Երկինք, լեռներ, արև, ծով, աղ, ջուր, հաց, գինի, ձեթ, ոսկի, անապատ. Աստծո կողմից արարված այս օրինակներով բազմաթիվ մեջբերումների կարող ենք հանդիպել Սբ. Գրքում՝ մարդ-Աստված հարաբերության և հոգևոր աշխարհի մասին պատմող:
Վերոնշյալներից աղն ունի առանձնահատուկ նշանակություն: Աղն այժմ այլ կերպ է ընդունվում, քան նախկինում: Այսօր կարող ենք այնքան աղ գնել, որքան որ կամենանք, սակայն այդպես չի եղել միշտ: Հին ժամանակներում աղը մեծ արժեք է ունեցել:
Հին հույն բանաստեղծ Հոմերոսը և փիլիսոփա Պլատոնը աղն անվանում էին աստվածապարգև նյութ: Հին հույները այսպիսի մի ասացվածք ունեն՝ առանց ոսկու հնարավոր է ապրել, իսկ առանց աղի՝ ոչ: Հին հույներն ու հռոմեացիները աղին վերագրում էին պահպանող հատկություն, այստեղից է այն հավատալիքը, որ եթե աղը թափվում է, ուրեմն անհաջողություն է սպասվում և որպեսզի դրա առաջն առնեին, մի բուռ աղ պիտի նետեին ձախ ուսի վրայով: Եղել է ժամանակ, որ հռոմեական լեգեոնները վճարվել են նաև աղով: Աղի բարձրաժեք լինելը պայմանավորված է եղել պատրաստման դժվարություններով, քանի որ չկային այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաները: Որոշ երկրներում էլ աղը համարժեք է եղել ոսկուն: Անգամ աղի հանքավայրերի հետ կապված պատերազմներ են ծագել: Ճանապարհորդ Մարկ Պոլոն (1254-1324թթ.) նկարագրել է, թե ինչպես են Չինաստանում աղե դրամներ պատրաստել:
Աղը Հին Կտակարանում
Բոլոր զոհաբերություններն աղով են մատուցվել. «Ձեր ամեն մի զոհաբերությունը Տիրոջը թող աղով աղվի. ձեր զոհաբերություններից չպակասեցնեք Աստծո ուխտի աղը. բոլոր զոհաբերությունների ժամանակ ա՛ղ մատուցեցեք» (Ղևտացիներ 2:13): Հենց քահանայական ծառայությունը կապված է եղել աղի հետ. «Սրբություններից այն ամենը, ինչ որ իսրայելացիները Տիրոջն են տալիս որպես տուրք, քեզ եմ տալիս, քո զավակներին և քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին: Դա հավիտենական օրենք թող լինի, որովհետև դա Տիրոջ առաջ Աղի ուխտ է քեզ համար և քեզնից հետո քո սերնդի համար» (Թվեր 18:19): Եվ մի ուրիշ տեղ աղի հետ կապված այս պատվերն ենք կարդում Դավթի թագավորության համատեքստում. «Լսեցե՛ք, Հերոբովա՛մ և բոլո՛ր իսրայելացիներ, մի՞թե ձեզ հայտնի չէ, թե Իսրայելի Տեր Աստվածը Իսրայելի թագավորությունն անբեկանելի ուխտով՝ աղի ուխտով, հավիտյան տվել է Դավթին ու նրա որդիներին» (Բ Մնացորդաց 13:5): Եղիսե մարգարեն աղով մաքրեց աղբյուրի ջուրը (Դ Թագավորություն 2:20-22):
Ո՞րն է այս օրինակների իմաստը և ինչո՞ւ է աղը կապվել Աստծուն մատուցվող զոհաբերությունների և Դավթի թագավորության հետ: Մեծ արժեք ունեցող աղը խորհրդանշում է մարդ-Աստված հարաբերության արժեքը: Այն, ինչ որ աղվում է, չի փչանում: Աղի գործածումը զոհաբերության ժամանակ ցույց է տվել ոչ միայն մարդու մեղքերի թողությունը Աստծո առջև, այլ նրա միավորումը Նրա հետ:
Այսպիսով, աղը խորհրդանշում է մարդ-Աստված հարաբերության հաստատուն և անփոփոխ լինելը, որ վերակագնվում է մեղքերի թողության համար մատուցվող զոհաբերությունների արդյունքում: Այս ամենով աղի հետ կապված հոգևոր իմաստները չեն վերջանում: Օրենքով զոհաբերվող միսը իր մեջ չպետք է արյուն պարունակեր, այդ պատճառով մսի վրա մեծ քանակությամբ աղ էին լցնում, որը մսից հանում էր արյունը, այսինքն՝ այն մաքրում էր: Հենց աղի մաքրող հատկանիշի հետ կապված հոգևոր առումով ասաց Հիսուս. «Որովհետև ամեն մարդ կրակով պիտի մաքրվի, ինչպես ամեն զոհ՝ աղով» (Մարկոս 9:49):
Բայց այս ամենով չի ավարտվում աղի նշանակության օրինակները Հին Կտակարանում: Այն խորհրդանշում է նաև անեծք և անպտղություն՝ որպես մեղքի հետևանք: Քանի որ այնտեղ, որտեղ մեծ քանակությամբ աղ կա, ոչինչ չի աճում, կյանք չկա: Վառ օրինակը՝ Մեռյալ ծովն է, ուր աղի խտությունը շատ բարձր է, ջրում կյանք չկա, ափերը անապատ են: Ծովի տեղում են գտնվել մարդկանց մեղքի պատճառով Աստծո բարկության արդյունքում կրակով և ծծումբով այրված Սոդոմ և Գոմոր քաղաքները: Հիշենք նաև Ղովտի կնոջը, ով, Աստծո խոսքը խախտելով, աղե արձան դարձավ (Ծննդոց 19:26):
«Պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց՝ նրա բնակիչների չարության դիմաց» (Սաղմոս 106:34):
Մի կողմից աղը խորհրդանշում է մարդ-Աստված հարաբերության անխախտելիությունը, մյուս կողմից՝ մեղքի արդյունքը: Երբ մարդը հաղորդակցվում է Աստծո հետ, ապա իր մեջ ունի աղ, այսինքն՝ իմաստավորված է իր գոյությունը: Եվ հակառակը, առանց այդ հաղորդակցության ի հայտ են գալիս մեղքի հետևանքները:
Աղը Նոր Կտակարանում. ո՞վ է երկրի աղը
«Դուք եք երկրի աղը»-ը. այսպես անվանեց Քրիստոս Իր առաքյալներին՝ ցույց տալով, որ նրանք նույնքան կարևոր են աշխարհի համար, որքան աղը՝ սննդի համար: Մարկոսի Ավետարանում Հիսուս Իր առաքյալներին ասում է. «Աղ ունեցեք ձեր մեջ և իրար հետ խաղաղությամբ ապրեցե՛ք» (Մարկոս 9:50): Փրկչի այս խոսքերը մեկնաբանվում են որպես կոչ՝ քրիստոնեական ոգի և հավատ ունենալու:
Ինչպես աղը սննդին, այնպես էլ քրիստոնյան իր ներկայությամբ առանձնահատուկ համ է տալիս կյանքին: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Ձեր խոսքերը թող լինեն միշտ շնորհալի, աղով համեմված, և իմացե՛ք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուր մարդու» (Կողոսացիներ 4:6): Քրիստոնյաներին շրջապատող մարդիկ տեսնում են, որ այնտեղ, ուր մարդիկ մեղանչում են, հավատավորները փորձում են ապրել սրբության մեջ, այնտեղ ուր մարդիկ չարությամբ և վրեժխնդրությամբ են լցված, հավատավորը ներում է, ուր անիծում են և չարախոսում, այնտեղ՝ օրհնաբանում է: Քրիստոնյան իր կյանքով ցույց է տալիս, որ կա չարից առավել հզոր բարին:
«Դուք եք երկրի աղը» այս պատվերը, ինչպես նշում է Սբ. Հովհան Ոսկեբերանն իր մեկնության մեջ, ըստ անհրաժեշտության տրվեց՝ ցույց տալու համար առաքյալներին, որ այն միայն իրենց չի վերաբերում, այլ ամբողջ աշխարհին: Քրիստոս Իր առաքյալներին չուղարկեց երկու, տասը, կամ քսան քաղաքներ կամ որևէ ազգի մոտ, ինչպես մարգարեներին, այլ ուղարկեց ողջ աշխարհով մեկ քարոզելու, որ լի է չարությամբ: «Դուք եք երկրի աղը» խոսքերով Քրիստոս ցույց տվեց, որ ողջ մարդկությունը մեղքի հետևանքով խավարել է և վնասվել: Այդ պատճառով Նա Իր առաքյալներից պահանջում էր այնպիսի բարեգործություն, որն առանձնահատուկ կերպով օգտակար կլինի ուրիշներին շտկելու համար: Իրականում, ըստ սրբի, խոնարհ, ողորմած, արդար, խաղաղարար և մաքուր սիրտ ունեցող մարդը միայն իր համար չէ, որ բարիք է գործում, այլ փորձում է այդ բարության աղբյուրները տարածել նաև ընդհանուրի օգուտի համար: Առաքյալները, ըստ պատվերի, ոչ թե պետք է ուղղեին այն, ինչն արդեն լիովին վնասվել էր, ինչպես աղի դեպքում, որ չի կարող օգուտ տալ արդեն փչացած սննդին, այլ այն, ինչ նախկինում ուղղել էր Տերը:
Հայ եկեղեցում բարեպաշտական արարողություններից մատաղի ժամանակ, հնավանդ սովորության համաձայն, նախ աղն են օրհնել տալիս և ապա կերակրում մատաղացու կենդանուն: Աղը երբեմն չարի դեմ պահպանման խորհրդանիշ է եղել, այդ իսկ պատճառով վաղ քրիստոնեական շրջանում մկրտվող երեխայի բերանը աղ էին դնում՝ իբրև համ տալու նշան:
Աղի հետ կապված մի շարք դարձվածքներ կան հայ ժողովրդի կողմից հորինված, որ գործածվում են առօրյայում՝ աղ ու հաց ուտել (բարեկամություն անել), աղուհացից կուրացած (ապերախտ մարդ), աղ ու հացով մարդ (հյուրասեր, բարեգործ):
Աղը կենցաղային և ազգագրական նշանակություն ունի, իմաստավորում է հյուրասիրությունն ու ծառաների հավատարմությունը: Հայ ժողովուրդը սովորություն ունի բարձրաստիճան անձանց դիմավորելիս բարի գալուստ մաղթել՝ աղ ու հաց մատուցելով:
Քրիստոնյան չի կարող միայն ինքն իր համար չեզոք կյանքով ապրել, այլ պետք է իր ներկայությամբ մի նոր իմաստ հաղորդի իրեն շրջապատող մարդկանց: Որպես քրիստոնյաներ ապրենք այնպես, որպեսզի իրապես լինենք երկրի աղը: «Արդ, դուք, որ հնազանդվելով ճշմարտությանը՝ սրբեցիք ձեր անձերը, որպեսզի ապրեք անկեղծ եղբայրասիրությամբ, սիրեցե՛ք միմյանց սրտանց, մաքուր սրտով. որովհետև Աստծո կենդանի և մշտնջենական խոսքով դուք վերստին ծնվեցիք, իբրև զավակները ոչ թե մահկանացու մի ծնողի, այլ անմահի: Որովհետև. «Բոլոր մարդիկ նման են խոտի, նրանց ամբողջ փառքն էլ նման է վայրի ծաղկի: Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետրոս 2:22-25):
Կազմեց Գայանե Սուգիկյանը