Բարի գործին հետամուտ անձը նախ ինքն է հարստանում. նրա հոգին լիանում է լույսով, ուրախությամբ և խաղաղությամբ: Ամանորի նախաշեմին այդ հոգեպարար լույսը, ուրախությունն ու խաղաղությունն էին վայելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց միությունը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ՝ տիկնանց միությունը ողջ տարվա ընթացքում բարեգործական նպատակով մի շարք ձեռնարկներ և միջոցառումներ է կյանքի կոչել: Արդյունքում, միությունը կարողացավ դրամական օգնությամբ աջակցել համայնքի սիրիահայ կարիքավոր ընտանիքների: Դեկտեմբերի 26-ին Տեր Գրիգորի գլխավորությամբ միության ատենապետուհի՝ Զարուհի Համալյանը երեսունհինգ սիրիահայ ընտանիքների հանձնեց դրամական օգնություն: Ընտանիքներն անչափ զգացված էին իրենց հանդեպ ցուցաբերված ուշադրության և աջակցության համար:
«Համայնքային կյանքում առկա սերը, ուշադրությունն ու հոգատարությունը հոգևոր մեծ ուրախություն է պատճառում բոլորիս: Հայր Աստված երկիր ուղարկեց Որդի Աստծուն, որպեսզի աշխարհը ճանաչի, թե ինչ է սերը և սովորի սիրել: Իսկ առանց Աստծո Սերն ունենալու մեր սրտերի մեջ, մենք հոգևոր մահ կապրենք և բնականաբար զուրկ կլինենք այն աստվածային խաղաղությունից, ուրախությունից ու սփոփանքից, որ միմիայն Կյանքի Աղբյուրն է պարգևում: Մեր Տերը, երկիր գալով, մարդացավ, որպեսզի մարդը կարողանա կրկին Աստծո որդի դառնալ: Այսպիսին է Բարձրագույն Սիրո դրսևորումը, որն իրենը չի փնտրում, այլ զոհում է իրեն հանուն ուրիշի (Ա Կորնթ. 13:5)»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան