որևէ մեկի, հատկապես Աստծո նկատմամբ ընդհանրապես պայմանավորված չէ ինչ-որ շահով կամ օգուտով: Գիտենք, որ Քրիստոս որոշ տեղեր գնում էր միայն երեք աշակերտների Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ, ինչպես օրինակ պայծառակերպության ժամանակ (Մատթ. 17.1; Մարկ. 5.37, 9.1, 14.33; Ղուկ. 9.28): Հակոբոսը և Հովհաննեսը առաքյալների մեջ առանձնանում էին նրանով, որ նրանք երկուսն էլ ամուսնացած չէին և ունեին կուսության մեծագույն առաքինությունը: Քրիստոսի հարությունից հետո Պետրոս առաքյալը, Քրիստոսից իմանալով իր նահատակության մասին, ցույց տալով Հովհաննես առաքյալին` ասաց. «Տեր, իսկ սա ի՞նչ կլինի»: Քրիստոս ասաց. «Եթե Ես կամենում եմ, որ դա ապրի մինչև որ Ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի Իմ ետևից» (Հովհ.21.22): Եվ ավետարանիչն ասում է, որ առաքյալները կարծեցին, թե նա չպիտի մեռնի, բայց Քրիստոս չասաց, թե չպիտի մեռնի, այլ կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ Ես գամ (Հովհ. 21.23): Եվ Հովհաննես առաքյալի վարքից հայտնի է, որ նրա կյանքի վախճանին Քրիստոս երևաց և կանչեց նրան երկնային փառքի: Եկեղեցական ավանդությունն ասում է, որ մահից հետո Հավհաննես առաքյալը նաև մարմնով վերափոխվեց երկինք Սուրբ Աստվածածնի նման:
Ավետարանիչներ
Եկեղեցական նկարչության մեջ ավետարանիչների խորհրդանիշը համարվում են Եզեկիել մարգարեի տեսիլքում նկարագրված քառակերպ կենդանիները (1.5-10): Մատթեոսի խորհրդանիշն է մարդը, որովհետև նա Ավետարանի սկզբում հիշատակում է Քրիստոսի ազգաբանությունը և ըստ դրա ցույց տալիս Նրա սերելը Աբրահամ նահապետի սերնդից: Մարկոսինը համարվում է առյուծը, որովհետև իր Ավետարանի սկզբում նա առյուծի համարձակությամբ հայտարարում է Հիսուս Քրստոսի աստվածությունը, Ղուկասինը` եզը, որովհետև իր Ավետարանը սկսում է Զաքարիայի քահանայագործության պատմությամբ (հրեական քահանաները կենդանիների զոհաբերություններ էին անում տաճարում), իսկ Հովհաննեսինը` արծիվը, քանի որ նա իր Ավետարանի սկզբում արծվի պես բարձրանում է երկնային բարձունքները և ընթերցողին ներկայացնում Քրիստոսի աստվածությունը:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից