13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Բառն արդեն ասում է… դրախտից արտաքսումն է խորհրդանշում:
Ուրեմն, ինչու՞ համար ենք այսօր պահքի մեջ, ինչու՞ համար ենք այսօր ապաշխարության մեջ… Որովհետև այնտեղից սկսվեց: Աստծո խոսքի նկատմամբ անվստահություն ցուցաբերեցինք և անհնազանդ գտնվեցինք, որի պատճառով դրախտից արտաքսվեցինք: Դրախտից արտաքսվելով, մեղքի այս երկիրը ժառանգեցինք: Եվ մեղանչական վիճակ ժառանգելով, բուժման կարոտ եղանք և մնայուն ապաշխարության կարոտ ենք, դրա համար էլ, ապաշխարության մեջ ենք: Իսկ ապաշխարության մեջ ենք ինչու՞… Պետք է հիշենք այդ արտաքսման պահը: Եվ դրա համար մեր եկեղեցին, այս կիրակի մեզ հրավիրում է խորհրդածել այդ արտաքսման խորհրդի շուրջ:
Արտաքսումը պտղից ճաշակելու պատճառով չեղավ: Որովհետև, երբեմն մարդիկ շատ պարզեցնում են, պարզունակեցնում են, ասելով թե. «… ի՞նչ արեց խեղճ Ադամը, Եվան ասաց այս պտղից կեր, Ադամն էլ կերավ: Արժե՞ր, որ Աստված այսպես խիստ պատժեր…»: Բայց հարցը այդ պտղից ուտելը չէր: Հարցը այն էր, որ մարդը, անվստահություն ունեցավ Աստծո խոսքի նկատմամբ:
Աստված ասաց. «Չուտե՛ս, կմահանաս»:
Սատանան ասաց. «Կե՛ր, Աստված կլինես»:
Ուրեմն, փոխարենը Աստծո խոսքին վստահեր, սատանայի խոսքին վստահեց: Եվ սա կատաստրոֆիկ հետևանք պետք է ունենար արարչության համար: Որովհետև, Արարչի խոսքին, որ անվերապահ և անայլայլորեն պետք է վստահես, փոխարենը՝ կասկած ես ունենում Արարչի խոսքի նկատմամբ: Եվ փոխարենը, անայլայլորեն հավատում են սատանայի, հակառակորդի խոսքին: Միևնույն ժամանակ, հնազանդվում են հակառակորդի խոսքին, փոխարենը հնազանդվելու՝ Աստծո խոսքին:
Ամբողջ մեղքի կատաստրոֆիկ էությունը այստեղ է թաքնված, որի պատճառով մարդկությունը ժառանգեց այն, ինչ որ ժառանգեց:
Բայց նաև արտաքսման այս տոնի խորհուրդը, մեզ հրավիրում է մտածելու, ոչ թե դա մի դեպք է, որ տեղի ունեցավ մի ժամանակ, որ մեզ հետ կապ չունի, պարզապես հետևանքներն ենք քաշում… Այդպես չէ՛:
Այսօր էլ մենք նույն անվստահությունը ցուցաբերում ենք Արարչի խոսքի նկատմամբ:
- Ասվե՞լ է, Մեծի Պահոց շրջանին մի պսակվեք:
- «Ա՜հ հիմա, ասել ասելա …»:
Մարդկանց մի հատված, այսպիսի տրամաբանությամբ է մոտենում ասվածին: Եվ շարունակում ենք պսակվել… Եվ նույն անհնազանդությունը ցուցաբերում ենք:
- Ասվե՞լ է Պահք պետք է պահել:
- «Է՜հ, հետո ինչ, ասել է Պաս պահեք…Չե՛մ կարող պաս պահել: Միսը հաճելի է ինձ, ուտում եմ…»
Ուրեմն՝ մենք յուրաքանչյուրս երևի ամեն օր Ադամի ու Եվայի հանցանքը կրկնում ենք: Անվստահություն ենք ցուցաբերում Աստծո խոսքի նկատմամբ: «Արգելված պտուղը քաղցր է» արտահայտությունը գոյություն ունի, որը բխում է հենց անվստահությունից: Ինչու՞ է քաղցր: Որովհետև, երբ որ անվստահություն կա, արդեն քաղցրանում է: Ուրեմն՝ այդ անվստահությունը չպետք է լինի: Աստծո խոսքը, անայլայլորեն պետք է ընդունել, որովհետև Աստծո խոսքը՝ մեր օգտի համար է: Մինչդեռ սատանայի խոսքը՝ գայթակղիչ, հրապուրիչ, գեղեցիկ՝ թակարդում դրված պանիր է: Եվ սատանայի նպատակը՝ մեր փրկությունը չէ: Սատանայի նպատակը՝ մեր կորուստն է: Եվ մենք գնում ենք դեպի կորուստ, փոխարենը գնանք դեպի փրկություն:
Այսպիսով՝ արտաքսման կիրակին ներկայացնում է Արարիչ-արարած հարաբերությունը: Որտեղ Արարիչը պատրաստ է պատժել և արտաքսել:
Տ. Միքայել եպ. Աջապահյան