Հին ժամանակներում, ջրհեղեղից հետո, մարդիկ մի բնակավայր էին ստեղծել ծովափին և ձկնորսությամբ ու հողագործությամբ էին զբաղվում: Տեղի կլիման բարենպաստ էր ու մարդիկ առատ բերք էին ստանում: Նրանք լիառատ կյանքով էին ապրում, տոներին գինի էին խմում և ուրախանում:
Տեր Աստված սիրում էր այդ տեղերում լինել: Բնակավայրերի վրայով անցնելիս հիանում էր մարդկանց ստեղծած բարիքներով:
Սակայն ժամանակներն անցնում էին, սերունդները փոխվում ու իրենց սին բարեկեցության մեջ մարդիկ սկսեցին մոռանալ Աստծուն: Վանքերը դատարկվեցին, խոտերով ու մամուռով պատվեցին: Իսկ բերքը տարեցտարի ավելանում էր: Ծառերն առատորեն պտղաբերում էին, ոչխարի հոտերը բազմանում, հաճախակի դարձած տոնախմբությունները վերածվում էին սանձարձակ զվարճությունների, հարբեցողության, անառակության, մի խոսքով՝ համընդհանուր մեղքի:
Սա տեսնելով՝ Աստված Իր մոտ կանչեց հրեշտակներից մեկին ու պատվիրեց քարկոծել այդ բնակավայրը, քանի որ մեղքի պատիժը մահն է: Հրեշտակն ասաց.
- Կկատարեմ կամքդ, Տեր, սակայն մի բան պետք է ասեմ Քեզ: Այնտեղ մի ընտանիք է ապրում ծովափին: Նրանք գիտեն Քեզ, պաշտում են, բոլոր տոները հիշում են, Քո անունով քնում են ու արթնանում, ապրում են Քո տված պատվիրաններով: Ահա՛ նրանց տունը, այնտեղ ո՛չ հարբեցողություն կա, և ոչ էլ՝ անառակություն: Բայց չէ՞ որ նրանք էլ կմեռնեն քարերի կույտի տակ, որ պետք է նրանց վրա լցնեմ:
- Իսկ այդ տան վրա ամենամեծ քարը նետիր, քանի որ նրանք գիտեն ինձ, սակայն ոչ ոքի չեն պատմում իմ մասին, տան դուռն ու լուսամուտը ծածկում են ու աղոթում ինձ՝ կամենալով փրկել իրենց հոգիները: Առաջինների մեջ ավելի քիչ մեղք եմ տեսնում, քանի որ երբևէ չեն ճանաչել ինձ ու ոչ ոք իմ մասին չի պատմել նրանց:
Հրեշտակն այդպես էլ վարվեց, քարկոծեց ողջ բնակավայրը, մոտակա լեռներից մեկի գագաթն էլ պոկեց ու այդ տան վրա նետեց: Եվ այդ քարը մինչ օրս էլ կանգուն է՝ ի հիշատակություն այն բանի, որ անհնար է հոգին միայնակ փրկել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի