Դատավորի կիրակիի քարոզ

Դատավորի կիրակիի քարոզ | Datavori Kirakii Qaroz

Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Գիտեք արդեն, որ Մեծ Պահքի Միջինքն անցել է, այսինքն կիսվել է պահոց շրջանն ու այս կիրակին չհաշված, երկու կիրակի է մնացել մինչ Սուրբ Հարության տոնը: Այս հինգերորդ կիրակին, ահա, կոչվում է Դատավորի կիրակի: Ինչպես նախորդ կիրակիները, այս մեկը ևս, իր անունը ստացել է մեր Սուրբ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկից, որ շարադրված է Ղուկասի Ավետարանի 18-րդ գլխում և կոչվում է Անիրավ դատավորի առակը: Հիսուս պատմում է, որ մի քաղաքում մի դատավոր էր ապրում, որ ո՛չ Աստծուց էր վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Մի անիրավ ու անարդար մարդ էր: Այդ քաղաքում մի այրի կին էլ կար, որ անընդհատ գնում էր այդ դատավորի մոտ ու խնդրում, որ իր գործը քննի ու պաշտպանի իրեն թշնամիներից: Քանի որ ուրիշ մեկը չկար, որ պաշտպաներ այդ խեղճ կնոջն ու հոգ տաներ նրա մասին, ուստի ստիպված ամեն օր գալիս էր այդ դատավորի մոտ ու նույնն էր խնդրում: Եվ վերջապես մի օր էլ այս դատավորի համբերությունը հատում է և ինչպես ինքն է ասում, որ թեև չի ամաչում մարդկանցից և ոչ էլ Աստծուց է վախենում, պիտի այդ կնոջ դատը անի, քանի որ, եթե չանի` այդ կինն իրեն հանգիստ չի թողնի և իր համառությամբ անընդհատ պիտի ձանձրացնի իրեն: Ուրեմն ավելի լավ է քննի այդ դատն ու ազատվի այդ կնոջից: Եվ առակն ավարտելով, Հիսուս անմիջապես բացահայտում է այս առակի իմաստն` ասելով, որ եթե այս անարդար մարդը, տեղի տալով այրու համառ խնդրանքներին,  օգնեց նրան, ուրեմն որքան առավել ձեր Սիրող Հայրը, Երկնային Արդար Դատավորը ձեր դատը պիտի անի և ձեր խնդրանքներին պատասխանի, եթե մաքուր սրտով, առանց վախենալու ու հոգնելու դիմեք Նրան:

Անընդհատ ու սիրով արված աղոթքի անհրաժեշտության մասին, սիրելիներ, կարդում ենք նաև առակի առաջին տողերում, որտեղ ավետարանիչն ասում է, որ մարդիկ ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան: Հետևաբար այս առակը հարատև ու հետևողաբար արվող աղոթքի մասին է:

Սուրբ Աստվածաշունչն ու եկեղեցու հայրերն անընդհատ կրկնում են, որ մարդ չպետք է աղոթելուց ձանձրանա և յուրաքանչյուր պարագայում անընդհատ պիտի աղոթի: Եվ առակն էլ պարզաբանում է, թե Աստված ինչպես է պատասխանում այդ աղոթքներին:

Մենք շատ անգամ համոզում ենք ինքներս մեզ, թե աղոթեցի Աստծուն, բայց պատասխան չստացա: Կամ Աստված չլսեց իմ աղոթքը: Այսպես ենք տրամաբանում մենք, որովհետև շատ արագ ու միշտ դրական պատասխան ենք ակնկալում Նրանից: Սակայն մոռանում ենք, որ Աստված միշտ մեզ հետ է, միշտ լսում է մեզ ու մեր բարին է ցանկանում, և եթե ուշացնում է մեր աղոթքների պատասխանը` ուրեմն ծանրակշիռ պատճառ ունի դրա համար:

Վստահաբար, սիրելի հավատացյալներ, Աստծո համար դժվար չէ մեր խնդրանքներն ամբողջությամբ ու միանգամից կատարել: Բայց եկեք միասին քննենք, թե որոնք կարող են լինել ուշացնելու պատճառները: Հաճախ մեր կյանքը` դժվարությունների ու փորձությունների միջոցով, առիթ է հանդիսանում, որ մենք վերջապես իրական շփման մեջ մտնենք Աստծո, մեր մերձավորների ու վերջապես` ինքներս մեզ հետ: Որովհետև կյանքի այս դժվարին պայմաններում մենք հաճախ խճճվում ենք, շփոթվում, չենք հասկանում, թե ուր ենք գնում, տարիներն անցնում են և այդպես էլ ժամանակ չենք գտնում ինքներս մեզ հետ խոսելու, հասկանալու, թե որոնք են մեր իրական կարիքները: Աստծուց պահանջում ենք, սակայն ինքներս պատրաստ չենք այդ ուղղությամբ որևէ բան անելու: Պատրաստ չենք Աստծո կամքի համաձայն գործելու: Այսինքն աղոթքը մեր սրտից բխած խոսքն է ոչ միայն Աստծո, այլև` մեր անձի, մեր սրտի հետ: Իսկ ինչ վերաբերվում է մեր կարիքներին, ապա հիշենք, թե ինչ էր ասում Հիսուս Լեռան քարոզի մեջ. «Աղոթք անելիս շատախոս մի՛ լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք (Մատթ. 6:7, 8): Արդ, եթե Աստված գիտե, թե մեզ ինչ է անհրաժեշտ, առանց մեր խնդրելու, ուրեմն էլ ինչո՞ւ պիտի աղոթենք: Նրա համար, սիրելիներ, որ ինչպես վերևում նշեցի. «Աղոթքը խոսք է ոչ միայն Աստծո, այլև` ինքներս մեզ հետ»: Որպեսզի անընդհատ Տիրոջն աղոթելով` ճանաչենք նաև ինքներս մեզ: Տերը կարծես ժամանակ է տալիս մեզ հասկանալու, թե իսկապե՞ս մեր խնդրածի կարիքն ունենք ու պատրա՞ստ ենք արդյոք ընդունելու այն, ինչ խնդրում ենք: Եվ շատ հաճախ, երբ մենք խնդրում ենք նաև ուրիշների համար, այնպես է պատահում, որ խնդրելու այդ ընթացքն ավելի կարևոր նշանակություն է ունենում, քան արդյունքն ինքը:

Շարունակելով Լեռան քարոզը` Հիսուս ավելացնում է. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է։ Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա։ Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա» (Մատթ. 6:32-35):

Արդ, սիրելիներ, մեր Երկնային Հայրը, որպես հոգատար ու սիրող ծնող, նախ չի շտապում մեզ տալ այն ամենն, ինչի մասին խնդրում ենք, այլ համբերատար սպասում է, որ նախ կողմնորոշվենք, այնուհետև հավատով ու հետևողականորեն անենք մեր աղոթքները ու դրանից հետո միայն տալիս է մեզ այն, ինչն ի օգուտ մեզ է: Որովհետև, երբ մեր սիրտն ինչ-որ բան է կամենում, լինի դա նյութական կամ ոչ, որքան էլ որ դա ցանկալի թվա մեզ, մենք չենք կարող համոզված լինել, որ այն ի օգուտ մեզ է լինելու: Քանի որ մեր հոգևոր տեսադաշտը սահմանափակ է և մենք ի զորու չենք տեսնելու, թե մեր այդ խնդրածն ինչ է բերելու մեզ հետագայում: Իսկ մեր Բարեխնամ Հայրը, Ում իշխանության տակ է ժամանակը, տարածությունն ու ամեն իմաստությունը, տեսնում է ամեն բան նախապես և բնականաբար միայն Ինքը գիտե, թե որն է ի օգուտ մեզ լինելու:

Հայտնություն արած չեմ լինի, սիրելիներ, եթե ասեմ, որ մարդկային մեղավոր բնույթն այնպիսին է, որ երբ ամեն բան կարգին է մեզ մոտ, մենք ընդունակ ենք երկար ժամանակով մոռանալու Աստծո մասին: Իսկ, երբ չենք ստանում մեր ուզածը, ապա հարատև աղոթքի միջոցով կրկին ու կրկին Աստծուն ենք դիմում: Լինում են դեպքեր, երբ հիվանդության ժամանակ խնդրում ենք Աստծուն, սակայն ապաքինում չենք ստանում: Բայց հիվանդությունն առիթ է հանդիսանում, որպեսզի մենք վերջապես սկսենք հասկանալ ու օգնել այն մարդկանց, որ երկար ժամանակ մեր կողքին լուռ տառապում էին: Վերջապես գնահատենք այն, ինչ ունենք ու երախտապարտ լինենք Աստծուն:

Արդ, սիրելի քույրեր և եղբայրներ, հասկացանք, որ երբ Տերն անմիջապես չի կատարում մեր խնդրանքները, դա պատահականություն չէ, այդտեղ պատճառ կա: Սակայն հասկացանք նաև, որ այս առակի այրուն պիտի նմանվենք աղոթելու պարագային: Մանավանդ, երբ հայտնվում ենք դժվարին իրավիճակներում, պետք է հավատով, համբերությամբ ու առանց հուսահատվելու նորից ու նորից դիմենք մեր Արդար Հորը, մեր բարի գործերով ցույց տանք, որ արժանի ենք ու հավատանք, որ անպայման պատասխանը ստանալու ենք: Գործիք դառնանք մեր Տիրոջ համար այս աշխարհում գործելու: Պողոս Առաքյալն ասում է, որ Եկեղեցին է Քրիստոսի մարմինը: Իսկ ո՞վ է այդ Եկեղեցին, եթե ոչ մենք: Ուրեմն անիմաստ է, եթե մենք աղոթենք աղքատների համար, բայց երբ չունևոր մեկին հանդիպենք, թեքենք մեր գլուխներն ու երես դարձնենք նրանցից: Ի՞նչ արժեք պիտի ունենա այդ աղոթքը: Կամ, եթե աղոթենք խաղաղության համար, սակայն շարունակենք դատել, բամբասել ու չներել միմյանց: Ուստի որքան էլ աղոթենք` Աստված չի կարող կատարել մեր խնդրածը, որովհետև մենք միայն Աստծո հետ ենք խոսում և ոչ թե մեր հետ: Պիտի հասկանանք, որ ինքներս էլ քայլ պիտի անենք: Մարդկանց ձեռքերում է այս աշխարհի խաղաղությունը, համերաշխությունը, կարիքավորներին օգնելը և այլն:

Սիրելի հավատացյալներ, չեմ ձանձրանա նորից ու նորից կրկնել, որ Մեծ Պահքի այս շրջանը հրաշալի մի առիթ է խորհելու ու լիովին գիտակցելու, որ մենք բոլորս Քրիստոսի մարմնի մի մասն ենք: Եվ շարունակենք աղոթել Աստծուն և նաև մեր անձերի հետ խոսենք, որ Աստված լուսավորի մեր սրտերը, ուժ ու կարողություն տա, որ ուրիշների կյանքերում ևս Աստծո ներկայությունը զգալի դարձնենք: Չթուլացնենք մեր աղոթքները, հաստատակամ լինենք, բայց միևնույն ժամանակ խոնարհ` մեր աղոթքներում ու չդատենք այլոց: Եվ թող Աստված զորացնի մեզ` մեր այս ջանքերում, որպեսզի արժանի լինենք փառավորելու` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտնից. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

15.03.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․