21 Դեկտեմբեր, Շբ
Դիակիզումը կռապաշտութեան մի ձեւ է: Աստուածաշնչում նշուած շատ օրինակներ կան, երբ մարդկանց ողջ-ողջ այրելով՝ զոհաբերութիւն էին մատուցում կուռքերին: Աքազ թագաւորը Իսրայէլի թագաւորների ճանապարհով ընթացաւ ու բահաղների ձուլածոյ կուռքեր շինեց եւ «իր որդիներին կրակի միջով անցկացրեց՝ կատարելով այն հեթանոս ազգերի գարշելի գործերը» (Բ. Մնաց. 28, 3: Բ. Թագ. 16, 2-3): Երբ հրէաները, Աստծուն ուրանալով, չաստուածներ պաշտեցին՝, վերցնելով նրանց կերտած հորթը, «Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի» (Ելք 32, 20): Դաւիթ թագաւորը հրամայեց, որ կրակով այրեն կռապաշտներին (Ա. Մնաց. 14, 12): Կրակով այրեցին նաեւ Բահաղի մեհեանի արձանը (Դ. Թագ. 10, 26): Այիացիները կուռքեր պատրաստեցին ու Սեփփարուիմացիները «կենդանի վառում էին իրենց որդիներին Սեփարուիմի չաստուածներ՝ Ադրամելէքի ու Ամամելէքի համար վառուող կրակով» (Դ. Թագ. 17, 31): Յուդայի ժողովուրդները Ենոմացիների ձորում կուռքեր շինեցին եւ իրենց տղաներին ու աղջիկներին կրակով այրեցին. «Արդարեւ, - ասում է Տէրը, - Յուդայի որդիները չարութիւն արին իմ առաջ. իրենց գարշելի աստուածներին կարգեցին իմ անունը կրող Տան մէջ, որպէսզի պղծեն այն։ Նաեւ Ենոմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մէջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտուեցի եւ ոչ էլ մտքովս անցկացրի» (Երեմ. 7, 31): Շատ այլ օրինակներ էլ կան[1]: