28 Նոյեմբեր, Եշ
Ծաղկազարդի տոնին՝ մանուկների օրհնությանն ընդառաջ, մարտի 22-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ միասին այցելեցին «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատուն:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի և երիտասարդաց միության ջանքերով միրգ, քաղցրավենիք և հիգիենիկ պարագաներ ստացան մանկատան երեխաները:
Հերթական այցը մեծ ուրախություն էր պատճառել երեխաներին: Տեր Գրիգորը մանկատան տնօրինությանը, մանկավարժներին և երեխաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու գնահատանքը: Սրբազան Հոր կողմից երեխաներն անակնկալ ունեին. «Մանուլիկ»-ն ու «Միկի» մկնիկն էին եկել: Նրանք իրենց խաղերով, պարերով աշխուժություն, զվարթություն և ժպիտ պարգևեցին երեխաներին: Երիտասարդաց միության անդամները, միանալով հերոսներին, երեխաների հետ պարում էին, մասնակցում խաղերին: 15-ամյա կույր Մարիամը իր հրաշալի ձայնով հիացրեց ներկաներին: Խաղ ու պարից հետո «Մանուլիկ»-ն ու «Միկի» մկնիկը վստահ էին, որ իրենք նորից են այցելելու հրաշք մանուկներին: Տեր Հայրերը, առանձին խմբերի բաժանվելով, բժշկության աղոթքներ կարդացին մյուս սենյակներում գտնվող այն երեխաների համար, ովքեր առողջական խնդիների պատճառով դահլիճում չէին:
Վերջում Տեր Գրիգորը «Պահպանիչ» աղոթք կատարեց, ջերմության և սիրո մթնոլորտում դժվար էր թե՛ երեխաներին, և թե՛ երիտասարդներին միմյանց հրաժեշտ տալը: Բայց և այնպես նրանք միմյանց հրաժեշտ տվեցին նորից հանդիպելու ակնկալիքով:
Հակոբոս առաքյալը սուրբ և անարատ բարեպաշտությունը Հայր Աստծո առաջ համարում է որբերին և այրիներին այցելելը իրենց նեղության մեջ (Հակոբոս 1:27):
Աստծուն սիրելու ճանապարհը անցնում է մարդուն սիրելու ճանապարհով:
Աստծո սերը մարդկանց դարձրել է Աստծո որդիներ, և Իր որդիներին Հայրը մշտապես պատգամում է՝ սիրե՛ք միմյանց: Սիրո առաքյալ Հովհաննեսն ասում է. «Խոսքերով և լեզվով չսիրենք, այլ՝ գործով և ճշմարտությամբ: Եվ հենց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, և Աստծո առաջ կանգնելու վստահություն կունենան մեր սրտերը» (Ա Հովհաննես 3:18-19):
«Սերն ու կարեկցանքը օգնում է և՛ կարիքի մեջ գտնվողին, և՛ նաև նրան, ով այն տալիս է իր ամբողջ սրտով: Լինել կարեկից նշանակում է ամեն մարդու մեջ տեսնել Աստծուն: Կարեկցանքը մարդկանց միավորող ահռելի մի ուժ է: Միայն կարեկցանքը կարող է անկեղծ հիանալ յուրաքանչյուր մարդ էակով միայն նրա համար, որ նա Արարչի ձեռքի գործն է: Մարդը ոչ այդքան հացի, որքան սիրո և կարեկցանքի կարիք ունի» (Մայր Թերեզա):
Կարինե Սուգիկյան