28 Նոյեմբեր, Եշ
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Մեծ մեղք գործեցի, հայր, և կամենում եմ երեք տարի ապաշխարել»: Հայր Պիմենն ասաց. «Չափազանց շատ է»: Եղբայրն ասաց. «Իսկ մեկ տարին բավակա՞ն է»: Ծերն ասաց. «Դա էլ է շատ»: Եվ ովքեր այնտեղ էին, ասացին. «Քառասո՞ւն օր է հարկավոր այդ մեղքն ապաշխարելու համար», և Պիմենը դարձյալ ասաց` շատ է: Եվ եղբայրը հարցրեց. «Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր»: Հայր Պիմենն ասաց. «Ես հավատում եմ, որ եթե մարդ ամբողջ սրտով ապաշխարի և այդ մեղքի վրա նորերը չավելացնի, Աստված երեք օրում կընդունի նրա ապաշխարությունը և թողություն կտա նրա մեղքերին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016