Գրքեր

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

«Եվ հրաշալին այն է, որ ճշմարտապես փնտրողին միշտ ճշմարիտ առաջնորդ է տրվում: Եվ առաջնորդն ով էլ որ լինի, միշտ ստույգ ու հավատի առաջնորդություն է ցուցաբերում այնքանով, որքանով որ առաջնորդվողը հոգով ու հավատքով նվիրվի նրան. այդպիսի նվիրյալին արդեն Աստված Ինքն է հետևում… Աղոթի՛ր, և Աստված առաջնորդ ցույց կտա. նվիրվի՛ր առաջնորդին, և Տերը նրան կսովորեցնի առաջնորդության կերպը»: 
ՍՈՒՐԲ ԹԵՈՓԱՆՈՍ

Վեհափա՛ռ Տեր,

Մեկուկես տասնյակ տարի առաջ հավատավոր զավակների աղոթքների և եկեղեցասեր հայրերի սիրո ու ինքնազոհաբերման համար Աստված շնորհ արեց Հայոց ազգին՝ ունենալու առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու 132-րդ գահակալը: Դուք դարձաք համայն հայության հավատքի առաջնորդը, հոգևորականության ողջախոհ, իմաստուն խորհրդատուն և սիրասուն հայրը: Ձեր գահակալության տարիներին մենք առավելագույն ջանասիրությամբ առաջացանք մեր առաքելության մեջ՝ որպես օրինակ ունենալով Ձերդ Սրբության անձանձիր ծառայասիրությունը և անսակարկ նվիրումը: «Յուրաքանչյուր ոք իր ծառայության վայրում, իր գործունեության մեջ պիտի ընթանա Աստծո փրկարար կամքով և հայրենյաց սիրո աստվածահաճո ճանապարհով, որ բարի արգասիքներ է բերում մեր կյանքին և մեզ սիրելի դարձնում Տիրոջը, քանզի ինչպես հարուցյալ Քրիստոսին առաքյալը ճանաչեց ողջ մարդկության համար կրած չարչարանքների նշաններով, նույնպես Քրիստոս ճանաչում է մեզ՝ Իր հետևորդներին, հավատքի վկայություններով, հրաժարումով այն ամենից, ինչ հակառակ է աստվածային կամքին՝ բարուն, արդարությանն ու ճշմարտությանը» (Գարեգին Բ):
Վեհափա՛ռ Տեր,
Ձեր հայրախնամ հոգածությունը մեզ միավորող ուժն է, Քրիստոսի ճշմարտությամբ ապրելու, Նրա պատգամները որպես խավարացիր լույս դարձնելու ազդակն ու խթանիչ ուժը: Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ և կենսունակություն, քաջառողջություն ու երկար տարիների գահակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Թող Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ մարտակից ու զորակից լինի Ձեզ՝ հայության ինքնության նավը Սիրո, Բարու և Հավատքի փրկարար ճանապարհով առաջնորդելու համար: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ներկայությունն արդյունավորի և առավել պտղաբեր դարձնի Ձեր հայրապետական սպասավորությունը՝ մշտանորոգ պահելով Հայոց երկնադիր Սուրբ Եկեղեցին՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

05.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․