«Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»

Աստված մարդու արտաքինն ստեղծելով, ստեղծեց նաև ներքինը: Շատ հաճախ մարդիկ նայում են միայն արտաքինին, այնինչ Աստված նայում է սրտին, ներքին էությանը:

Քրիստոնյայի համար կարևոր հանգամանք կա՝ արտաքինի համապատասխանությունը ներքինին: Եթե արտաքուստ դրսևորվող բարությունն ու ազնվությունը համահունչ չէ ներքինին, ապա այստեղ գործում է կեղծիքը, հակասությունն ու աններդաշնակությունը: Այս պարագայում մարդն ազնիվ չէ իր հանդեպ, հակասում է ինքն իրեն՝ պառակտելով և խոցելով իր իսկ աշխարհը:

Քրիստոս բազմիցս է դատապարտել կեղծավորությունը: Լեռան քարոզում Նա զգուշացնում է. ողորմություն անելիս փող ու թմբուկ չհնչեցնել՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, նաև ի ցույց մարդկանց չաղոթել՝ ժողովարաններում և հրապարակների անկյունում կանգնելով կամ էլ ծոմ պահելիս տրտմերես չլինել (Մատթեոս 6:2,5,16):

Քրիստոս դատապարտում էր փարիսեցիներին իրենց կեղծ բարեպաշտության համար՝ ասելով. «Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ պնակի և բաժակի դրսի կողմն եք մաքրում, մինչդեռ լավ գիտեք, թե դրանց ներսում եղող ուտելիքն ու խմելիքը ինչպիսի՜ հափշտակությամբ և աղտեղությամբ եք ձեռք բերել: Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի և պնակի ներսի՛ կողմը. այդպիսով դրսի կողմն էլ մաքուր կլինի» (Մատթեոս 23:25-27): Մեր Տիրոջ բարկությունն ուղղված էր նրան, որ փարիսեցիներն ամեն ինչ անում էին, որ դրսից մարդկանց երևային արդար, այնինչ ներսից լի էին կեղծավորությամբ և անօրենությամբ: Սբ. Գիրգոր Նարեկացու բնորոշմամբ՝ արտաքուստ թեև բարի են թվում, սակայն ներքնապես ամբար են չարի:

Ավետարանում Քրիստոս, փարիսեցիներին դիմելով, ասաց. «Վա՜յ ձեզ, կեղծավորներ, որ Երկնքի Արքայությունը փակում եք մարդկանց առաջ: Դուք ինքներդ չեք մտնում և մտնել ուզողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն»: Այս օրինակով Քրիստոս զգուշացնում է կեղծավորներին, որ նրանք չեն կարող մտնել Երկնքի Արքայություն և չեն էլ կարող փախչել դժոխքի դատապարտությունից (Մատթեոս 23:13,33): Այդ պատճառով Քրիստոս Իր առաքյալներին հորդորում էր հեռու մնալ սադուկեցիների և փարիսեցիների խմորից:

Արտաքինի և ներքինի անհամատեղելիության օրինակը կարելի է տեսնել «Երկու որդիներ»-ի մասին ավետարանական առակում, որ Քրիստոս պատմեց փարիսեցիների ներկայությամբ: Առակում մի մարդ երկու որդի ուներ, հայրը որդիներից մեկին ասաց՝ գնա և այգում աշխատիր, նա ասաց՝ կգնամ, բայց չգնաց: Նույն խնդրանքով հայրը մյուս որդուն էլ դիմեց, նա ասաց՝ չեմ գնա, բայց հետո զղջաց և գնաց: Եվ այն հարցին, թե երկու որդիներից ո՞վ կատարեց հոր կամքը, Ավետարանը պատասխանում է, որ երկրորդ որդին, թեև կտրուկ և կոպիտ էր իր մերժումը: Քրիստոս առակն ուղղում էր փարիսեցիներին, որոնք առաջին որդու նման արտաքինից մարդկանց առջև արդար են երևում, բայց, ըստ Աստծո արդար դատի, առավել ցածր են, քան հայտնի մեղավորները՝ մաքսավորներն ու պոռնիկները: Ավետարանական այս առակն այդ պահին փարիսեցիներին ուղղված, այսօր իր խոսքն ուղղում է յուրաքանչյուր ընթերցողի՝ խորհելու և կյանքի դասեր առնելու:

Ներքին վիճակը նույնպես ուշադրության կարիք ունի, քանի որ Ավետարանում կարդում ենք՝ Աստծո Արքայությունը ձեր մեջ է գտնվում, այսինքն՝ մարդու ներքինը պատրա՞ստ է ընդունելու Արարչին: Լավ կլինի, որ մարդը հեռու լինի Քրիստոսի հանդիմանական այն խոսքերից, որ ասաց փարիսեցիներին, թե՝ Ինձ մեծարում են լոկ շրթունքներով, մինչ նրանց սիրտը շատ հեռու է Ինձանից (Մարկոս 7:6-7):

Ներքինի և արտաքինի միջև եղած հակասությունը, Քրիստոսի խոսքի համաձայն, արժանի է առավել խիստ դատապարտության, քանի որ՝ «Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է» (Աբբա Դորոթեոս):

Արտաքին բարեպաշտությունն արժեքազրկվում է, երբ այն ներդաշնակ չէ ներքինին: Սբ. Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում երկնային իմաստություն ունեցող մարդուն բնորոշում է որպես մաքուր, խաղարար, ազնիվ, բարյացակամ, ողորմած, անկողմնակալ, այդ թվում նաև անկեղծ (Հակոբոս 3:17): Իսկ Սբ. Պողոս առաքյալն մատնանշում է անկեղծ սերն ու հավատը. «Գերագույն պատվիրանը սերն է, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը» (Ա Տիմոթեոս 1:5):

 

Կարինե Սուգիկյան

23.10.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․