6 Ապրիլ, Քառասնորդական պահքի Զ կիրակի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովնան մարգարեի հիշատակությունը Առաջավորաց պահքի շրջանում: Աստված Հովնան մարգարեին ուղարկեց հեթանոս երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաք, որպեսզի նինվեացիներին ապաշխարություն քարոզի, կոչ անի մեղքերից հետ կանգնել և վերադառնալ ու պաշտել ճշմարիտ Աստծուն՝ երկնքի ու երկրի Ստեղծիչին:
Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ Հովնան մարգարեի կյանքին, և դրանից քաղել հոգեմտավոր դասեր՝ որպես սերմեր մեր առօրյա կյանքի դաշտում:
Ո՞վ էր Հովնանը: Հովնան մարգարեն Զաբուղոնի ցեղի, Գեթաքոբերացի քաղաքի
(Դ թագ. 14:25) Ամաթի որդին էր (Հովն. 1:1): Հովնանը փոքր մարգարեներից է, և այս անունը պայմանավորված էր ոչ թե այս մարգարեների փոքր կարգավիճակով, այլ նրանց գրավոր մարգարեությունների հակիրճ լինելու պատճառով:
Նինվե մեծ քաղաքը: Որքա՜ն զարմանալի է, որ Աստված չորս անգամ Նինվեին անվանեց «Մեծ քաղաք» (Հովն. 1:2, 3:2, 3:3, 4:11) , մինչդեռ դա՝ 1. հեթանոս քաղաք էր, 2. չարությամբ լեցուն էր՝ դրա չարությունը հասավ երկինք (Հովն. 1:2), 3. տգետ քաղաք էր՝ դրա ժողովուրդը չգիտեր տարբերել իր աջը ձախից (Հովն. 4:11):
Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ պատրիարքը, խոսելով Նինվե քաղաքի մասին, ասում է. «Կարելի է ասել, որ հոգևոր չափանիշի առումով Նինվեն մեծության որևէ դրսևորում չունի»:
Հովնանը պատգամաբեր անձ էր: Աստված հրամայեց Հովնան մարգարեին, որ գնա Նինվե այն մեծ քաղաքը և այնտեղի բնակիչներին ապաշխարության կոչ անի, որպեսզի ընդունեն իրենց ոչ աստվածահաճո ընթացքը և ապաշխարեն՝ իրենց սխալ մտածելակերպից ու ապրելակերպից հրաժարվեն. «Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին, և ասաց. «Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ» (Հովն. 1:1-2):
Հովնանը նախանձախնդիր անձ էր: Աստվածաշունչը նկարագրում է, որ Հովնան մարգարեն կտրուկ մերժեց Տիրոջ հրամանը՝ գնալ Նինվե քաղաք, ուստի արագորեն իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ գնում էր Թարսիս, վճարեց ուղևորության ճանապարհածախսը և մտավ նավի մեջ: «Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու» (Հովն. 1:3):
Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայրապետն ասում է. «Հովնանը փախավ ցամաքից, բայց իր վրա բերեց ծովի փոթորիկները»: Սուրբ Հիերոնիմոսը տեսնում է, որ Հովնանը չհանդուրժեց գնալ Նինվե և փրկել դրա ժողովուրդը իր՝ Իսրայելի ժողովրդի հաշվին, այն իմաստով, որ Հովնանն իր՝ Իսրայելի ժողովրդի հանդեպ նախանձախնդիր էր:
Հովնանն Աստծուն վստահող անձ էր: Կան մարդիկ, որոնք սովորական գնացող նավում կամ օդանավում չեն կարող քնել, նրանց աչքերը բաց են անկախ ճամփորդության հեռավորությունից, նյարդերը պրկված, տրամադրությունը գերզգայուն, մինչդեռ Հովնան մարգարեն Աստծո հանդեպ մեծ վստահություն ուներ:
Մարգարեն նավում ոչ միայն ննջում էր, այլ նաև խռմփացնում․ «Հովնանը, իջնելով նավի մի խորշը, ննջում էր և խռմփացնում» (Հովն. 1:5), մինչ նավը խորտակվելու վտանգի մեջ էր մեծ փոթորիկի պատճառով: Կարելի է ասել, որ Հովնան մարգարեն ննջում էր, որովհետև չէր ուզում տեսնել Աստծո բարկության ալիքներն իր վրա:
Խնդիրների մեջ հանգիստ լինելը՝ քնելը, մեզ հիշեցնում է Պետրոս առաքյալին, երբ նա կրկնակի շղթաներով կապված, երկու զինվորների միջև հսկված քնած էր բանտում (Գործք 12:1-6):
Հովնանը քաջախոս անձ էր: Նավաստիները այդ ծովային սոսկալի փոթորկի մեջ, վիճակ գցեցին և դրանից իմացան, որ ահավոր փոթորկի պատճառը Հովնանն էր: Հովնանը քաջաբար կատարեց երեք արարք՝
1. Վկայեց, որ կա մի Աստված, որ ստեղծեց երկիրը, իր ծովով ու ցամաքով (Հովն. 1:9)։
2. Ընդունեց, որ ինքը փախչում է Տիրոջ երեսից (Հովն. 1:10)։
3. Առաջարկեց նավաստիներին, որ իրեն գցեն ծովը, որպեսզի դրա ալեկոծությունը դադարեցվի (Հովն. 1:12): Ներսես Լամբրոնացին ասում է. «Պատերազմ յարուցին տարերքս հրամանաւ այ՛ ընդդէմ ա՛յնը որ ո՛չ կամեցաւ զմարդկան փրկութի»:
Հովնանը խորհրդանիշ անձ էր: Գրված է. «Տերը հրաման տվեց մի խոշոր կետի կուլ տալ Հովնանին, և երեք ցերեկ ու երեք գիշեր Հովնանը կետի փորում էր» (Հովն. 2:1), ինչը խորհրդանիշ է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երեք օր ու երեք գիշեր մնալը գերեզմանում խաչելությունից հետո․ «Ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորում, այնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի սրտում» (Մատթ. 12:38-42, Մրկ. 8։11-12, Ղուկ. 11։29-32):
Հովնանն աղոթող անձ էր: Հովնանը ծովի մի խոշոր կետի մեջ լինելով կարողացավ աղոթել Աստծուն: Նրա աղոթքի բովանդակությունը բաղկացած է մի քանի ենթաթեմաներից՝
Հովնանն ազդեցիկ անձ էր: Հովնանը Տիրոջ երկրորդ հրամանից հետո գնաց Նինվե, քարոզեց քաղաքի բնակիչներին՝ ասելով. «Եվս այլ երեք օրեր, և Նինվեն կործանվելու է» (Հովն. 3:4): Հովնանն ազդեցիկ քարոզիչ էր, որովհետև նինվեացիները՝
1. հավատացին Աստծուն, 2. կատարեցին պահեցողություն, 3. հագան քուրձ, 4. Նինվեի թագավորը իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա, 5. Նինվեում հայտարարվեց, թե մարդ և անասուն, ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն, 6. ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձան իրենց չար ճանապարհներից և անօրենությունից (Հովն. 3:5-9):
Հոգեմտավոր դասեր Հովնան մարգարեի կյանքից:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր