22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Աստծու դատաստանները

Մի ճգնավոր, տեսնելով աշխարհում եղող անիրավությունը, Աստծուն խնդրում էր բացահայտել, թե արդար ու առաքինասեր մարդիկ ինչու էին փորձանքների հանդիպում և անարդարացիորեն տառապում այն պարագայում, երբ անիրավ ու մեղավոր մարդիկ հարստանում էին ու հանգիստ ապրում:

Երբ ճգնավորն աղոթում էր այդ գաղտնիքը բացահայտելու համար, լսեց մի ձայն, որ ասում էր. «Մի՛ քննիր այն, ինչ հասու չէ մտքիդ և իմացությանդ: Սակայն քանի որ ցանկացար իմանալ, գնա՛ աշխարհ, նստիր այսինչ վայրում և հետևիր այն ամենին, ինչ կտեսնես, և այդ փորձից կհասկանաս Աստծու դատաստանների մի փոքր մասը»: Այդ լսելով, ծերն աշխարհ գնաց և մի մարգագետնի հասավ, որի միջով բանուկ ճանապարհ էր անցնում:

Քիչ հեռվում աղբյուր կար և մի հին ծառ, որի փչակում էլ թաքնվեց ծերը:

Շուտով մի հարուստ ձիավոր հայտնվեց այնտեղ: Կանգ առավ աղբյուրի մոտ՝ ջուր խմելու և հանգստանալու: Հետո գրպանից հանեց քսակը, որում հարյուր դուկատ կար: Գումարը հաշվելուց հետո տեղը դնելիս չնկատելով, որ քսակը խոտերի մեջ ընկավ, հեռացավ:

Շուտով մեկ այլ մարդ եկավ աղբյուրի մոտ, գտավ քսակն ու վերցնելով՝ վազքով հեռացավ դաշտերի միջով:

Որոշ ժամանակ անց մեկ այլ անցորդ երևաց: Աղբյուրից մի քիչ ջուր վերցրեց, ձեռքի կապոցից հաց հանեց և խոտերի վրա նստելով՝ սկսեց ուտել:

Երբ այդ աղքատը դեռ իր հացն էր ուտում, երևաց հարուստ ձիավորը և զայրույթից այլայլված դեմքով հարձակվեց նրա վրա: Աղքատը երդվում էր, որ չէր տեսել քսակը, բայց ձիավորը սարսափելի զայրացած լինելով՝ սկսեց մտրակել ու ծեծել նրան, մինչև որ սպանեց: Աղքատի հագուստը տնտղելուց և ոչինչ չգտնելուց հետո վշտացած հեռացավ:

Այն ծերն այս ամենը տեսավ փչակից ու զարմացավ: Խղճալով աղքատին՝ լալիս էր անարդարությամբ սպանվածի համար և աղոթում Աստծուն՝ ասելով. «Տե՛ր Աստված, ի՞նչ է նշանակում այս կամքդ: Ասա՛ ինձ, խնդրում եմ, թե ողորմածությունդ ինչպես է համբերում այս անիրավությանը: Մեկը կորցրեց դուկատները, մյուսը գտավ դրանք, իսկ երրորդը անարդարությամբ սպանվեց»:

Երբ ծերն արտասվալից աղոթք էր անում, Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Մի՛ վշտացիր, ո՛վ ծեր, և մի՛ կարծիր, թե դա առանց Աստծու կամքի է տեղի ունեցել: Բայց այն, ինչ պատահում է, մի դեպքում լինում է ըստ թողտվության, մյուսում՝ պատժելու (խրատելու) համար, իսկ մեկ այլ դեպքում՝ ըստ նախախնամության: Ուստի լսի՛ր:

Դուկատները կորցրած մարդը հարևանն էր նրա, ով դրանք գտավ: Վերջինս այգի ուներ, որ հարյուր դուկատ արժեր: Հարուստն ընչաքաղցության պատճառով նրան ստիպեց հիսուն դուկատով վաճառել իրեն այգին: Այն աղքատն էլ չիմանալով ինչ անել խնդրում էր Աստծուն իր վրեժն առնել: Ուստի Աստված այնպես դասավորեց, որ նա կրկնակի հատուցում ստանա:

Մյուս աղքատը, որ ոչինչ չէր գտել և անարդարացիորեն սպանվել էր, մի անգամ ինքն էր սպանություն գործել: Սակայն զղջացել էր և ողջ կյանքը քրիստոնեավայել անցկացրել: Նա անդադար խնդրում էր Աստծուն ներել իրեն այդ սպանության համար և ասում էր. «Տե՛ր Աստված ինձ նույնպիսի մահ տուր, ինչպիսին ես գործեցի»: Տերն իհարկե ներել էր նրան, երբ նա ապաշխարել էր, սակայն անսալով նրա խնդրանքին, թույլ տվեց բռնի մահով մեռնել և Իր մոտ տարավ՝ նախանձախնդրության համար լուսապայծառ պսակի արժանացնելով:

Իսկ ընչաքաղց մարդը, որ դուկատները կորցրեց և սպանություն գործեց, պատժվում էր ընչաքաղցության և արծաթասիրության համար: Աստված թույլ տվեց, որպեսզի նա սպանության մեղքի մեջ ընկնի, որպեսզի հիվանդանա, տառապի նրա հոգին և ապաշխարության գա: Այդ պատճառով էլ նա այժմ թողնում է աշխարհն ու մենակյաց դառնում:

Այսպիսով՝ որտե՞ղ, ո՞ր դեպքում ես տեսնում, որ Աստված անարդար կամ դաժան կամ անխիղճ է վարվել: Ուստի, այլևս մի՛ փորձիր քննել Աստծու ճամփաները: Գիտցի՛ր, որ բազում այլ բաներ են կատարվում աշխարհում և ամենն՝ Աստծու կամոք, իսկ պատճառները մարդիկ չգիտեն և շատերին տրված էլ չէ իմանալ:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

03.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․