26 Դեկտեմբեր, Եշ
Իսիդորոս Երանելին, գնալով սուրբ Անտոնիոսի մոտ, նրանից լսեց հետևյալ պատմությունը. «Պոտամինեա անունով մի գեղեցիկ մանկամարդ կին Մաքսիմիանոս Հալածիչի ժամանակներում անառակներից մեկի աղախինն էր, և ժամանակ առ ժամանակ նրա տերը ուզում էր գայթակղել նրան, բայց չկարողացավ: Իսկ հետո բարկանալով` նրան` որպես քրիստոնյայի և նրանց չաստվածներին հայհոյողի, մատնեց դատավորի ձեռքը, որն այդ ժամանակ Ալեքսանդրիա քաղաքում էր: Եվ բազում գանձեր խոստանալով դատավորին` ասաց. «Եթե համոզես նրան, որ կենակցի ինձ հետ, նրան բաց կթողնես առանց տանջանքների, իսկ եթե մնա իր առաջվա համառության մեջ, տանջանքներո՛վ սպանիր, որպեսզի կենդանի մնալով` չծիծաղի իմ զեխությունների վրա»: Եվ բերման ենթարկվելով ատյանի առաջ` կինը արիաբար դիմացավ զանազան տանջանքների՝ տարբեր գործիքներով, բազմապիսի մեղադրանքների դեմ պայքարեց, որի պատճառով դատավորը, տանջանքի ավելի դառը հնարք մտածելով, հրամայեց մի մեծ կաթսա ձեթով լցնել և թեժ կրակի վրա եռացնել: Երբ ձեթը եռաց և ալիքներ կազմեց, իշխանն ասաց. «Կա՛մ կգնաս և կհնազանդվես քո տիրոջ կամքին, կա՛մ իմացած եղի՛ր , որ հրամայելու եմ կաթսայի մեջ գցել քեզ»: Եվ նա պատասխանեց. «Ոչ մի բան երբեք, անիրա՛վ դատավոր, չի կարող ստիպել ինձ հնազանդվելու անառակությանը»: Այնժամ դատավորը հրամայեց մերկացնել նրան և գցել կաթսան: Այդ ժամանակ Պոտամինեան աղաղակեց և ասաց. «Երդվեցնում եմ քեզ թագավորի գլխով, որից դու երկնչում ես. եթե քեզ հաճո եղավ ինձ այսպես դատել, մի՛ հրամայիր մերկացնել ինձ, այլ հրամայի՛ր ինձ քիչ առ քիչ իջեցնել եռացող ձեթի մեջ, որպեսզի տեսնենք, թե որքան համբերություն կշնորհի ինձ Քրիստոս, որին դու չես ճանաչում»: Իջեցրին դանդաղ` մոտ երեք ժամ, մինչև որ ձեթը հասավ նրա սուրբ պարանոցին, և նա վախճանվեց: Եվ բազում այլ այրեր և կանայք ևս Քրիստոսի համար նահատակվեցին այն ժամանակ Ալեքսանդրիա քաղաքում` ի փառս ամենասուրբ Երրորդության»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016