Եկեղեցու հայրերի խրատներում հաճախակի ենք հանդիպում հետևյալ հորդորին՝ ապրել մեկ օրով, այսինքն՝ սովորություն ունենալ օրն ապրել՝ որպես նոր և միակ օր՝ չանհանգստանալով ապագայի մասին, քանի որ, Տիրոջ խոսքի համաձայն (Ղուկաս 12:22-31), վախերն ու մտահոգությունները ի զորու չեն ոչինչ փոխելու: Ապագայի վերաբերյալ մտահոգությունները հեռացնում են մարդուն ներկայից: Հայրերի հորդորը մարդկանց չի մղում անտարբերության, այլ հակառակը՝ լավագույն միջոցը լավագույն ապագայի համար, ներկան ճշմարտապես՝ Տիրոջ կամքի համաձայն ապրելն է: Իրականում, ինչպես մենք ապրում են մեր այսօրը, այն էլ որոշում և նախապատրաստում է մեր հաջորդ օրը:
Տիրոջ պարգևած յուրաքանչյուր օրվա իրական արժևորմանն են ուղղված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի սոցիալական ծրագրերը, որոնց իրենց մասկացությունն են բերում ինչպես համայնքի, այնպես էլ արտերկրում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները: Օգոստոսի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մելիքյան Հասմիկին (56 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վարդաշեն 6-րդ փողոցի 31 հասցեում է բնակվում Շառոյան բազմանդամ ընտանիքը: Տիկին Հասմիկը երկու զավակ ունի, տղան ընտանիք է կազմել և մեկ զավակ ունի: Տիկին Հասմիկի ամուսինը՝ Շառոյան Գագիկը (67 տ.), 2-րդ խմբի զինհաշմանդամ է: «Վեց հոգուց բաղկացած մեր ընտանիքը բնակվում է երկու սենյականոց բնակարանում, որ գտնվում է վթարային վիճակում: Արդեն յոթ տարի է, որ բնակարանի տրամադրման հետ կապված դիմել եմ տարբեր վերադաս մարմինների, բայց մնացել եմ անպատասխան: Արցախյան ազատամարտի մասնակից ամուսինս, գլխից վիրավորվելով, հոգեկան խանգարում է ստացել, և նրա առողջական վիճակը ընտանիքի մյուս անդամների վրա ծանր ազդեցություն է թողնում: Թե՛ ամուսինս և թե՛ տղաս առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու, և մեր նվազագույն կարիքները փորձում ենք հոգալ ամուսնուս թոշակի գումարով: Մասնագիտությամբ իրավաբան լինելով՝ չեմ կարողանում աշխատել, քանի որ զբաղված եմ ամուսնուս խնամքով: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից, որ արձագանքեցին ընտանիքիս խնդիրներին»,- ասաց տիկին Հասմիկը:
Կարինե Սուգիկյան