22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է անշարժ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Այդ առթիվ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Աստվածամորը նվիրված տոնը բազմաթիվ հայորդիների քայլերն ուղղորդել էր դեպի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ներկաները վաղ առավոտյան մասնակցեցին Գիշերային և Առավոտյան ժամերգություններին, ապա Ս. Պատարագին իրենց աղոթքները միահյուսեցին Տիրամորը նվիրված բարեխոսական աղոթքներին և շարականներին: Պատարագիչը՝ Տեր Վահան քահանա Առաքելյանը, նախքան քարոզը շնորհավորեց կանանց և աղջիկներին, նրանց փոխանցելով ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը, և մաղթեց, որ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ արժանանան Տիրոջ օրհնությանը՝ ապրելով խաղաղ և երջանիկ օրեր: Իսկ քարոզին Տեր Հայրը մասնավորաբար նշեց. «Տիրամոր բարեխոսությանը ապավինելով՝ մենք ոչ միայն ապրում ենք մեր կյանքը ներկայում, այսօր, այս պահին, այլ նաև փորձում ենք կառուցել մեր ապագայի տեսիլքը: Ուրեմն՝ խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի միշտ կարողանանք հաղթահարել ամեն տեսակի փորձություն մեր կյանքում և փաստենք մեր հավատքն առ Աստված, ընթանանք մեր կյանքի ճանապարհը՝ մեզ հանձնելով Աստծո նախախնամությանը, վստահ լինելով, որ խոնարհության ու հնազանդության հետևից գալու է երկնային փառքը, որին արժանացավ Փրկչի մայրը: Մեր մաղթանքն է, որ այս տոնի շնորհները հորդեն մայրական բերկրանքին սպասող բոլոր կանանց վրա, նրանք, ովքեր դեռ չեն արժանացել այդ կոչմանը, մաղթում ենք Աստվածածնի բարեխոսությամբ արժանանալու որդեծնության շնորհին: Թող Աստվածամոր անմնացորդ սիրո քայլերով կարողանանք հետևել մեր Տիրոջը: Սուրբ Մարիամ Աստվածածինը առաքինության հրավեր է անում մեզ բոլորիս: Նմանվենք նրան՝ նրա աղոթքներով…»:
Ս. Պատարագի մասնակիցները Ս. Հաղորդությամբ հաղորդվեցին սիրո խորհրդին՝ բաժնեկից դառնալով Երկնային թագավորի սեղանին: «Ս. Պատարագի ընթացքում մեր Փրկչի Մարմնի և Արյան խորհրդին հաղորդվելով՝ նույն պահին էլ, անշուշտ, հաղորդվում ենք Աստվածամոր արյանը, իսկական մոր նման նրա արյունն ենք ունենում մեր մեջ, և իր արյան սուրբ խորհրդով նա ծնում է մեզ՝ իբրև իր հավատացյալ զավակներ և այս կերպով դառնում է մեր բոլորիս Մայրը» (Վաչե Ծայրագույն վարդապետ Իգնատիոսյան «Աստվածամայրը»):
Օրն առանձնահատուկ էր ապագա մայրերի համար, քանի որ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Ս. Պատարագի ավարտին կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և համայնքի տղամարդիկ վարդեր ու բացիկներ նվիրեցին եկեղեցում ներկա կանանց և աղջիկներին: Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը հոգևոր ուրախությամբ և ջերմությամբ էր համակել բոլորին:
Նկատելի է, թե ինչ նախանձախնդրությամբ և եռանդով է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը պատրաստվում տոնական օրերին: Համայնքը՝ որպես փոքր ընտանիք, աճում է և զորանում՝ իր մասնակցությունը բերելով համայնքային կյանքից ներս իրականացվող տոնական միջոցառումներին և բազմաթիվ ծրագրերին: Եվ Տերունական յուրաքանչյուր օր համայնքի անդամներին խորհրդաբար միավորում է ոչ միայն Աստծուն, այլև միմյանց՝ այդպիսով կազմելով Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին:
«Աստծո և միմյանց հանդեպ ունեցած ճշմարիտ սիրով ու միասնականությամբ է, որ եկեղեցու համայնք ենք կազմում, ասել է թե՝ հոգևոր ընտանիք: Երկնավոր Հոր կամքը կատարելով է, որ եղբայրակից ենք դառնում Քրիստոսին ու ժառանգակից՝ Աստծո Արքայության: Եվ Քրիստոս է, որ միավորում է մեզ այդ սիրո մեջ՝ մեր հոգևոր հայացքներն ուղղելով դեպի մեզ Սիրող Հայրը»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Կարինե Սուգիկյան