«Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. 84։11)։
Սաղմոսի այն գլուխը, որից վերցրել եմ իմ այս բնաբանը, երեք մասի է բաժանված: Առաջինում սաղմոսերգուն փառաբանում է Աստծու սերն ու շնորհած բարիքները, երկրորդում, ընդհակառակը, նկարագրում է Աստծու բարկությունն ու պատիժները մեղանչող ժողովրդի հանդեպ, իսկ երրորդ մասում խոսում է խաղաղության և արդարության միջև տեղի ունենալիք գրկախառնության մասին: «Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն: Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևաց»:
Երկնքի ու երկրի այս հանդիպումը, արդարության ու խաղաղության այս համահաճ հաշտությունը և ողջագուրումը քրիստոնեության բուն, կենտրոնական վարդապետությունն ու հենց քրիստոնեությունն է: Այս վարդապետությունն եմ տեսնում ամենուր՝ Աստծու՝ մեզ հետ ունեցած հարաբերության պատմության, ինչպես նաև Հիսուսի կյանքի ու մահվան մեջ:
Ես կցանկանայի այս հանգամանքը ցույց տալ նախ և առաջ Սուրբ Գրքի մեջ, ապա ձեր իսկ կյանքի և Աստծու՝ ձեր նկատմամբ ունեցած նախախնամող վերաբերմունքի մեջ: Տա՛ Աստված, որ այս քարոզս աստվածային սիրո խորհրդով ներգործող և մեզ մեր հավատքի մեջ զորացնող դեր ունենա...
Ա.
Խոստովանեմ, որ ինձ բնաբանիս ուսումնասիրությանն են մղել ուղղակիորեն մեր ժողովրդի քարոզիչների կողմից Ավետարանը քարոզելու եղանակի մասին հնչեցված գնահատականները: Առկա գնահատականներից դատելով՝ մեր ունկնդիրները հստակորեն բաժանվում են զգացմունքային առումով իրարից խիստ տարբեր երկու դասակարգերի: Ոմանք կողմնակից են, եթե կարելի է այսպես ասել, ծանր ու խիստ լեզվով հնչող քարոզներին: Նրանք ոչ միայն համակերպվում են քարոզության սրբազան խստությանը, այլև սիրում են այդ խստությունը, փափագում են դրան ու այն փառաբանում են ամենուր:
Այդ դասակարգի ներկայացուցիչները քարոզողներին հորդորում են՝ ասելով. «Օ՜հ, միշտ այդպես խիստ ու պարզորոշ խոսեք: Ուղղակիորեն և անխնա մատնացո՛ւյց արեք մեր թերությունները: Ձեր խոսքերի մեջ դարձվածքներ ու անորոշ մտքեր մի՛ կիրառեք, այլ բացեիբաց հանդիմանեք մեր թերություններն ու ամոթալի կողմերը, դրանք նկարագրեք՝ առանց մեղմացնելու, պախարակեք՝ առանց փափկասրտություն ցուցաբերելու: Մենք մեծ սիրով Եկեղեցի կգանք միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր քարոզիչը դիպուկ և խիստ է իր արտահայտությունների մեջ»:
Ունկնդիրներիցս ոմանց այս անկեղծ դիրքորոշման վերաբերյալ իմ հիացմունքը կարտահայտեի, եթե քարոզության այդ ուժգնության և խստության մեջ ամբոխավարական ոգի չտեսնեի, մի բան, որի հետևանքով Սուրբ Խորանը վերածվում է վրեժխնդրության թատերաբեմի և կառուցողական դեր ունենալու փոխարեն քայքայիչ ազդեցություն է ունենում բոլոր այն հոգիների վրա, որոնք փրկության փափագն ունեն:
Պատմության մեջ հայտնի է Հովհան Ոսկեբերանի քարոզության խիստ և հանդիմանական եղանակը, որի հետևանքով Եվդոքսիա կայսրուհին սասանվում էր իր գահի վրա: Սակայն այդպիսի քարոզությունը ո՛չ կայսրուհու, ո՛չ էլ ժողովրդի համար օգտակար ազդեցություն չունեցավ: Հայտնի է նաև Պուրտալուի խիստ և դաժան պերճախոսությունը Լյուդովիկոս 14-րդի պալատում, ինչի վերաբերյալ մադամ դը Սեվինիեն ասում էր. «Նա անխնա խարազանում էր, խոցում էր անողոքաբար»:
Թերևս որևէ ունկնդիր ծանոթ չէ Պուրտալուի շառաչուն քարոզության սաստկությանը, սակայն նա ևս որևէ օգուտ չի կարողացել տալ իր ունկնդիրներին: Ճիշտ է, իր խոսքով նա հիացմունքի և հափշտակության էր մատնում իր ունկնդիրներին, սակայն այդ հափշտակվողների բարքի մեջ ոչ մի փոփոխություն չէր նկատվում, այլ, ընդհակառակը, նրանք շարունակում էին անայլայլորեն և անխռովաբար ապականված ու մեղավոր կյանքով ապրել:
Անշուշտ, ես իմ ունկնդիրներին չեմ ուզում նմանեցնել նրանց, ովքեր Սինա լեռան որոտումներն են ուզում լսել, սակայն չեն դադարում նույն այդ լեռան ստորոտում ոսկե հորթին պաշտելուց...
Այս ուղղության կողմնակից ունկնդիրների կողքին կան նաև մեծաթիվ ուրիշ ունկնդիրներ ևս, որոնք ավելի շատ կողմ են խաղաղությանը և փափագում են, որ քարոզության մեջ մշտապես քաղցրություն լինի և ոչ երբեք սաստկություն: «Մխիթարե՛ք մեզ, մխիթարե՛ք մեզ,- ասում են նրանք,- կյանքն ինքն իրենով արդեն իսկ տաժանելի է, կյանքի պայքարն արդեն իսկ շա՜տ խիստ է: Մենք ավելի շատ քաջալերանքի կարիք ունենք, և եթե Եկեղեցի ենք գալիս, միայն ա՛յդ բանի համար ենք գալիս: Մի կո՛ղմ թողեք խռովահույզ թեմաներն ու խիստ հորդորները, դադարեցրե՛ք արդարության սպառնալիքներն ու մեր մեղքերը մերկացնելու գործը: Միայն երկնքի մասին խոսեք մեզ հետ, ուրիշ թեմայի մասին մի՛ խոսեք, մեզ միայն խաղաղության խոսքեր ասեք»:
Այսպես արտահայտվողները նույնքան անիրավացի են, որքան մյուս տեսակետի կողմնակիցները: Պահանջել, որ դադարեցնենք արդարության սպառնալիքները և չքննադատենք չարիքները՝ կնշանակի անդամահատել, կրճատել քրիստոնեությունը: Քրիստոնեությունը միայն մխիթարության կրոն չէ, այլ նաև, ամեն բանից առաջ, պարտականության կրոն է, և հենց պարտականության կրոն լինելու շնորհիվ է, որ նաև մխիթարության կրոն է:
Քրիստոնեությունը մարդկանց արցունքները չի սրբում, մինչև որ նրանց չսրբագործի: Քրիստոնեությունը չի մեղմացնում մեր վշտերը, քանի դեռ այդ վշտերը չի ծառայեցրել մեր հոգևոր զարգացմանը: Այն պատիժը չի դադարեցնում, քանի դեռ մենք տրտմության մեջ ուրախության առիթ չենք ստեղծել: Որքան ժամանակ որ մենք անկարող լինենք օգուտ քաղել փորձություններից, այդքան ժամանակ որևէ բան մեզ չի մխիթարի մեր վշտերի մեջ:
Ուրեմն սխալվում են բոլոր նրանք, ովքեր ուզում են լսել միայն շանթահարող արդարության քարոզներ, բայց և հավասարապես անիրավացի են նաև նրանք, ովքեր միայն քաղցր ու մեղմ խաղաղության քարոզներ են ուզում լսել: Ունկնդիրներն իրենց քարոզչից պետք է խնդրեն ոչ թե իրենց զգացումների համեմատ խոսված քարոզներ, այլ պիտի խնդրեն, որ քարոզիչները խոսեն Աստծու խոսքի համեմատ:
Արդ, ի՞նչ է ասում Աստծու խոսքը: Բացենք Սուրբ Գիրքը. ի՞նչ ենք տեսնում այնտեղ: Այնտեղ տեսնում ենք ահաբեկող խոսքեր, որոնք ուղղված են այն մեղավորներին, որոնք հարատևում են չարության մեջ ու հրաժարվում են դարձի գալ:
Սուրբ Գրքում գտնում ենք այնպիսի էջեր, որոնք լեցուն են սպառնալիքներով, այնպիսի՛ սպառնալիքներով, որոնց իմաստը մեղմացնելու իրավունք չունենք անգամ մենք՝ քարոզիչներս: Սուրբ Գրքի այդ էջերը կարդալով՝ հասկանում ենք, որ աստվածային «արդարությունը» սնոտի բառ չէ, այլ որ «մեր Աստված», «Հին և Նոր Ուխտի Աստված այրող կրակ է», «ոչնչացնող կրակ» (Եբր. 12։28): Սա երբևէ չպիտի մոռանանք, այլ պիտի գիտենանք, որ ոչ ոք չի կարող խույս տալ Նրա արդարությունից:
Սուրբ Գրքում զարհուրելի էջերի հետ մեկտեղ գտնում ենք նաև շատ ավելի մխիթարական էջեր: Բարկության սպառնալիքներին հաջորդում են սիրո հրավերներն ու կոչերը: Ահավասիկ, կատարյալ ու ձրի ներում է շնորհվում: Բայց ո՞ւմ է շնորհվում այդ ներումը: Անշուշտ այն արդար մարդուն, որը մի ժամանակ մեղանչել էր:
Սուրբ Գրքում գտնում ենք հիասքանչ խոսքեր, որոնք գերազանցում են անգամ մեր ակնկալիքները: Տառապող հոգիներին ուղղված այդ մխիթարական խոսքերն այնքան պարզ ու հայտնի են, որ կարիք չկա նույնիսկ դրանք լուսաբանելու կամ մեկնելու:
Ինչպես որ Սուրբ Գրքում են արդարությունն ու խաղաղությունը ողջագուրվում, այնպես էլ մարդու ամեն խոսքի մեջ արդարությունն ու խաղաղությունը պիտի փարվեն իրար, եթե, իհարկե, մարդ ուզում է, որ իր խոսքերն Աստծու խոսքի հավատարիմ արձագանքը լինեն:
Արդարություն քարոզելն ու ցուցաբերելն է մարդու պարտականությունը, և ոչ թե այդ արդարությունը սիրել տալը, մինչդեռ մարդ իր գործը լավ է անում միայն այն դեպքում, երբ սիրով է գործում: Մյուս կողմից էլ միայն ու միայն խաղաղություն ավետելը՝ խաղաղություն առանց արդարության ու առանց պարտականության, դա էլ չի մխիթարի հոգիները, այլ կքնեցնի դրանք:
Անհրաժեշտ է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Պետք է Գողգոթայի բարձունքից գնալ Սինայի բարձունքը և դարձյալ Սինայից ընթանալ դեպի Գողգոթա: Պետք է դողալով ծնկի գալ և երկրպագել Աստծու ոտքերի առջև, որոնց դեմ իսկ մեղանչել ենք, և ապա միայն ինքներս մեզ վստահությամբ տանել-հանձնել հավիտենական սիրո այն բազուկներին, որոնք տարածվեցին Գողգոթայի բարձունքի վրա:
Անհրաժեշտ է, որ երբ հնչում է փրկության պատգամը՝ լինի դա մարդու թե Աստծու շուրթերից, այդ պատգամի մեջ իրար գտած և ողջագուրված լինեն արդարությունն ու խաղաղությունը:
Բ.
Արդարության ու խաղաղության այս գրկախառնությունը, սակայն, միայն Սուրբ Գրքի մեջ չէ, որ հայտնվում է, այլ նաև մեր ողջ կյանքի ընթացքում Աստծու՝ մեր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի մեջ: Աստված իմաստուն ու բարի հայր է և դաստիարակության հարցում մարդու թույլ տված սխալները չի գործում:
Շատ հաճախ հանդիպում ենք ծնողների, որոնք դաստիարակության միայն մի եղանակ գիտեն. նրանք իրենց զավակներին դաստիարակում են խստությամբ և բարձրամտությամբ: Այդ ամենի հետևանքով նրանց զավակները մեծանում են երկչոտ, տկար, ամաչկոտ, ապիկար, առանց կորովի, առանց արիության և առանց անհատականության:
Հանդիպում ենք նաև ծնողների, որոնք իրենց զավակների դաստիարակության հարցում կիրառում են ամբողջովին հակառակ մոտեցում, այսինքն՝ մեղմություն և միայն մեղմություն: Այդպիսի ծնողները գոցում են աչքերն իրենց զավակների թերությունների ու զանցառումների առջև՝ անտեսելով նրանց ամենածանր հանցանքներն այնպիսի ներողամտությամբ, որը ոչ մի դեպքում ներելի և ընդունելի չէ:
Այդ ամենի հետևանքով էլ նմանատիպ ծնողների զավակները, ինչպես տեսնում ենք, մեծանում են անկարգ, անօրեն, բարկասիրտ, եսասեր, պարտականություններից խուսափող և կյանքի լուծը կրելու անկարող:
Հարավային Ֆրանսիայի մի շարք գավառներում ծառերն ու տունկերը բոլորն էլ մի կողմի վրա են թեքված, և այդ ոչ ակնահաճո երևույթի պատճառն այն է, որ տարվա սկզբից մինչև վերջ փչող «mistral» (հյուսիսային-արևմտյան) կոչվող քամին իր շարունակական ազդեցությամբ թեքել է բոլոր բույսերը, ու չկա նույնքան ուժգին մի հակընդդեմ հողմ, որն այդ բույսերը կուղղեր:
Այդպիսին են նաև միակողմանի դաստիարակության արդյունքները: Կան մարդիկ, որ ուղղընթաց չեն, որ մշտապես մի չար հակում ունեն իրենց կյանքում, քանի որ մեծացել են միակողմանի, ուժգին կամ քաղցր հողմի զորեղ ազդեցությամբ:
Աստված, սակայն, մեզ այդ ձևով չի վերաբերվում: Նրա՝ մեր նկատմամբ ունեցած հարաբերության մեջ գուրգուրանքի ու խստության խառնուրդ կա, որը միայն ուշադիր մարդը կարող է նկատել: Դիտարկեք բարեկեցիկ կյանքով ապրող մարդկանց կյանքը: Հեռվից նայելիս զարմանքով պիտի ասեք՝ այս ի՜նչ բարօրություն է, ի՜նչ ճոխություն ու ի՜նչ հանգստություն, կարծես Աստված Իր մասնավոր հոգածությանն է արժանացրել նրանց:
Իսկապես, հեռվից նայելիս այդ կարծիքին պիտի հանգեք՝ խորհելով, որ նրանք շա՜տ բախտավոր են իրենց կյանքի ամեն հարցում, սակայն եթե փոքր-ինչ մոտենաք, եթե ավելի մոտից դիտեք, կտեսնեք, որ նրանց այդ բարեբախտությունը միայն կարծեցյալ երևույթ է: Կա՛մ մի ներքին ախտ, կա՛մ երերուն առողջությունն է, որ հյուծում ու մաշում է նրանց, կա՛մ զավակի, եղբոր մոլի և անվայել ընթացքն է տան մեջ տրտմություն ու սիրազուրկ սառնություն առաջացնում:
Փնտրե՛ք, պրպտե՛ք մոտիկից, և ամենայն հավանականությամբ մի տկարություն պիտի գտնեք: Եթե անգամ չկարողանաք էլ գտնել, մի՛ եզրակացրեք, որ այնտեղ կատարյալ երջանկություն է տիրում: Իմացե՛ք, որ այդ կարծեցյալ բարեբախտներն ունեն մարդկանց տեսողությունից հեռու գտնվող բազմահոգ, խռովահույզ ճակատ ու արցունքոտ աչքեր:
Լեռնաշղթաների գոգին լճեր են լինում, որոնց ջուրը գոյանում է շրջակա լեռներից հոսող առվակներից: Այդ մշտահոս առվակների պատճառով, սակայն, լճերը չեն հորդում, քանի որ այդ լճերի խորքում ճեղքվածքներ ու պատռվածքներ կան, որոնց միջով ջրերը սուզվում, անցնում-գնում և անհետանում են անծանոթ ուղղությամբ:
Այդպես նաև կան մարդիկ, որոնց կյանքն ամեն կողմից բարեբախտությամբ է հեղվում, առանց, սակայն, այն կատարելապես լիացնելու և անանց բարօրությամբ լցնելու, քանի որ նրանց կյանքի հատակը պարուրված է ճեղքերով, որոնց միջով սահում-գնում են բոլոր բարեբախտություններն ու ուրախությունները: Մի՛ նախանձեք որևէ մեկի կյանքին, քանի որ ամենաընտրյալ և բարեբախտ համարվող մարդկանց կյանքում էլ գրեթե միշտ վիշտ ու ցավ կա թաքնված:
Այժմ նկատի առեք բոլորովին մի այլ կյանք, կյանք, որը փոխանակ բարօրությամբ լցված լինելու՝ դժբախտությամբ ու փորձությամբ է լցված: Մեզնից ո՞վ դժբախտություն կամ փորձություն չի ճաշակել: Ամենքս էլ մեր կյանքում որևէ եղանակով վշտի հարված ենք ստացել:
Թերևս ոմանք մինչև իսկ ա՛յն ասեն, որ բարեբախտությունը բնավ իրենց չի այցելել: Վստա՞հ եք, սակայն, այդ խոսքերում: Հարցում արեք ձեր հիշողությանն ու ճշտեք, թե ձեր կյանքում չե՞ն եղել արդյոք այնպիսի օրեր, որոնք աստղազարդ են եղել, իսկ ձեր կյանքի ճանապարհին ծաղիկներ են բուսնել, ձեր սիրտն էլ ուրախություն և սեր է երգել:
Գուցե այդ օրերն արդեն անցյալում են և դրանցից միայն հուշ է մնացել, բայց դրանք իրենց դերն ունեցել են ձեր կյանքի վրա, ինչի համար պետք է երախտապարտ լինեք Աստծուն: Նույնիսկ այժմ էլ մի՞թե կարելի է ձեր կյանքը միօրինակ և տխուր համարել, մի՞թե այն իր բարեբաստիկ կողմը չունի. քննեցե՛ք և տեսե՛ք: Ի՞նչ է, բոլորովին չքավո՞ր եք. փա՜ռք Տիրոջը, ձեր առօրյա հացը վաստակում եք, որքան էլ տնտեսական ճգնաժամը սրված լինի: Հիվա՞նդ եք. փա՜ռք Տիրոջը, կատարելապես առողջ եք, և այդ բարիքն արդեն ամեն ինչ արժե:
Միայնա՞կ եք. փա՜ռք Տիրոջը, Աստծու ողորմությամբ ձեր սիրելին ձեր կողքին է՝ կամ ձեր հայրը, կամ մայրը, կամ ձեր կինը, կամ քույրը, կամ ձեր զավակը, վերջապես մեկը, որին ձեր սիրտն եք նվիրել:
Ուշադի՛ր եղեք, քանի որ այդ երջանկությունն էլ գերազանցում է մնացյալ բոլոր բարեբախտությունները: Շարունակե՛ք այդ քննությունն ու հաշվի առեք Աստծու բարիքները, և կհամոզվեք, որ եթե անգամ դժբախտությունները չեն հեռացել ձեզանից, սակայն բարեբախտության առիթներն էլ չեն պակասել ձեր մեջ, ձեզ մոտ և ձեր շուրջը:
Ուրեմն այդ ամենից ի՞նչ է հետևում: Սրանից կարող ենք եզրակացնել, որ ամենաերջանիկ թվացող կյանքում էլ անպայմանորեն տեղ ունի տառապանքը, ինչպես որ ամենադժբախտ համարվող կյանքում էլ երջանկությունը տեղ ունի: Սա բացարձակ, ստույգ իրողություն է, քանի որ չենք կարող ուրանալ ո՛չ երջանկությունը, ո՛չ տառապանքը. երկուսն էլ անհրաժեշտություն են մեր կյանքի կյանքում դաստիարակության, հոգու զարգացման ու փրկության համար:
Մեր հոգու սրբագործումն էլ այս խորհրդավոր և փոխեփոխ իրար հաջորդող ուրախության ու վշտի հանդիպակցությամբ է իրագործվում: Ինչպես որ տունկն աճելու համար կարիք ունի իրար հաջորդող անձրևի ու արևի առկայության, այդպես էլ մարդկային կյանքը կարիք ունի խստության ու քաղցրության, և աստվածային դաստիարակությունն ամենքիս կյանքում էլ կատարում է իր դերը՝ ըստ Տիրոջ իսկ խոսքի, թե՝ «արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն»:
Գ.
Եվ իսկապես, Հիսուսի անձի մեջ առավելագույնս գործադրված ենք տեսնում այս արդարությունն ու խաղաղությունը: Ոչ մի այլ կրոնի հիմնադրի անձի մեջ խստությունն ու քաղցրությունն այնքան ներդաշնակ ագուցված չեն, որքան Հիսուսի անձում է: Հիշե՛ք քանանացի կնոջ պատմությունը: Այդ դժբախտ հեթանոս կինը, որը կարծում էր, թե հրեաների նույն իրավունքներն ունի, իր դստեր բժշկության խնդրանքով դիմում է Հիսուսին:
Կնոջ այս խնդրանքը լսելով՝ Հիսուս նախ մի խստագույն, արհամարհական լռություն է պահում, իսկ երբ սկսում է խոսել, է՛լ առավել է ընդգծվում Նրա նախատական վերաբերմունքն այդ կնոջ հանդեպ, քանի որ այդ դժբախտ կնոջը համեմատում է շան հետ:
Ահա այդպիսին էր պատմության սկիզբը, բայց տեսեք, թե ինչպես է այն ավարտվում: Հիսուս այդ քանանացի կնոջը ոչ միայն շնորհում է նրա խնդրած անմիջական փրկությունը, այլև ողջ աշխարհի առջև գովասանքի է արժանացնում նրա հավատքը:
Ընթերցե՛ք Հիսուսի քարոզներն ու կտեսնեք, թե որքա՜ն խիստ են դրանք: Նա պարսավում է մեղավորներին, նրանց սպիտակեցված գերեզման ու օձի ծնունդ է անվանում: Լսեցե՛ք Նրա հնչեցրած ամենածանր նզովքները, «վա՜յ»-երը, որ կրկնում է իր յուրաքանչյուր խոսքի սկզբում:
Թերթե՛ք, սակայն, Ավետարանի այդ էջը և այժմ հայացք գցեք Տիրոջ քաղցր ու խոնարհ սրտի արձագանքը եղող «երանի՜»-ներին, մեղավոր կնոջը հասցեագրված այս խոսքերին. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհ. 8։11): Կամ էլ հիշեք վշտակիրներին ուղղված այս հույս և ուրախություն ներշնչող խոսքերը. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես կհանգստացնեմ ձեզ» (Մատթ. 11։28):
Այսպես ուրեմն, մեր Տիրոջ կյանքի ու խոսքի մեջ ևս խստությունն ու քաղցրությունը, այսինքն՝ արդարությունը և խաղաղությունը հանդիպում են իրար: Քրիստոնյայի կյանքն էլ պետք է արդարության ու խաղաղության, այսինքն՝ խստության և քաղցրության հանդիպում, ողջագուրանք լինի:
Այն հանդիպումը, որը կայացավ Հիսուսի անձի մեջ, կարող է իրականություն դառնալ նաև մեր կյանքում: Եթե հասարակական կյանքի ղեկավարները ցանկանում են իմաստուն ուժ, ներգործող զորություն ձևավորել, պետք է արդարությունն ու խաղաղությունն իրենց ձեռքին ամուր պահեն:
Միայն արդարությունը՝ առանց խաղաղության, մարդուն դարձնում է ամբարտավան, վրեժխնդիր, եսասեր, անձնապաստան և անիրավ: Մինչդեռ արդարությանը զուգակցված խաղաղությունը մարդուն դարձնում է ուղղամիտ, խոհեմ, բարեսեր, հանդարտ և լուրջ:
Մեր ընտանեկան հարկերի ներքո մենք այդպիսի ծնողների կարիք ունենք: Այդպես նաև հասարակական հարաբերություններում էլ կարիք ունենք արդարությունն ու խաղաղությունը իրենց անձերում ողջագուրած հովիվների:
Աղոթե՛նք Աստծուն, որպեսզի Նա մեզանում ծնունդ տա այդ ոգով սնված ու պատրաստված անձանց՝ ի գովեստ և ի փառաբանություն Իր անվան. ամեն:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը