13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ամէն ասեմ ձեզ. զի այրին այն տառապեալ` շատ արկ քան զամենեսեան որ արկին ի գանձանակն, քանզի ամենեքին յաւելորդաց իւրեանց արկին, այլ նա ի չքաւորութենէ իւրմէ զամենայն ինչ զոր ունէր արկ, գոյիւ չափ զկեանս իւր»: (Մարկ. ԺԲ 43-44)
Սիրելիներ, այսօր՝ Սուրբ Խաչից հետո հինգերորդ կիրակիին, Եկեղեցու Հայրերը Ս. Հովհան Ոսկեբերանից սկսած այս ընթերցվածն են կարգել որպես Ճաշու ընթերցված Ս. Պատարագին ընթերցելու: Ահավասիկ տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս Երուսաղեմ բարձրանալուց և տնօրինական ամբողջ խորհուրդը լրացնելուց առաջ օգտագործում է ամեն մի առիթ` փրկության խոսքը, փրկության ավետիսը փոխանցելու մարդկանց և նրանց սովորեցնելու ճշմարտության ճանապարհը: Եվ ահավասիկ տաճարի մեջ կանգնած, գանձանակի առաջ, Հիսուս դիտում էր, թե ինչպես յուրաքանչյուր ուխտավոր գալով իր լուման էր ընծայաբերում տաճարին` լինի դա դրամ կամ որևիցե ընծա:
Տերը տեսնում է, որ գալիս է նաև մի այրի կին, որը գանձանակի մեջ գցում է միայն երկու լումա: Եվ Տերը, կանչելով իր աշակերտներին, ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»:
Այստեղ Տերը ուղղակի առարկայական օրինակով է խոսում իր առաքյալների հետ, ուրիշ անգամներ առակներով խոսեց նրանց՝ առակներով փոխանցելով այն ճշմարտությունը, որ թաքնված է առակների մեջ: Այստեղ Հիսուս ասում է, որ այդ այրի կինը ավելի շատ գցեց, քան մյուսները: Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ կարող ենք ուսանել այս դեպքից: Հարկավ՝ առաջին բանը, որ մեր մտքից անցնում է, դա զոհողությունն է: Ի՞նչ տեսակ զոհողություն, ինչպե՞ս մարդ կարող է հասկանալ զոհողությունը առանց ճշմարիտ հավատքի, առանց այն հավատքի, որ հիմնված է միայն ճշմարտության վրա, որ է՝ Քրիստոս: Այդ զոհողությունը, սիրելինե՛ր, պահանջում է առաջին հերթին ճշմարիտ հավատք: Հավատքը, իհարկե, աստվածային շնորհ է, առաքինություն, որ Աստված է մեզ պարգևում: Սակայն Աստված ընդառաջ է գնում մեր խնդրանքներին, ինչ որ խնդրում ենք մաքուր սրտով, անկեղծ հավատքով, այն է, որ մեզ փոխանցում է, և ինչ որ մեր սիրտը փափագում է ուրիշներին անելու, այն է, որ մեզ փոխանցում է:
Այրի կնոջ այս ընծան չնչին բան էր, եթե առարկայական իմաստով վերցնենք, որպես դրամ, սակայն Տերը չգովեց նրա դրամի չափը, այլ նրա հոգով և սրտով մոտենալը տաճարին, նրա ամբողջ կեցվածքը տաճարի նկատմամբ, նրա հոգին ամբողջ, սիրտը, և թերևս ուրիշ անգամ լսել էր Քրիստոսի խոսքը, որ ասում էր. «Ով որ հետևում է Ինձ, պետք է թողնի ամեն բան, գա Իմ հետևից» կամ «պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ»:
Սիրելիներ, այրի կնոջ այս պարզ օրինակը, որի միջոցով Տերը մեզ փրկության խոսքն է փոխանցում մեր կյանքի, մեր կյանքի ամեն վայրկյանի, ամեն պարագայի, մենք հանդիպում ենք ոչ միշտ անպայման դրամի միջոցով. դա կարող է լինել սերը մեր մտերիմի նկատմամբ, դա կարող է լինել տարբեր տեսակի զոհողություններ, չբամբասելը մեր նմանին, այն ամենը, ինչ որ կա մեր կյանքի մեջ, ինչ որ կա մեր հասարակության մեջ, ինչ որ մարդ հավատք ունենալով, ճշմարիտ հավատք, Հիսուսի և Սուրբ Եկեղեցու պատգամները կարող է իր կյանքի մեջ իրագործել, իրականություն դարձնել և օրինակ լինել նրանց, որոնք թերևս ամեն վայրկյան նայում են իրեն, իրենից օրինակ վերցնելու:
Քրիստոսի պատգամը բոլոր պարագաների մեջ մեկն է, ինչպես արդեն Հին Կտակարանից շեշտվում է այս խոսքը, այս նախադասությունը, որ «Սուրբ եղեք, որովհետև Ես սուրբ եմ»: Այս սրբության ճանապարհն է Տերը մեզ ցույց տալիս տարբեր օրինակներով և ահա ևս մեկ օրինակով, այրի կնոջ այս լումայով, այս ընծայաբերումով Տերը ցույց է տալիս ամբողջական զոհողության և նվիրաբերման իմաստը:
Սիրելիներ, հավատքի այս խորհուրդը, այս ճշմարտությունները մենք խոստովանում ենք և խոստանում ենք կատարել Սուրբ Մկրտության ժամանակ, երբ որ ի պատասխան քահանայի հարցումին, եթե մենք հասուն տարիքում ենք մկրտվում, իսկ եթե ոչ, կնքահորն հարցնում է քահանան՝ կնքահայր, ի՞նչ ես խնդրում, և կնքահայրը պատասխանում է՝ հավատք, հույս, սեր և մկրտություն: Հավատքը, սիրելիներ, առանց ճշմարտության հավատք չէ, իսկ ո՞վ է այդ ճշմարտությունը: Այդ ճշմարտությունը անձնավորված Աստված է, այդ ճշմարտությունը մարդ դարձած Հիսուս Քրիստոս է, Աստվածորդին է, որ Աստված ընծայաբերեց, չխնայեց Իր միածին Որդուն, ինչպես Հովհաննես ավետարանիչն է ասում, և նրան տվեց աշխարհի փրկության համար: Այդ հավատքի պարագլուխը Տերը Ինքն է:
Մենք մեր հավատքը չենք կարող ոչ մի բանի վրա հիմնել, բացարձակապես ոչ մեկ բանի վրա, ոչ մեկ անձի վրա, ոչ մեկ եղելության վրա, բայց միայն այն ճշմարտության վրա, որ հենց Ինքն է՝ Հիսուս Քրիստոս:
Այդ հավատքի իրագործողները, այդ հավատքը կենդանություն դարձնողները բոլոր այն առաքելաշավիղ հայրերն են, այն սուրբերն են, այն նվիրյալներն են, ովքեր այդ հավատքը իրականացրեցին, առարկայացրեցին իրենց կյանքի մեջ: Ընդամենը երեկ էր, որ մենք տոնեցինք Սուրբ Թարգմանիչների տոնը: Ի՞նչ էր, թերևս, Սուրբ Մեսրոպի արածը, եթե ոչ՝ այդ երկու լումայի հավատքի չափը, ամբողջ սերն էր, ամբողջ նվիրումն էր, ամբողջ զոհողությունն էր, առաջինը՝ Տիրոջը, և երկրորդը՝ այն ազգին, որին նվիրաբերված էր, ընծայաբերված էր Քրիստոսի պատգամը փոխանցելու, հայացնելու, հայաշունչ դարձնելու:
Հարկավ, դեպքերի բերումով մարդ կարող է երբեմն սխալ գործել, մարդ կարող է հեռանալ այս երկու լումայի չափի հավատքից, սակայն Աստված մեզ միշտ կանչում է, Աստված մեզ միշտ սիրում է: Ինքը սեր է, և այդ սիրով մեզ կանչում է ամեն անգամ Իր առջև կանգնելու և այդ կնոջ հավատքի չափ մեր ընծան մատուցելու, լինի դա աղոթք, լինի դա ողորմություն, լինի դա պահք կամ որևիցե մեկ բան, որ Քրիստոս Ինքը սովորեցրեց, որ մեր հայրերը փոխանցեցին մեզ:
Ճշմարիտ զոհողությունը, հարկավ, ամեն պարագայի Աստվածորդին Ինքն է, որ բարձրացավ խաչը, սակայն չմնաց խաչի վրա, հարություն առավ և այդ հարությամբ մեզ բոլորիս առաջնորդեց այնտեղ, ուր որ փափագն է յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի՝ հասնելու հավիտենական կյանք: Այդ հավատքն է, որ Քրիստոս յուրաքանչյուր մեկ պարագայի միջոցով, Իր կյանքի յուրաքանչյուր առիթով եկավ մեզ սովորեցնելու, թե ինչպես կարող ենք փրկվել:
Սիրելիներ, իմ մաղթանքն է, իմ աղոթքն է, որ Տերը ճշմարիտ հավատքի ճշմարիտ զոհողությունը պարգևի յուրաքանչյուր մեկիս, որ կարողանանք այն շնորհները, այն պարգևները, որ Աստված մեզ տվել է, զորացնենք և առավելով ընծայաբերենք Իրեն, չլինենեք այն ծառայի նման, որ ընդունեց պարգևը և տարավ-թաքցրեց: Ո՛չ: Այլ վերցնենք այդ պարգևը և այն արդյունավորենք ու բազմապատկենք:
Ամենաթանկ բանը մարդու համար կյանքն է, որ երբևէ մարդը կարող է ընծայաբերել, և Քրիստոսից բացի, մեր հավատքի Պարագլուխից բացի ուրիշ մեկը չունենք ճշմարիտ առաջնորդ, որը կարող է հասցնել մեզ փրկությանը, ըղձացված և մեր կյանքի ողջ ընթացքում փափագված ճշմարտությանը: Մաղթանքս է, որ Տերը այդ զոհողության հավատքը, այրի կնոջ այդ երկու լումայի հավատքը անպակաս դարձնի յուրաքանչյուր մեկիցս, որպեսզի ավելացնենք դա, զորացնենք և լինենք Քրիստոսի նման և կատարենք Քրիստոսի՝ մեզ պատգամած գործերը:
Աղոթում եմ, որ Տերը մշտապես քաջառողջ և նվիրյալ ու ընծայաբերյալ պահի ամենքիս, և միշտ այրի կնոջ երկու լումայի հավատքը ուղեկցող լինի մեր ողջ կյանքի ընթացքում:
«Շնորհք, սէր եւ աստուածային խաղաղութիւն եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. ամէն»:
Տ. Հովհաննես աբեղա Մայիլյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Ս. Պատարագին, 9 հոկտեմբերի 2005 թ.)