«Աստծո քաղցրությունն է, որ քեզ ապաշխարության է տանում»

Աստված համբերատար է և ողորմած: Նա Իր արարածներից յուրաքանչյուրին ապաշխարության հնարավորություն է պարգևում: Այդ ընձեռված պարգևներից է Մեծ պահքի շրջանը, որի հոգեշահ դարավոր փորձառությունն ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:   

Սուրբ Գիրքը, բազմիցս անդրադառնալով Աստծո համբերատարությանը, հորդորում է չանտեսել ապաշխարության տանող ուղին, քանի որ հակառակ պարագայում. «Քո կարծրությամբ և չզղջացող սրտով դու միայն բարկություն ես դիզում քեզ վրա, երբ Աստծո բարկության օրը գա, և հայտնվի Նրա արդար դատաստանը, որովհետև Աստված հատուցելու է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. Նա հավիտենական կյանք է տալու նրանց, որոնք բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք ու պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և զայրույթ է վերապահելու նրանց, որոնք, հակառակությունից տարված, չեն հավանում ճշմարտությունը, այլ մնում են անիրավության մեջ» (Հռոմեացիներ 2:5-9): Աստծո հանդեպ երկյուղ ունեցողի համար ապաշխարությունն իր փրկության հիմքն է հանդիսանում, իսկ անզեղջ սիրտ ունեցողի համար՝ մեծ պատժի առիթ: Այս մասին սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ Աստված տարածում է Իր ողորմածությունը նրա համար, որպեսզի դու ազատվես քո մեղքերից և ոչ նրա համար, որ նորերն ավելացնես և եթե չապաշխարես, չես խուսափի սարսափելի պատժից. «Եվ քանի որ Աստված համբերատար է, այդ պատճառով դու չպետք է մեղանչես և Նրա բարերարությունը դարձնես պատճառ ապերախտության: Նա ամեն հնարավորն արել է քեզ համար. բարին և չարը ճանաչելու հնարավորություն է տվել, ցուցաբերել է համբերատարություն, կոչել է ապաշխարության, սպառնացել է սարսափելի օրով: Եվ եթե չես զղջում, ապա բարկություն ես դիզում բարկության օրվա համար, երբ հայտնվի Նրա արդար դատաստանը»: Պողոս առաքյալի խոսքով՝ Աստծո քաղցրությունն է, որ մեզ ապաշխարության է տանում (Հռոմեացիներ 2:4):

Ամեն օր երկրի վրա բազմաթիվ չարիքներ են գործվում, ցավոք, մեծ է թիվը նրանց, ովքեր, փրկության հնարավորությունը ձեռքից բաց թողնելով՝ քայլում են այն լայն ճանապարհով, որ դեպի կործանում է տանում՝ թողած կյանքի նեղ, բայց փրկարար ուղին (Մատթեոս 7:13-14):  Այս ամենով հանդերձ, ամեն օր ողջ աշխարհը վայելում է Տիրոջ ողորմածությունը՝ արևը ծագում է և անձրև է տեղում բոլորի վրա (Մատթեոս 5:43): Բայց և Տիրոջ ողորմածությունն էլ ունի իր չափը, որն արհամարհեցին նրանք, ովքեր մահացան ջրհեղեղի ժամանակ (Ծննդոց 7:21-22), նաև նրանք, որ բնաջնջվեցին երկնային կրակով Սոդոմ և Գոմոր քաղաքներում (Ծննդոց 19:24-25): Պետք չէ չարաշահել Տիրոջ ողորմածությունն ու համբերատարությունը, որն ուղղված է մարդուն մեղքի հիվանդությունից բուժելուն: «Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, Իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վերջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեցե՛ք բարին գործել, արդարություն փնտրեցեք, փրկեցե՛ք զրկվածին»,- ասել է Եսայի մարգարեն (Եսայի 1:16-18):

Սուրբ Գրքում կարդում ենք երկու մեղավորների մասին, որոնք զղջացին իրենց մեղքերի համար և խոստովանեցին դրանք Տիրոջ առջև․ խոսքը Սավուղի ու Դավթի մասին է, բայց նրանք երկուսով չէ, որ արժանացան Աստծո ներմանը: Սավուղն ասաց՝ մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ խոսքերը (Ա Թագավորություններ 15:24), իսկ Դավիթը՝ մեղանչել եմ Տիրոջ դեմ (Բ Թագավորություններ 12:13), սակայն ներման արժանացավ միայն Դավիթը, իսկ Սավուղը մահացավ Տիրոջ զայրույթի մեջ: Ինչո՞ւ Տերը միայն Դավթին ներեց։ Այստեղ Տիրոջ անարդարության մասին խոսք լինել չի կարող, քանի որ՝ հավատարիմ է Տերն Իր բոլոր խոսքերում, և արդար է Նա Իր բոլոր գործերում (Սաղմոսներ 144:13): Սավուղը, ի տարբերություն Դավթի, ճշմարիտ ապաշխարություն չապրեց, շրթունքներով միայն խոստովանեց իր մեղքերը, ջանք չթափեց ապաշխարելու համար, թեև բավականին ժամանակ ուներ այդ անելու: Իրական ապաշխարությունը ենթադրում է անկեղծ զղջում, ջանք և գործեր: Ուստի Մեծ պահքի շրջանում ապրենք ճշմարիտ և աստվածահաճո պահեցողության ընթացք՝ նմանվելով Դավթին, որն ասաց՝ կպատմեմ իմ անօրենությունները և կհոգամ իմ մեղքերի մասին (Սաղմոսներ 37:19):

 

Կարինե Սուգիկյան

 

 

14.03.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․