Դեպի Աստված տանող հոգենորոգ ուղիներից մեկը

Դժվար է լեռ բարձրանալ, երբ չես տեսնում լեռան գագաթը և չես գիտակցում լեռ բարձրանալու նպատակը: Քրիստոնյայի ուղին էլ, բազմաթիվ դժվարություններով հանդերձ, վերելք է, որ հստակ նպատակակետ ունի. կատարելության ուղով հաստատակամ դեպի բարձունք՝ դեպի Աստված, ընթանալ: Այդ վերելքի ճանապարհին քրիստոնյաները զորանում են միմյանց հետ հաղորդակցությամբ, միասնական և փոխադարձ աղոթքներով, ուխտի ճանապարհներով, Ս. Պատարագին մասնակցությամբ ու առաքինազարդ կյանքով:  

Մայիսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ուխտի ճանապարհ անցավ՝ ուղևորվելով դեպի Կոտայքի և Գեղարքունիքի թեմերի սրբավայրեր: Համայնքի միասնական աղոթքները հնչեցին Կոտայքի թեմի Զորավանի Զորավար կամ Ս. Թեոդորոս եկեղեցում (7-րդ դ.), Գեղարքունիքի թեմի Ծաղկունքի Ս. Հարություն, Ս. Սարգիս (7-րդ դ.) և Դդմաշենի Ս. Թադեոս (7-րդ դ.) եկեղեցիներում: Ուխտավորների շուրթերից հնչած միասնական աղոթքներն ուղղված էին Հայոց աշխարհի և Հայ եկեղեցու զորացմանն ու շենացմանը: Հոգենորոգ ուղին ևս մեկ անգամ զորացրեց ուխտավորներին դեպի Աստված տանող ճանապարհին:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Եկե՛ք Ինձ մոտ դուք բոլո՛րդ, հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և Ես պիտի հանգիստ տամ ձեզ: Վերցրե՛ք Իմ լուծը ձեզ վրա և սովորեցե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք, քանի որ Իմ լուծը տանելի է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:28-30): Տերն ասաց՝ Իմ բեռը թեթև է. հավատը քրիստոնյայի համար ծանր բեռ չէ, այլ հոգին դեպի երկինք բարձրացնող թևեր: Դեպի Աստված տանող ուղին գուցե լի է խոչընդոտներով ու դժվարություններով, բայց Տերն Իր հետևորդների հետ է, բավական է միայն սրտանց աղոթել, և Տերն Իր վրա կվերցնի Իրեն հուսացողների հոգսերը ու վերելքը կդառնա դյուրանցելի: Քրիստոս քրիստոնյայի կյանքի իմաստն է, քանի որ Ինքն է կյանքը (Հովհ. 14:6): Եվ որքան էլ մարդկության թշնամին ջանք թափի, չի կարող հաղթել եկեղեցուն, քանի որ Քրիստոսի խոսքի համաձայն՝ դժոխքի դռներն այն չպիտի հաղթահարեն (Մատթ. 16:18), չի հաղթահարի, քանի որ Քրիստոս Իր հետևորդների հետ է մինչև աշխարհի վախճանը:

 

Կարինե Սուգիկյան

 

07.05.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․