25 Նոյեմբեր, Բշ
«Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թես. 5:18),- պատգամում է Սուրբ Գիրքը՝ մատնանշելով քրիստոսնեական կյանքի կարևորագույն առաքինություններից մեկը՝ երախտագիտությունը: Երախտագիտությունը ցավալիորեն քիչ հանդիպող առաքինություն է մարդկանց մեջ, առավել ևս Արարչի և Նրա անթիվ ու մեծագույն բարերարությունների հանդեպ, որ Նա շնորհել ու շնորհում է մարդկանցից յուրաքանչյուրին: Չարը՝ մարդկության թշնամին, ամեն ինչ անում է, որպեսզի մարդը չնկատի Աստծու կողմից շնորհված բարիքները, ընկնի երախտամոռության, հուսահատության և տրտունջի մեջ և մեղքերից կուրացած, ճշմարիտը չտեսնելով՝ հեռվանա Աստծուց: Չարն ամեն ինչ անում է, որպեսզի մարդը մոռանա այն հասարակ ճշմարտությունը, որ այն, ինչ ունի, պատկանում է Աստծուն: Եկեղեցու հայրերն ասում են, որ եթե մարդը կարող է ինչ-որ բան անել առանց իր մարմնի, ապա դա իր սեփականությունը կլինի, եթե կարող է մտածել առանց մտքի, ապա դա նույնպես իրենը կլինի: Այս խոսքերը վկայում են, որ մարդուն չի պատկանում այն, ինչ ինքն է ձեռք բերել, աշխատել և ստեղծել, առավել ևս չի պատկանում այն, ինչ ինքն ի վիճակի չէ ստեղծելու, օրինակ՝ իր մարմինը, ընդունակությունները, հարազատ ու սիրելի մարդկանց: Այս բոլորը ոչ այլ ինչ են, քան Աստծու շնորհած մեծագույն բարիքները:
Եկեղեցու հայրերի նկարագրությամբ՝ անշնորհակալ անձը նման է նրան, որ նստած է մի սենյակում, որի պատուհաններն ամբողջովին աղտոտված են: Արևի լույսը ողողել է ողջ սենյակը, բայց մարդն այն չի տեսնում և չի զգում, նրա համար միևնույն է՝ սենյակում լուսավոր է, թե՝ մութ, տաք է, թե՝ ցուրտ: Այս ամենի պատճառն այն է, որ մարդը չի «ջերմանում» աստվածային ողորմության «լույսով» և ապրում է միայն իր հայացքի ներքո, հպարտությունն «աղտոտել» է նրա սրտի պատուհանը և դարձրել անընդունակ՝ տեսնելու աստվածային բարիքները և փառաբանելու Աստծուն: Աստված՝ որպես Երկնավոր Հայր, նախախնամում և հոգ է տանում Իր արարածներին, այդ պատճառով Սողոմոն Իմաստունը, դիմելով Աստծուն, ասում է. «Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բավական է: Չլինի թե հարստանամ և ուրանամ քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով» (Առակ. 30:8-10):
Երախտագիտությունը բնական զգացում է, որ պետք է ունենա յուրաքանչյուր ոք: Եթե ընտանիքում բացակայում է երախտագիտության զգացումը, նշանակում է՝ բացակայում է նաև սերը: Մարդը, բազմահոգության մեջ ապրելով, մոռանում է, որ Աստված իր կողքին է: Երախտագիտությունը հոգուն հանգստություն է պարգևում, իսկ ապերախտությունը մարդուն ապերջանիկ է դարձնում: «Նույնպես էլ դուք, երբ կատարեք, ինչ որ հրամայված է ձեզ, ասացե՛ք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք» (Ղուկ. 17:10),- ասում է Տերը: Հավատավոր մարդը չպետք է հիասթափվի, եթե իր հանդեպ անշնորհակալ վերաբերմունք ցուցաբերեն, քանի որ նա ինչ անում է, անում է հանուն Աստծու փառքի:
Աստված կատարյալ է և ազատ ու ոչնչի կարիք չունի, Նա իր սիրուց մղված արարեց մարդուն և ցանկանում է, որ Իր արարածները հասնեն կատարելության, իսկ առ Աստված ունեցած երախտագիտությունը մարդու սիրո արտահայտություններից մեկն է՝ ուղղված Աստծուն: Նա, ով իր մեջ սեր չունի, միայն իր մասին է մտածում, մշտապես դժգոհ է իր վիճակից՝ համարելով, որ բոլորը պարտավոր են իրեն, իսկ շնորհակալ անձը, իր ունեցածից գոհ լինելով և Աստծուն փառաբանելով, մուտք է գործում փրկության ուղի: Աստծու հանդեպ սիրո և երախտագիտության լավագույն արտահայտությունը Նրան հետևելն է, Նրա կողմից տրված շնորհներն ի փառս Աստծու գործածելն ու զարգացնելը: Երախտագիտություն է, երբ մարդը խոնարհաբար և ուրախությամբ ընդունում է այն, ինչ շնորհել է իրեն Ամենակարողը: «Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց ձեզ, այլ Նրա համար չարչարվելու շնորհ» (Փիլ. 1:29): Իսկ պարգևին, բնականաբար, հաջորդում է փառաբանությունը: Քրիստոսի համար չարչարվելը Աստծու պարգև է, որ տրվում է ճշմարիտ քրիստոնյային և ինչը նա պետք է ջանա երախտագիտությամբ ընդունել: «Փորձության ժամանակ Աստծուն փառաբանողը փախուստի է մատնում փորձությունը»,- ասել է աբբա Եսային:
Հոգևոր և նյութական գանձերի պահապանն է երախտագիտությունը, ինչը կարող ենք տեսնել Հովսեփ Գեղեցիկի օրինակով: Եկեղեցու հայրերն ասում են, որ այս իմաստուն պատանուն մի շարք բարերարություններով էին հարստացրել Աստված և մարդիկ: Աստված հարստացրել էր նրան հոգևոր պարգևներով՝ իմաստությամբ, մաքրությամբ և այլ առաքինություններով: Իսկ ոմն եգիպտացի՝ փարավոնի ներքինի դահճապետ Պետափրեսը՝ տեսնելով, որ Տերը հաջողություն է տալիս Հովսեփին, նրան իր տան վերակացուն էր կարգել և իր ողջ ունեցվածքը նրան վստահել: Չարը, որ հոգու թշնամին է և գող, նախանձելով նրան, ցանկացավ խլել Հովսեփից այդ բոլորը: Այդ նպատակով նա Պետափրեսի կնոջը սովորեցրեց գայթակղեցնել Հովսեփին և մեղքի մեջ գցել, որով նա և՛ Աստծուն կբարկացներ, և՛ իր տիրոջը կվիրավորեր՝ զրկվելով աստվածային և մարդկային օգնությունից, հոգևոր և նյութական հարստությունից: Ահա, թե ինչ պատասխանեց Հովսեփն իրեն գայթակղեցնել ցանկացող կնոջը. «Եթե իմ տերը իր տան ողջ ունեցվածքը վստահել է ինձ, և այս տանը ինձնից ավելի մեծ մարդ չկա, ու ինձ ոչինչ չի արգելված, քեզնից բացի, որովհետև նրա կինն ես, ապա ես ինչպե՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը և մեղանչել Աստծու առաջ» (Ծննդ. 39:8-10): Եկեղեցու հայրերի բացատրությամբ՝ նա այդ պահին հիշեց, թե ինչ բարիք է ստացել, որով հաղթեց չարին, որ տանջում էր իրեն: Այդ կերպ նա հաղթահարեց գայթակղությունն ու բնական հակումը, հեռու վանեց չարին, պահպանեց հոգևոր հարստությունը, Աստծուն չբարկացրեց և իր տիրոջը չվիրավորեց: Ահա, թե ինչպիսի պահապան է առաքինություններից երախտագիտությունը:
Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք, որ շատերն ասում են, թե գնում են եկեղեցի, աղոթում ու փառաբանում են Աստծուն, բայց դա իրենց ոչ մի օգուտ չի բերում: Այսինքն՝ միայն շրթունքներով են փառաբանում Աստծուն, այդպիսինների համար է Աստված ասել. «Այս ժողովուրդն Ինձ մեծարում է միայն շրթունքներով, մինչ նրանց սիրտը շատ հեռու է Ինձնից» (Մատթ. 15:8): Ճշմարիտ հավատը բարի պտուղներ է բերում և հեռվացնում չար գործերից, իսկ «նրանք հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան» (Տիտ. 1:16): Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Փառաբանում են Աստծուն, երբ ապրում են համերաշխ ու միաբան, երբ համբերում են իրենցից առավել տկարին, չեն ատում եղբորը: Իր մարմնով Աստծուն փառաբանում է նա, ով չի տրվում անառակության, չի հղփանում: Առ Աստված փառաբանությունը մարդուն շնորհում է հանգստություն, ուրախություն՝ չնայած այն բանի, որ շուրջբոլորը միայն փորձություններ են: Փառաբանելով Աստծուն՝ մարդն իրենից վանում է թերահավատության, տրտունջի և հուսահատության մտքերը: Քանի որ փառաբանելը հաճելի է Աստծուն, ապա փառաբանողը մի շարք օրհնությունների է արժանանում Աստծուց, ինչի մասին Քրիստոս ասում է. «Ով ունի, նրան պիտի տրվի ավելիով» (Մատթ. 13:12):
Սովորաբար մարդն իր բարերարին սիրում է, հարգում, ամեն առիթով իր երախտագիտությունը հայտնում, իսկ մարդու ամենամեծ բարերարը Աստված է, քանի որ արարչագործության մեջ մարդն առավել օրհնություն ստացավ, քան մյուս արարածները, հանուն նրա ստեղծվեց երկինքն ու երկիրը, հանուն նրա փրկության Աստծու Որդին մարդացավ: Ուստի անհրաժեշտ է, որ քրիստոնյան մշտապես փառաբանի Իր Արարչին, Փրկչին, Բարերարին ու Նախախնամողին՝ բոլոր հայտնի և անհայտ պարգևների համար, և Ամենողորմն անպատճառ բազում պարգևների և ողորմությունների կարժանացնի Իր արարածներին ոչ միայն ժամանակավոր, այլ նաև հավիտենական կյանքում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը