Յուրաքանչյուր ընտանիքի մեծ ուրախություն է պատճառում երեխայի ծնունդը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը ևս ապրեց այդ ուրախությունը, համայնքի անդամների թիվը համալրվեց ևս երկուսով. Սաֆարյան ընտանիքում լույս աշխարհ եկան զույգ զավակներ Սամվել և Նարեկ Սաֆարյանները: Նորածինների մայրը՝ Մկրտչյան Աննան, ցանկացավ իր գոհունակությունն առ Աստված հայտնել՝ որևէ կարիքավոր ընտանիքի օգնելով: Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Սաֆարյան ընտանիքի ցանկությունն իրագործելով, Խաչատրյան կարիքավոր ընտանիքին հանձնեց Սաֆարյանների կողմից տրամադրված դրամական օգնությունը (50 000 դրամ): Խաչատրյան Նաիրան (54 տ.) իր չափահաս որդու, մոր և եղբոր հետ բնակվում է Տերյան 1/12 հասցեում: Նաիրայի եղբայրը 1-ին խմբի հաշմանդամություն ունի, անկողնային հիվանդ է, մայրն էլ 2-րդ խմբի հաշմանդամ է: Նաիրան նույնպես առողջական խնդիրներ ունի, նրա մոտ չարորակ ուռուցք են հայտնաբերել, վիրահատության է ենթարկվել, բայց, գումար չունենալու պատճառով, չի կարողանում հետվիրահատական բուժումներն անցնել: «Ես ի վիճակի չեմ աշխատելու, տղաս էլ չի կարողանում աշխատանք գտնել: Հաշմանդամության թոշակների գումարներով փորձում ենք գոյատևել»,- ասաց Նաիրան՝ իր երախտագիտությունը հայտնելով Տեր Գրիգորին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին:
Քրիստոնյան Աստծո հանդեպ իր հավատն արտահայտում է բարի գործերով, որոնք ոչ թե ապացուցում են նրա հավատքն առ Աստված, այլ այն, որ ճշմարիտ հավատքից հնարավոր չէ բարին չբխի, բարին, որ ի կատար է ածվում ի փառս Աստծո:
Կարինե Սուգիկյան