Ծերն ասաց. «Եթե ամեն կողմից բազում փորձություններ գան մարդու վրա, և նա նեղվի, տրտնջա, թո՛ղ նրա մտերիմները փորձության պատճառով նրանից երես չդարձնեն»: Եվ այսպես բան պատմեց. «Խրճիթում ապրում էր մեկը, որի վրա փորձություն եկավ: Եվ նրա մտերիմներից ով տեսնում էր նրան, չէր կամենում ողջույն տալ և ոչ էլ տուն էր հրավիրում, իսկ եթե երբևէ հացի կարիք էր լինում, ոչ ոք փոխ չէր տալիս նրան, և հնձի գնալիս ու վերադառնալիս հաց չկար նրա խրճիթում: Սովորություն էր խրճիթներում, որ ովքեր վերադառնում էին հնձից, ճաշակում էին եկեղեցուց, իսկ շաբաթ օրերը եկեղեցի գնալ ոչ ոք չէր արգելում նրան, և վերադառնալով իր խուցը` գոհանում էր Աստծուց: Եվ Աստված, տեսնելով նրա համբերությունը, հեռացրեց նրանից փորձությունը: Եվ ահա նրա դուռը բախեց մեկը, ով Եգիպտոսից ուղտը լի բեռնած, հաց էր բերել և ասաց. «Վերցրո՛ւ այս հացը»: Եվ նա սկսեց լաց լինել և ասել. «Մի՞թե արժանի չեմ, Տե՛ր, քո տված նեղությունը կրելու, դրա համար ինձնից վերցրիր այն»: Եվ երբ հեռացավ փորձությունը, ամենքը սկսեցին սիրել նրան, և ուրիշ եղբայրներ էլ աղաչում էին, որ իրենց խուցը գա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016