25 Նոյեմբեր, Բշ
Երկու եղբայրներ բնակվում էին միասին, մեկը արգելական (մեկուսացած) էր, իսկ մյուսը սպասարկում էր իրենց երկուսին: Մի անգամ եղբայրը տարավ իրենց երկուսի ձեռագործը վաճառելու և գումարը խիստ սակավ բերեց: Բազում անգամ այդպես արեց, մինչև որ արգելական եղբայրը խորհեց և ասաց. «Կա՛մ չարաչար վատնում է, կա՛մ մեկը նրան խաբում է վաճառելիս. գնամ տեսնեմ այդ»: Եվ նրա հետևից ծածուկ դուրս գալով՝ սկսեց հետևել նրան: Իսկ այն եղբայը գնաց վաճառեց ձեռագործը ու դարձավ մտավ մի տեղ, ուր չպետք է մտներ: Եվ երբ տեսան միմյանց, արգելականը ձևացրեց, թե ինքն էլ է այդպես արել: Երբ քաղաքից դուրս եկան միասին, արգելականը, ընկնելով եղբոր ոտքերը, թողություն էր խնդրում. բազմիցս այդպես արեց և եղբոր հանցանքներն իր վրա վերցրեց: Եվ երբ պատրաստվում էր դուրս գալու այս աշխարհից, իր ընկած եղբորն ասաց. «Ես անպարտ էի այն մեղքերից, որոնց համար քեզնից թողություն էի խնդրում, այլ նրա համար էի անում, որպեսզի թերևս դու ապաշխարես: Արդ, աղոթի՛ր ինձ համար և որքան կարող ես` փախի՛ր մեղքերից, որովհետև դու էլ ես շուտով ելնելու»: Իսկ եղբայրը ավելացրեց ճգնությունները և հաճելի եղավ Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016